Կանոնադրություն

«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  • «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (այսուհետ նաև` «կուսակցություն») իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի, սույն կանոնադրության, ինչպես նաև իր ծրագրի հիման վրա:
  • Կուսակցությունը գործում է ժողովրդավարության, հրապարակայնության, թափանցիկության և նախաձեռնությունների ազատ դրսևորման սկզբունքներով, հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով ընձեռված բոլոր իրավունքներից և կրում դրանցով սահմանված պարտականություններ:
  • Կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի շրջանակներում ուղիղ ժողովրդավարության և ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձևավորմանը, մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև ապահովել իր ներկայացվածությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում։
  • Կուսակցության անվանումն է՝

Հայերեն՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, կրճատ` «Քաղաքացու որոշում» կուսակցություն, հապավումը՝ ՔՈՍԴԿ,

Ռուսերեն՝ Социал-демократическая партия «Решение гражданина», կրճատ` Партия “Решение гражданина”, հապավումը՝ СДПРГ)

Անգլերեն՝ “Citizen’s Decision”Social-Democratic Party, կրճատ` Party “Citizen’s Decision”,  հապավումը՝  SDPCD )։

  • Կուսակցությունն ունի խորհրդանշան, ձևաթուղթ, կլոր կնիք, բանկային հաշիվներ, այդ թվում՝ արտարժույթով։
  • Կուսակցությունը ունի խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է մատիտի տեսքով երկրաչափական պատկեր, որի վերևի հատվածը ներկված է բաց կանաչ գույնով, որի վրա սպիտակ գույնով գրված է ՔՈ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Խորհրդանիշի ներքևի հատվածում պատկերված է ընտրություն խորհրդանշող մոխրագույն գույնի V-աձև նշանը:
  • Կուսակցությունը իրավունք ունի.
    • օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը, առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի, ինչպես նաև Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանու անդամի թեկնածուներ:
    • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից։
    • Ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները։
    • Առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ)
    • Իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:
  • Կուսակցության իրավաբանական հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,Մաշտոցի 45Ա շենք, 114 արվեստանոց:
  1. ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
  • Անդամը. Կուսակցության անդամ կարող է լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին, ով ընդունում է կուսակցության սկզբունքները, արժեքները ու կանոնադրությունը, չի հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ և պատրաստ է վճարել կուսակցության անդամավճարը:
  • Անդամության դիմումը. Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, անձնական դիմումի համաձայն, որը ներկայացվում է դիմումը ներկայացրած անձի մշտական բնակության վայրի (կամ այդ վայրին աշխարհագրորեն առավել մոտ գտնվող) կուսակցության տարածքային ստորաբաժանում։ Կուսակցությանն անդամակցելու դիմումը կարող է նաև ներկայացվել օնլայն եղանակով՝ լրացնելով դիմումը կուսակցության պաշտոնական ինտերնետային կայքում։
  • Դիմումի քննարկումը. Անդամության մասին բոլոր դիմումները ստանալուց հետո 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում են գործադիր մարմնին կից գործող անդամության հանձնաժողով։ Անդամության հանձնաժողովը դիմումը ստանալու օրվանից 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է ներկայացնում գործադիր մարմնին՝ դիմումատուին որպես կուսակցության անդամ գրանցելու կամ անդամակցությունը մերժելու մասին։ Ներկայացված եզրակացության հիման վրա գործադիր մարմինը կայացնում է դիմումատուին որպես կուսակցության անդամ գրանցելու կամ անդամակցությունը մերժելու մասին որոշում։
  • Անդամության հանձնաժողովի իրավասությունը. Անդամության դիմումը կարող է մերժվել անդամության հանձնաժողովի հայեցողությամբ։ Դիմումը քննարկելիս՝ անդամության հանձնաժողովը հնարավորության դեպքում պետք է դիմումատուի մասին հարցում կատարի վերջինիս բնակության վայրի (կամ այդ վայրին աշխարհագրորեն մոտ գտնվող) տարածքային ստորաբաժանում։ Անդամության հանձնաժողովը կարող է սահմանել դիմումը քննության առնելու համար լրացուցիչ ժամկետ կամ գրանցել դիմումատուին որպես կուսակցության անդամ։ Գործադիր մարմինն իրավասու է իր որոշմամբ սահմանել կուսակցությանն անդամակցող անձանց փորձաշրջանի անցկացման դեպքերը, կարգը և փորձաշրջանի մեջ գտնվող անձանց կարգավիճակը:
  • Անդամության դադարելու հիմքերը. Անդամությունը դադարում է՝
  • Դիմումի հիման վրա,
  • Կուսակցությունից հեռացվելու դեպքում,
  • Մահվան դեպքում,
  • Կուսակցության լուծարման դեպքում։
    • Կուսակցության համակիրները.Գործադիր մարմինն իրավասու է իր որոշմամբ սահմանել կուսակցության համակիրների գրանցման կարգը, ինչպես նաև նրանց իրավունքները և պարտականությունները:
    • Անդամության կասեցումը.Գործադիր մարմինն իրավասու է իր որոշմամբ սահմանել կուսակցության անդամության կասեցման, հեռացման կարգն ու հիմքերը:
    • Կարգապահական պատասխանատվություն. Կուսակցության կանոնադրությամբ նախատեսված պարտականությունները կամ կուսակցական մարմինների որոշումներն անհիմն չկատարելու դեպքում կուսակցության անդամը կարող է ենթարկվել հետևյալ կարգապահական պատասխանատվության`
  • նկատողություն.
  • կուսակցությունից հեռացում։
    • Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը. Կուսակցության անդամը կարող է հեռացվել կուսակցությունից վերահսկիչ հանձնաժողովի առաջարկությամբ` գործադիր մարմնի որոշմամբ։ Կուսակցության անդամի նկատմամբ նկատողություն կարող է կիրառել միայն վերահսկիչ հանձնաժողովը։ Կուսակցության գործադիր մարմինը կարող է վերահսկիչ հանձնաժողովի առաջարկով սահմանել կուսակցության անդամների նկատմամբ կարգապահական և խրախուսանքի միջոցներ կիրառելու մանրամասն կարգը:
  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  • Կուսակցության անդամն իրավունք ունի՝
    • ընտրել և ընտրվել կուսակցության տարածքային ու ոլորտային ստորաբաժանումների, վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև որևէ այլ կուսակցական մարմիններում (գործադիր մարմին, քաղխորհուրդ, վերահսկիչ հանձնաժողով և այլն).
    • տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ.
    • կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել տարբեր հանրային կամ կուսակցական նշանակության հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ` սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով.
    • առանց ձայնի իրավունքի մասնակցել գործադիր մարմնի, քաղխորհրդի կամ տարածքային ստորաբաժանումների նիստերին, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ.
    • դուրս գալ կուսակցության շարքերից` իր դիմումի համաձայն.
    • բողոքարկել կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները կուսակցության գործադիր մարմին.
    • կասեցնել և վերականգնել իր անդամությունը կուսակցությանը՝ ըստ սահմանված կարգի.
    • օգտվել օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
  • Կուսակցության անդամը պարտավոր է՝
    • գործել կուսակցության կանոնադրության համաձայն.
    • կատարել կուսակցության համաժողովի, կուսակցական մարմինների որոշումները.
    • պարբերաբար մասնակցել իր մշտական բնակության վայրի (կամ այդ վայրին աշխարհագրորեն ավելի մոտ գտնվող) կուսակցական տարածքային մարմինների ժողովներին և կազմակերպած միջոցառումներին.
    • վճարել անդամավճար՝ սահմանած չափով և կարգով,
    • կատարել օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ: 
  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
  • Բարձրագույն ղեկավար մարմինը.Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համաժողովն է։
  • Հերթական համաժողովի հրավիրումը.Կուսակցության առաջին հերթական համաժողովը հրավիրվում է կուսակցության պետական գրանցման օրվանը հաջորդող 24-րդ (քսանչորսերորդ) ամսվա ընթացքում։ Կուսակցության ամեն հաջորդ հերթական համաժողովը հրավիրվում է նախորդ հերթական համաժողովի հրավիրման օրվանը հաջորդող 24-րդ (քսանչորսերորդ) ամսվա ընթացքում։
  • Արտահերթ համաժողովի հրավիրումը. Հերթականից բացի բոլոր մյուս համաժողովները համարվում են արտահերթ։ Արտահերթ համաժողովը հրավիրվում է՝
    • գործադիր մարմնի անդամների 2/3-ի առաջարկով,
    • կուսակցության անդամների ընդհանուր թվի 25 (քսանհինգ) տոկոսի առաջարկով, կամ
    • վերահսկիչ հանձնաժողովի առաջարկով։
  • Համաժողովի լիազորությունները. Համաժողովի բացառիկ լիազորությունները չեն կարող փոխանցվել կամ պատվիրակել որևէ այլ մարմնի։ Համաժողովի բացառիկ լիազորություններն են՝
    • կուսակցության կանոնադրության հաստատումը և ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը, բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների.
    • գործադիր մարմնի անդամների ընտրությունը և նրանց վաղաժամկետ հետ կանչելը.
    • կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը և նրանց վաղաժամկետ հետ կանչելը.
    • բյուջեների կատարման մասին վերահսկիչ հանձնաժողովի եզրակացության հաստատումը։ Այս հարցն ընդգրկվում է հերթական համաժողովի պարտադիր օրակարգում.
    • հաստատում է համապետական ընտրությունների ամբողջական ընտրացուցակները.
    • վերահսկիչ հանձնաժողովի և տարածքային ստորաբաժանումների կազմալուծումը.
    • կուսակցության վերակազմակերպումը և լուծարումը։
  • Համաժողովի քվորումը. Կուսակցության համաժողովն իրավազոր է, եթե նրան ներկա են համաժողովի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ:
  • Որևէ հարցի քննարկումը. Համաժողովի նիստին ներկա պատվիրակների ձայների 25 (քսանհինգ) և ավելի տոկոսով նիստի օրակարգում կարող է ընդգրկվել որևէ հարց, եթե այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը օրենքով կամ սույն կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։
  • Համաժողովի որոշումների ընդունումը. Համաժողովի որոշումներն ընդունվում են դրան մասնակցող պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնադրությամբ։ Համաժողովի որոշումները բեկանելի չեն և կարող են փոփոխվել միայն համաժողովի կողմից։
  • Համաժողովի պատվիրակները. Կուսակցության մինչև 1,000 (մեկ հազար) անդամ ունենալու դեպքում կուսակցության յուրաքանչյուր անդամ կուսակցությանն անդամակցելով ինքնաբերաբար ընտրվում է որպես կուսակցության համաժողովին մասնակցելու իրավունք ունեցող պատվիրակ։ Կուսակցության 1,000-ից (հազարից) ավել անդամ ունենալու դեպքում, կուսակցության առավելագույնը 10 (տասը) անդամ իրավունք ունեն գրավոր լիազորելու կուսակցության որևէ այլ անդամի, որ վերջինս պատվիրակի կարգավիճակում մասնակցի համաժողովին լիազորող անդամների անունից։ Համաժողովի պատվիրակների ընտրության և մասնակցության այլ կարգ կարող է սահմանվել Գործադիր մարմնի կողմից:
  • Համաժողովի պատվիրակների ձայները.Եթե պատվիրակը համաժողովին չի ներկայացնում կուսակցության որևէ այլ անդամի, պատվիրակը համաժողովին ունի 1 (մեկ) ձայնի իրավունք։ Եթե պատվիրակն իրենից բացի համաժողովին ներկայացնում է նաև կուսակցության այլ անդամների, այդ պատվիրակի ձայների քանակը հավասար է իր 1 (մեկ) ձայնի և իրեն լիազորած կուսակցության անդամների ձայների գումարին։
  • Համաժողովի հրավիրման կարգը. Հերթական և արտահերթ համաժողովների հրավիրումը կազմակերպում է գործադիր մարմինը։ Գործադիր մարմինը համաժողովի հրավիրման օրվանից առաջ 15 (տասնհինգ) օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով (email, skype, telegram, facebook կամ այլ) գրավոր ծանուցում է կուսակցության յուրաքանչյուր անդամին համաժողովի հրավիրման մասին։ Այդ ծանուցումը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները՝
    • համաժողովի հրավիրման վայրը, ամսաթիվը և ժամը,
    • համաժողովն էլեկտրոնային եղանակով (skype, telegram, facebook կամ այլ) անցկացնելու մասին տեղեկություններ,
    • համաժողովի օրակարգը,
    • համաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ելույթ ունենալու կամ գրավոր կարծիք ներկայացնելու կարգը,
    • համաժողովին կապի միջոցներով (email, skype, telegram, facebook կամ այլ) մասնակցելու կարգը,
    • համաժողովին քվեարկելու կարգը։
  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
  • Գործադիր մարմնի դերը. Կուսակցության մշտապես գործող կոլեգիալ ղեկավար մարմինն է գործադիր մարմինը, որը հաշվետու է համաժողովին։
  • Գործադիր մարմնի կառուցվածքը. Գործադիր մարմինը բաղկացած է 15 (տասնհինգ) անդամից, որոնցից մեկը գործադիր մարմնի ղեկավարն է՝ քարտուղարը։ Քարտուղար է ընտրվում այն անձը, ով գործադիր մարմնի անդամների ընտրություններին հավաքում է առավելագույն ձայների քանակը։ Այն դեպքում, երբ առավելագույն ձայների քանակը հավաքել է մի քանի անձ, քարտուղար է ընտրվում վիճակահանությամբ։
  • Գործադիր մարմնի անդամների առաջադրումը. Գործադիր մարմնի անդամների թեկնածուներն առաջադրվում են ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ, և ոչ ուշ, քան 2 (երկու) աշխատանքային օր առաջ` ինքնառաջադրման կամ կուսակցության անդամ/ներ/ի կողմից առաջադրման եղանակով: Բոլոր թեկնածուները պարտավոր են ընտրություների օրվանից առնվազն 2 (երկու) աշխատանքային օր առաջ կուսակցության անդամներին էլեկտրոնային եղանակով ներկայացնել իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթները, հետաքրքրության նամակը և ինքնակենսագրականը: Գործադիր մարմինն իրավասու է իր որոշմամբ սահմանել գործադիր մարմնի անդամների թեկնածուների առաջադրման կարգը, որը չի կարող հակասել սույն կանոնադրությանը։
  • Գործադիր մարմնի անդամների ընտրությունը. Գործադիր մարմնում անդամության համար առաջադրված թեկնածուներն ընտրվում են համաժողովի կողմից՝ վարկանիշային ընտրության սկզբունքով։ Կուսակցության յուրաքանչյուր անդամ, ընտրություն իրականացնելիս, նշում է գործադիր մարմնի անդամների թվաքանակին համապատասխան թեկնածուների անունների ցուցակ: Գործադիր մարմնի անդամների թվաքանակից ավել կամ պակաս անուն ընդգրկող քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվում։ Հաշվարկն իրականացվում է պարզ սկզբունքով. կուսակցության գործադիր մարմնի անդամի յուրաքանչյուր թեկնածուի անվան ամեն հիշատակում նրան բերում է 1 (մեկ) միավոր։ Քվեարկության արդյունքում ամենաշատ միավոր վաստակած թեկնածուները ընտրվում են գործադիր մարմնի անդամներ։ Ընտրված, բայց ինքնաբացարկ հայտնած կուսակցականին փոխարինում է ցուցակում հաջորդ տեղ գրաված թեկնածուն։
  • Գործադիր մարմնի անդամների ռոտացիոն փոփոխության կարգը. Գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ը յուրաքանչյուր 2 (երկու) տարին մեկ փոփոխվում է համաժողովի կողմից։ Գործադիր մարմնի անդամը չի կարող անընդմեջ պաշտոնավարել ավելի քան վեց տարի: Գործադիր մարմնում լիազորությունները դադարեցրած անդամը չի կարող մասնակցել Գործադիր մարմնի առաջիկա ընտրություներին:
  • Գործադիր մարմնի անդամին հետ կանչելը. Գործադիր մարմնի անդամի լիազորությունները կարող է վաղաժամկետ դադարեցվել համաժողովի որոշմամբ։
  • Գործադիր մարմնի լիազորությունները. Կուսակցության գործադիր մարմինը՝
    • կառավարում է կուսակցության գույքը և դրամական միջոցները.
    • նախապատրաստում և հրավիրում է կուսակցության համաժողովները.
    • սույն կանոնադրության համաձայն սահմանում է համաժողովի պատվիրակների ընտրության կարգը.
    • կուսակցության համաժողովի գումարման օրվանից առնվազն 30 (երեսուն) օրացուցային օր առաջ կազմակերպում է կուսակցության համաժողովի պատվիրակների ընտրությունը.
    • հաստատում է համաժողովի օրակարգը։ Ընդ որում, արտահերթ համաժողովի օրակարգը չի կարող տարբերվել արտահերթ համաժողով հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկած մարմնի (անձանց խմբի) սահմանած օրակարգից.
    • հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն.
    • հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է կուսակցության ծախսերի նախահաշիվը.
    • հաստատում է ընտրական և այլ համապետական կամ տեղական նշանակության արշավների, դրանցից յուրաքանչյուրի ծրագիրն և/կամ միջոցառման բյուջեն.
    • հաստատում է մասնակցային սկզբունքով մշակված համապետական և տեղական ընտրությունների վերջնական նախընտրական ծրագրերը.
    • իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ պայմանավորված՝ կուսակցության կանոնադրության և ծրագրի փոփոխությունները և լրացումները.
    • որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե համաժողովն իրավազոր չի եղել.
    • կատարում է համաժողովի կայացրած որոշումները.
    • իրականացնում և զարգացնում է կուսակցության քաղաքական ծրագիրը.
    • քննարկում և որոշում է կայացնում կուսակցության անդամների թվի առնվազն 10 (տասը) տոկոսի կողմից ներկայացված որևէ հարցի վերաբերյալ.
    • իր որոշմամբ ստեղծում է կուսակցության տարածքային ստորաբաժանումներ Երևան քաղաքում, դրա վարչական շրջաններում, ՀՀ մարզերում կամ համայնքներում, ինչպես նաև դադարեցնում է դրանց գործունեությունը.
    • անհրաժեշտության դեպքում գումարում է տարածքային համաժողովներ՝ տվյալ տարածքի կարևոր հարցերի շուրջ.
    • պատրաստում, քննարկում և հաստատում է տարեկան գործունեության գնահատման հաշվետվություններ և քաղաքական վերլուծություններ, որոնք հասանելի կլինեն լայն հանրությանը.
    • որոշումներ է ընդունում կուսակցության հետազոտական կենտրոն, քաղաքական դպրոց, հանձնաժողովներ (այդ թվում անդամության), բաժիններ, բաժանմունքներ, ակումբներ, աշխատանքային խմբեր ստեղծելու և լուծարելու մասին: Հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնադրությանը։ Նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին.
    • չեղյալ է համարում կուսակցության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների որոշումները.
    • հաստատում է կուսակցության էթիկայի կանոնները.
    • որոշում է կայացնում կուսակցության անդամությունից հեռացնելու վերաբերյալ.
    • կազմում և պարբերաբար թարմացնում է կուսակցության անդամների ցուցակը, սահմանում է կուսակցության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները.
    • ստեղծում և կազմալուծում է անդամության հանձնաժողովը.
    • որոշում է անդամավճարների և մուտքավճարների չափերը և դրանց գանձման կարգը.
    • նշանակում է կուսակցության խոսնակին, ով կուսակցության անունից հայտարարություներ անելու իրավունք ունի.
    • իրականացնում է սույն կանոնադրության 10.1 կետով իրեն վերապահված լիազորությունը.
    • իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ։
  • Գործադիր մարմնի գումարումը. Գործադիր մարմինը գումարվում է ըստ անհրաժեշտության՝
    • գործադիր մարմնի անդամների 25 (քսանհինգ) տոկոսի առաջարկով,
    • կուսակցության անդամների 10 (տասը) տոկոսի առաջարկով, կամ
    • վերահսկիչ հանձնաժողովի առաջարկով։
  • Գործադիր մարմնի քվորումը. Գործադիր մարմնի քվորումն ապահովվում է, եթե դրան մասնակցում են գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը։
  • Գործադիր մարմնի որոշումները. Գործադիր մարմնի որոշումները կայացվում են նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնադրությամբ։
  • Քարտուղարը. Կուսակցության անունից այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս գործադիր մարմնի ղեկավարը` քարտուղարը։ Գործադիր մարմնի քարտուղարը՝
    • կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ` կուսակցության համաժողովի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում.
    • նախագահում է համաժողովները.
    • նախագահում և կազմակերպում է գործադիր մարմնի նիստերը.
    • կուսակցության անդամներից որևէ մեկին նշանակում է գործադիր մարմնի նիստերի քարտուղար.
    • կուսակցության անունից հանդես է գալիս երրորդ անձանց հետ հարաբերություներում:
  • Գործադիր մարմնի նիստերը. Գործադիր մարմնի նիստերը բաց են կուսակցության բոլոր անդամների համար։ Գործադիր մարմնի հերթական նիստերի վայրի, ժամի և օրակարգի մասին գործադիր մարմինը ծանուցում է կուսակցության բոլոր անդամներին էլեկտրոնային եղանակով (email, skype, telegram, facebook կամ այլ) հերթական նիստի կայանալու օրվանից առնվազն 2 (երկու) օրացուցային օր առաջ։ Նիստին ֆիզիկապես ներկա կուսակցության անդամները կարող են մասնակցել քննարկումներին ազատ կարգով։
  • Գործադիր մարմնի նիստերի հեռարձակումը. Գործադիր մարմնի բոլոր նիստերը հեռարձակվում են կուսակցության պաշտոնական վեբ կայքի կամ հեռարձակման այլ միջոցներով: Գործադիր մարմինը իր բոլոր անդամների 9/10-ի կայացրած որոշման հիման վրա կարող է անցկացնել փակ նիստեր` նախօրոք հրապարակելով դրա անհրաժեշտության հիմնավորումը:
  • Ոլորտների պատասխանատուներ. Գործադիր մարմինն իրավունք ունի իր գործունեությունը համակարգել ըստ ոլորտների՝ ամեն ոլորտի համար նշանակելով տվյալ ոլորտի պատասխանատու։ Ոլորտի պատասխանատուն հաշվետու է գործադիր մարմնին։
  • Կանոնակարգեր. Իր գործունեությունն իրականացնելու նպատակով գործադիր մարմինն իրավունք ունի մշակել և հաստատել գործադիր մարմնի և վերջինիս կողմից ստեղծված կուսակցական մարմինների համար պարտադիր կանոնակարգեր։ 
  1. ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴԸ
  • Քաղխորհրդի կազմը. Գործադիր մարմնի որոշմամբ տարածքային ստորաբաժանումների կազմավորման դեպքում կուսակցությունում ինքնաբերաբար ձևավորվում է քաղխորհուրդ, որի անդամներն են ի պաշտոնե գործադիր մարմնի անդամները և կուսակցության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Կուսակցությունում քաղխորհրդի բացակայության դեպքում դրա բոլոր լիազորություններն անցնում են գործադիր մարմնին։
  • Քաղխորհրդի հրավիրման կարգը. Քաղխորհուրդը հրավիրվում է գործադիր մարմնի կողմից ըստ անհրաժեշտության՝ սույն կանոնադրության համաձայն իր իրավասությանը վերպահված հարցերի շուրջ որոշումներ կայացնելու նպատակով։
  • Քաղխորհրդի լիազորությունները. Կուսակցության քաղխորհուրդը՝
    • հանրային, թափանցիկ սկզբունքով և ներկուսակցական ընտրությունների միջոցով կազմում է համապետական ընտրությունների ամբողջական ընտրացուցակները և ներկայացնում համաժողովի հաստատմանը.
    • հաստատում, մերժում և խզում է բոլոր դաշինքները ու համաձայնագրերը (այդ թվում՝ նախընտրական և հետընտրական),
    • հաստատում է համապետական և տեղական ընտրությունների կուսակցության կողմից ամբողջական ընտրացուցակներ կազմելու ընտրակարգը,
    • հաստատում է ընտրակարգով նախատեսված կարգով ձևավորված տեղական ընտրությունների ընտրացուցակները.
    • հաստատում է կուսակցության տարածքային ստորաբաժանումների տեղական ծրագրերը։
  1. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
  • Հանձնաժողովի դերը. Վերահսկիչ հանձնաժողովը կուսակցության ներքին վերահսկողությունն իրականացնող մարմինն է, որը հետևում է կուսակցության մարմինների կողմից ՀՀ օրենսդրության, սույն կանոնադրության, կուսակցական էթիկայի պահանջների, ինչպես նաև համաժողովի կայացրած որոշումների պատշաճ կատարմանը։
  • Հանձնաժողովի կառուցվածքը. Վերահսկիչ հանձնաժողովը բաղկացած է 5 (հինգ) անդամից, որոնցից մեկը վերահսկիչ հանձնաժողովի ղեկավարն է։ Վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար է ընտրվում այն անձը, ով վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրություններին հավաքում է առավելագույն ձայների քանակը։ Այն դեպքում, երբ առավելագույն ձայների քանակը հավաքել են մի քանի անձ, վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար է ընտրվում վիճակահանությամբ։
  • Վերահսկիչ հանձնաժողովի անդամների առաջադրումը. Վերահսկիչ հանձնաժողովի անդամների թեկնածուներն առաջադրվում են ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ, և ոչ ուշ, քան 2 (երկու) աշխատանքային օր առաջ` ինքնառաջադրման կամ կուսակցության անդամ/ներ/ի կողմից առաջադրման եղանակով: Բոլոր թեկնածուները պարտավոր են ընտրություների օրվանից առնվազն 2 (երկու) աշխատանքային օր առաջ կուսակցության անդամներին էլեկտրոնային եղանակով ներկայացնել իրենց հետաքրքրության նամակը և ինքնակենսագրականը:
  • Վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը. Վերահսկիչ հանձնաժողովի անդամության համար առաջադրված թեկնածուներն ընտրվում են համաժողովի կողմից՝ վարկանիշային ընտրության սկզբունքով։ Կուսակցության յուրաքանչյուր անդամ, ընտրություն իրականացնելիս, նշում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների թվաքանակին համապատասխան թեկնածուների անունների ցուցակ: Վերահսկիչ հանձնաժողովի անդամների թվաքանակից ավել կամ պակաս անուն ընդգրկող քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվում։ Հաշվարկն իրականացվում է պարզ սկզբունքով. կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի անդամի յուրաքանչյուր թեկնածուի անվան ամեն հիշատակում նրան բերում է 1 (մեկ) միավոր։ Քվեարկության արդյունքում ամենաշատ միավոր վաստակած թեկնածուները կազմում են վերահսկիչ հանձնաժողովը։ Ընտրված, բայց ինքնաբացարկ հայտնած կուսակցականին փոխարինում է ցուցակում հաջորդ տեղ գրաված թեկնածուն։
  • Վերահսկիչ հանձնաժողովի անդամների ռոտացիոն փոփոխության կարգը. Վերահսկիչ հանձնաժողովի անդամներից առնվազն 2 (երկու) հոգի յուրաքանչյուր 2 (երկու) տարին մեկ փոփոխվում են համաժողովի կողմից։ Վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող անընդմեջ պաշտոնավարել ավելի քան 6 (վեց) տարի: Վերահսկիչ հանձնաժողովում լիազորությունները դադարեցրած անդամը չի կարող մասնակցել վերահսկիչ հանձնաժողովի առաջիկա ընտրություներին:
  • Վերահսկիչ հանձնաժողովի անդամին հետ կանչելը. Վերահսկիչ հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել արտահերթ համաժողովի որոշմամբ։
  • Հանձնաժողովի նիստերը. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան 6 (վեց) ամիսը 1 (մեկ) անգամ։ Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են՝
  • Վերահսկիչ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի նախաձեռնությամբ, կամ
  • Կուսակցության անդամների առնվազն 5 (հինգ) տոկոսի նախաձեռնությամբ։
    • Հանձնաժողովի ղեկավարը. Վերահսկիչ հանձնաժողովի ղեկավարը՝
      • պատասխանատու է հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար,
      • հրավիրում է հանձնաժողովի նիստերը՝ ապահովելով դրանց մասին ծանուցումը հանձնաժողովի մյուս անդամներին և կուսակցության շահագրգիռ անդամներին,
      • ներկայացնում է վերահսկիչ հանձնաժողովի դիրքորոշումները և եզրակացությունները համաժողովում,
      • վերահսկիչ հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նիստերի քարտուղար։
    • Լիազորությունները.Կուսակցության վերահսկիչ հանձնաժողովը՝
      • իր հայեցողությամբ իրականացնում է կուսակցական մարմինների գործունեության ստուգումներ՝ ինքնուրույն որոշելով ստուգման շրջանակները.
      • կուսակցական որևէ մարմնից պահանջում է փաստաթղթեր, տվյալներ կամ այլ տեղեկություններ իր կողմից ստուգվող հարցերի շուրջ.
      • իր հայեցողությամբ հրավիրում է արտահերթ համաժողով՝ իր նախաձեռնած քննությունների արդյունքները ներկայացնելու համար.
      • մշակում է կուսակցության էթիկայի կանոնները, որոնք հաստատվում են կուսակցության գործադիր մարմնի կողմից, և ապահովում է դրանց պահպանումը անդամների կողմից.
      • իրականացնում է կուսակցության անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթներ և սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում կայացնում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ.
      • գործադիր մարմնի քննարկմանն է ներկայացնում կուսակցության անդամին անդամությունից զրկելու հարցը և այդ հարցի վերաբերյալ ներկայացնում է իր եզրակացությունը.
      • համաժողովի քննարկմանն է ներկայացնում տարեկան բյուջեների կատարման մասին իր եզրակացությունը.
      • Գործադիր մարմնի կողմից հերթական համաժողովը չհրավիրելու դեպքում հրավիրում է հերթական համաժողով՝ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով.
    • Որոշումների բողոքարկումը. Վերահսկիչ հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկված անձն իրավունք ունի այդ մասին որոշումը ստանալու օրվանից 1 (մեկ) ամսվա ընթացքում բողոքարկել անդամության հանձնաժողով։
  1. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
  • Տարածքային ստորաբաժանումների (ՏՍ) կազմավորումը. Գործադիր մարմնի որոշմամբ կազմավորվում են կուսակցության ՏՍ-ները Երևան քաղաքում, դրա վարչական շրջաններում, ՀՀ մարզերում կամ համայնքներում՝ ելնելով տվյալ տարածքում կուսակցության անդամների քանակից։
  • ՏՍ ղեկավարի ընտրությունները. ՏՍ կազմավորելիս՝ դրա առաջին ղեկավարին կուսակցության անդամների թվից նշանակում է գործադիր մարմինը՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ ՏՍ առաջին ղեկավարի պաշտոնավարության ժամկետի լրանալուց հետո առավելագույնը 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում գործադիր մարմինը կազմակերպում է ՏՍ ղեկավարի ընտրություններ։ Կուսակցության ՏՍ տարածքում մշտապես բնակվող կուսակցության անդամները ձայների պարզ մեծամասնությամբ ներկայացված թեկնածուներից ընտրում են ՏՍ ղեկավարին։ ՏՍ ղեկավարի ընտրության արդյունքները ենթակա են գործադիր մարմնի հաստատմանը։ Գործադիր մարմինը կարող է չհաստատել ՏՍ ղեկավարի ընտրության արդյունքները, որից հետո անցկացվում են ՏՍ ղեկավարի նոր ընտրություններ՝ գործադիր մարմնի սահմանած կարգով։ Գործադիր մարմինն իրավասու է ընդունել ՏՍ ընտրությունների անցկացման, թեկնածուների առաջադրման և քվեարկության ընթացակարգեր։
  • ՏՍ ղեկավարի պաշտոնավարման ժամկետը. ՏՍ երկրորդ և նրան հաջորդող ղեկավարները պաշտոնավարում են 2 (երկու) տարի ժամկետով։ Նշված ժամկետի լրանալուց հետո առնվազն 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում կայացվում են ՏՍ ղեկավարի նոր ընտրություններ։ Ընդ որում, ՏՍ ղեկավարը չի կարող անընդմեջ պաշտոնավարել ավելի քան չորս տարի:
  • ՏՍ ղեկավարի օգնականները. ՏՍ ղեկավարը կարող է ունենալ ոչ ավել, քան 2 (երկու) օգնական, որոնց նշանակում է իր հայեցողությամբ՝ կուսակցության անդամների թվից։ ՏՍ ղեկավարն իր լիազորությունների իրականացման համար պատասխանատու է անձամբ և չիկարող դրանք դելեգացնել իր օգնականներին։
  • ՏՍ ղեկավարի լիազորությունները. Կուսակցության ՏՍ ղեկավարը՝
    • իրականացնում է համաժողովի, գործադիր մարմնի և քաղխորհրդի որոշումներիկատարումը տեղական մակարդակում.
    • տարածում է կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և տեսլականը ՏՍ տարածքում.
    • կազմակերպում է տեղական ընտրությունների ժամանակ կուսակցության նախընտրական քարոզարշավը.
    • կուսակցության քաղխորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության ՏՍ տեղական ծրագրի նախագիծը։
  1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
  • Սույն կանոնադրությամբ և ծրագրով սահմանված նպատակների իրականացման համար կուսակցությունը սեփականության կամ այլ գույքային իրավունքով կարող է ունենալ ցանկացած գույք:
  • Կուսակցության գույքը գոյանում է կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից), նվիրատվություններից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
  • Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունն արգելվում է:
  1. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  • Կուսակցության պետական գրանցման օրվանը հաջորդող 2 (երկու) ամսվա ընթացքում տեղի ունեցող համապետական և տեղական ընտրությունների ընտրացուցակները ու դրանց անցկացման ընտրակարգը հաստատում է կուսակցության գործադիր մարմինը։
  • Կուսակցության հիմնադիր համագումարն իրավունք ունի կազմավորել կուսակցության տարածքային ստորաբաժանումներ (ՏՍ)։