ՔՈ ՍԴԿ Էթիկայի կանոնագիրք

1.  «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐ

1.1. Էթիկայի սույն կանոնները (այսուհետ` Կանոններ) կարգավորում են «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) անդամների (անձինք, ովքեր օրենքով և Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով անդամակցում են Կուսակցությանը) վարվելակերպի, վարքագծի և փոխհարաբերությունների առանձնահատկությունները հիմնված բարոյականության[1] համընդանուր սկզբունքների վրա:

1.2. Կուսակցությունն իր անդամների նկատմամբ ցուցաբերում է շիտակ, անաչառ և հոգատար վերաբերմունք, հարգում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և իր գործունեությամբ չի վնասում պետությանը, անձին, հասարակությանը, ինչպես և բարձր է պահում Կուսակցության հեղինակությունը:

1.3. Սույն կանոնները հիմնված են բարեխղճության[2] սկզբունքների և մասնագիտական վարքագծի կանոնների վրա:

1.4. Սույն փաստաթղթով նախատեսված Էթիկայի կանոնների խախտումը քննության է առնվում Կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի (այսուհետ՝ իրավասու մարմին) կողմից: Եթե էթիկայի խախտումը պարունակում է քրեորեն պատժելի արարքի տարրեր, Կուսակցության իրավասու մարմինը այդ մասին պետք է հաղորդում ներկայացնի իրավապահ մարմիններին:

 

2. ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

2.1. Կուսակցության անդամը պարտավոր է՝

ա) կատարել սույն Կանոնների պահանջները.

բ) իր վարքով նպաստել Կուսակցության նկատմամբ հասարակության կողմից հարգանքի և վստահության բարձրացմանը.

գ) խուսափել այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որոնք կարող են խոչընդոտել Կուսակցության աշխատանքը, վարկաբեկել Կուսակցության հեղինակությունը և համբավը, վնասել երրորդ անձանց.

դ) ղեկավարվել բարեխղճության, հակակոռուպցիոն, արդարության և մարդասիրական սկզբունքներով, երրորդ անձանց հետ հարաբերություններում լինել բարեխիղճ և ազնիվ, գործել էթիկայի կանոնների շրջանակներում,  հրապարակային և թափանցիկ կերպով՝ հանրային շահի սպասարկման տրամաբանության շրջանակներում.

ե) հարգել մարդու արժանապատվությունը` անկախ նրա ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, պաշտոնական դիրքից, գույքային կամ այլ դրությունից.

զ) բարձր պահել պետության և հանրային շահերը` դրանք բարձր դասելով անձնական շահերից.

է) հնարավորինս խուսափել շահերի բախումից, իսկ նման իրավիճակի անխուսափելիության դեպքում, հայտարարագրել այն և անմիջապես այդ մասին հայտնել Կուսակցության լիազոր մարմնին՝ սույն կանոններով նախատեսված կարգով.

ը) խուսափել ցանկացած տեսակի հովանավորչությունից, միջնորդությունից, աջակցությունից, խորհրդատվությունից, որոնց արդյունքում կարող է խոչընդոտվել ՀՀ սահմանադրության պահանջների կատարումը, անդամության ընթացքում օգտագործել միայն բարոյական միջոցներ` նպատակին հասնելու համար.

թ) գիտակցաբար և դիտավորյալ երրորդ անձանց չտրամադրել կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություններ.

ժ) արդյունավետ և անհապաղ քայլեր ձեռնարկել կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության տարածումը կանխելու ուղղությամբ.

ժա) լինել քննարկումների համար բաց, ռացիոնալ և հանրային կյանքում և ելույթներում չառաջնորդվել նախապաշարմունքներով.

ժբ) ձեռնպահ մնալ Կուսակցության կողմից վարվող քաղաքականության կամ գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցներով և սոցցանցերում մեկնաբանություններ կատարելուց, եթե համոզված չէ, որ արտահայտում է Կուսակցության պաշտոնական տեսակետը, հակառակ դեպքում՝ անհրաժեշտ է հստակեցնել, որ դա իր անձնական տեսակետն է.

2.2. Երբ Կուսակցության անդամն ունի ապացույցներ կամ ողջամիտ կասկած առ այն, որ մեկ այլ անդամ կատարել է Կանոնների խախտում, անդամը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել Կուսակցության իրավասու մարմնին՝ Կուսակցության կանոնադրությամբ սահմանված կարգով ընթացք ապահովելու նպատակով։

 

3. ԳԱՂՏՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ

3.1. Կուսակցության գործունեության վերաբերյալ որևէ տեղեկատվությունը չի կարող համարվել գաղտնիք Կուսակցության անդամների միջև ներկուսակցական հարաբերություններում՝ բացառությամբ Կուսակցության կանոնադրության 5.13-րդ կետով նախատեսված գործադիր մարմնի փակ նիստերի, որոնց ընթացքում քննարկումները և կայացված որոշումները մնում են գաղտնի մինչև գործադիր մարմնի կողմից սահմանված կարգով այդ տեղեկատվության հրապարակայնացնելը։

3.2. Գործադիր մարմինն իրավունք ունի սահմանել գաղտնիք կազմող տեղեկությունների ցանկը, որոնք չեն կարող հրապարակվել կամ տրամադրվել Կուսակցության անդամ չհամարվող երրորդ անձանց:

3.3. Սույն իրավական ակտի իմաստով հրապարակում է համարվում գաղտնիք կազմող տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին հայտնի դարձնելը, երրորդ անձին նման տեղեկություններ հայթայթելու հնարավորություն ուղղակիորեն կամ անուղղակի ընձեռելը, այն է՝ թույլատրելը, չխոչընդոտելը կամ Կուսակցության ներքին իրավական ակտերով սահմանված պահպանման կարգի խախտման հետեւանքով այն հնարավոր դարձնելը:

3.4. Կուսակցության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է իրեն վստահված կամ Կուսակցության գործունեության ընթացքում իր կողմից օգտագործվող տեղեկատվության, փաստաթղթերի և տվյալների պատշաճ պահպանման և գաղտնիության ապահովման համար:

 

4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԴԵՄ ԿԱՆՈՆՆԵՐԸ

4.1. Կուսակցության անդամների նկատմամբ խտրականություն ցուցաբերելը կամ հետապնդելը դիտվում է որպես Կուսակցության քաղաքականության խախտում:

4.2. Կուսակցությունը ստանձնել է խտրականությունից ազատ գործունեության մթնոլորտ ապահովելու պարտականություն և չի հանդուրժի անդամների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ խտրականության ցուցաբերում որևէ մեկի կողմից։

4.3. Արգելված հետապնդում ու խտրականության ցուցաբերում եզրույթը ներառում է այն հետապնդումները, որոնք ուղղված են կամ վերաբերվում են uեռին, ռաuային, մաշկի գույնին, էթնիկական կամ uոցիալական ծագումին, գենետիկական հատկանիշներին, լեզվին, կրոնին, աշխարհայացքին, քաղաքական կամ այլ հայացքներին, ազգային փոքրամաuնությանը պատկանելությանը, գույքային վիճակին, ծնունդին, հաշմանդամությանը, տարիքին կամ անձնական կամ uոցիալական բնույթի այլ հանգամանքներին:

4.4. Հետապնդումը կարող է երեք տիպի դրսևորումներ ունենալ: Առաջինը, հետապնդումը տեղի է ունենում, երբ որևէ անդամ թիրախ է դառնում իր uեռի, ռաuայի, մաշկի գույնի, էթնիկական կամ uոցիալական ծագումի, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամաuնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ uոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով: Երկրորդ դեպքում հետապնդումը տեղի է ունենում, երբ նպատակ է դրվում ստեղծել տվյալ անդամի համար ընկճող, թշնամական կամ անբարենպաստ մթնոլորտ: Նման պահվածքը կարող է ունենալ բանավոր, ոչ վերբալ կամ ֆիզիկական դրսևորումներ: Երրորդ, հետապնդումը տեղի է ունենում, երբ որևէ անդամ հետապնդման թիրախ է դառնում Կուսակցության այլ անդամի նկատմամբ բարեխղճորեն, ողջամիտ կասկածի դեպքում, կոռուպցիոն դեպքի վերաբերյալ, այդ թվում` նախապատրաստվող, տեղեկություններ հաղորդելու պատճառով:

4.5. Իր գործընկերների նկատմամբ սեռական հետապնդումներ (sexual harrassment) իրականացնող կամ սեռական հետամտումների (sexual suggestiveness) դեպքերի մասին հայտնած անդամի դեմ գործողություններ իրականացնող ցանկացած անդամ, ենթարկվում է ՀՀ օրենսդրությամբ և Կուսակցության ներքին իրավական ակտերով սահմանված պատասխանատվության:

4.6. Սեռական հետամտումները ներառում են անցանկալի սեռական բնույթի ոտնձգությունները, սեռական բնույթի գործողություններին հարկադրելը, սեռական անպարկեշտ առաջարկները և սեռական բնույթի այլ բանավոր կամ ֆիզիկական վարքագիծը:

4.7. Հետապնդման, սեռական հետամտման կամ խտրականության վերաբերյալ բողոք հայտնող կամ հետապնդման կամ խտրականության դեպքի քննությանը մասնակցող անդամի նկատմամբ վրեժխնդրություն կամ խտրականություն ցուցաբերելն արգելվում է:

 

5. ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

5.1. Կուսակցությունը խրախուսում է էլեկտրոնային կապի միջոցների և այլ հարակից ծառայությունների օգտագործումը, քանի որ այդ միջոցները բարձրացնում են հաղորդակցման արդյունավետությունը:

5.2. Կուսակցության կողմից տրամադրվող էլեկտրոնային կապի միջոցները տրամադրվում են Կուսակցության գործունեության արդյունավետության բարձրացման համար:

5.3. Էլեկտրոնային փոստի, տպագրական տեքստերի մշակման, հաշվապահական, ձայնային փոստի, հեռախոսակապի, Ինտերնետի և այլ միջոցներով ստեղծվող կամ հաղորդվող տեղեկատվությունը կարող է Կուսակցության կողմից մոնիթորինգի ենթարկվել:

5.4. Անդամները պետք է գիտակցեն, որ էլեկտրոնային հաղորդագրությունները մասնավոր կամ գաղտնի չեն: Նրանք անձնական տեղեկատվության հաղորդման համար պետք է օգտվեն այլ միջոցներից:

5.5. Անդամների կողմից սոցիալական ցանցերում և այլ հանրային հարթակներում արված գրառումները կամ ելույթները չպետք է հակասեն սույն Կանոններին:

5.6. Սույն գլխով սահմանված մոնիթորինգը կարող է իրականացվել Կուսակցության ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:

 

6. ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

6.1. Կուսակցության գույքը հանդիսանում է Կուսակցության սեփականությունը և գտնվում է Կուսակցության տիրապետման և օգտագործման ներքո։

6.2. Յուրաքանչյուր անդամ պատասխանատու է իր կողմից օգտագործվող գույքի համար:

6.3. Կուսակցության գույքը պետք է օգտագործվի բացառապես կուսակցական նպատակներով՝ համաձայն դրանց տեխնիկական անձնագրերով նախատեսված կամ գույքի բնույթից բխող օգտագործման նպատակների:

6.4. Արգելվում է Կուսակցության գույքն անձնական նպատակներով օգտագործելը, վնասելը, հափշտակելը կամ այլ եղանակով ապօրինի յուրացնելը:

 

7. ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

7.1. Կուսակցությունում վարվեցողության վերաբերյալ կանոններն անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքը և բոլոր անդամների բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

7.2. Կուսակցության գործունեությունը խաթարող, Կուսակցությունը վարկաբեկող և անդամներին վիրավորող պահվածքն անհանդուրժելի է:

7.3. Հաղորդակցության և քննարկումների ժամանակ Կուսակցության անդամներին արգելվում է հայհոյախոսելը, զազրախոսելը, վերբալ կամ ֆիզիկական բռնություն գործադրելը, անձի արժանապատվությունը վիրավորող կամ նսեմացնող վերաբերմունք ցուցաբերելը։

 

8. ՆՎԵՐՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 8.1. Սույն գլխով կանոնակարգվում են երրորդ անձանց կողմից, ինչպես նաև անդամների միջև նվերների հանձնմանը և ընդունմանը ուղղված հարաբերությունները:

8.2. Կուսակցության անդամը չպետք է ընդունի նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն տա, եթե ողջամտորեն կարող է ընկալվել, որ նվերի տրամադրումը կապված է անդամի կուսակցական պարտականությունների իրականացման հետ: Սույն կանոններով սահմանված կարգի խախտմամբ ընդունված նվերը համարվում է էթիկայի կանոնների կոպիտ խախտում:

8.3. Կուսակցության անդամի համար կուսակցական պարտականությունների իրականացման հետ կապված թույլատրելի նվերներ են՝

ա) պաշտոնական այցերի կամ միջոցառումների, ինչպես նաև գործնական այցերի           ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը.

բ) հրապարակային միջոցառումների ժամանակ սովորաբար տրվող նվերները.

գ) գործնական միջոցառումների շրջանակներում կազմակերպվող հյուրասիրությունը.

դ) կուսակցական գործունեության իրականացման նպատակներով անվճար տրամադրվող նյութերը.

ե) կրթաթոշակը, դրամաշնորհը կամ նպաստը՝ տրված հրապարակային մրցույթի արդյունքով` մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի արդյունքում.

զ) օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից տրվող արարողակարգային նվերները:

8.4. Եթե Կուսակցության անդամի կողմից ստացված և սույն Կանոնների 8.-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ կետերով նախատեսված նվերն իր արժեքով գերազանցում է 25 000 (քսանհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամը, ապա այն համարվում է Կուսակցության սեփականություն և հաշվառվում է որպես այդպիսին: Սույն կետով նախատեսված նվերը ստանալու օրվանից (7) յոթ օրվա ընթացքում անդամը պարտավոր է այն հանձնել Կուսակցության գործադիր մարմնի քարտուղարին։

8.5. Հիմնավորված են համարվում Հայաստանի Հանրապետության և միջազգային տոներին, Կուսակցության կողմից կազմակերպված միջոցառումներին, անդամի ծննդյան տոնին և համար նշանակալից այլ օրերին հանձնված նվերները։

8.6. Այն դեպքում, երբ երրորդ անձը անհրաժեշտ է գտնում շնորհակալություն հայտնել կամ խրախուսել Կուսակցության անդամին, նա կարող է գրավոր ձևով շարադրել իր խնդրի էությունը, իր խնդրով զբաղվող անդամի կատարած գործողությունները, ստացված արդյունքը և այլ հանգամանքներ, որոնք իր կարծիքով էական նշանակություն ունեն անդամի կատարած աշխատանքը գնահատելու համար:

 

9. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ

9.1. Սույն գլուխը կարգավորում է Շահերի բախման կանխման, բացահայտման և կառավարման հետ կապված հարաբերությունները:

9.2. Կուսակցությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները շահերի բախման դեպքերը կանխելու, բացահայտելու և կառավարելու ուղղությամբ:

9.3. Շահերի բախման բոլոր դեպքերի քննարկումը հանձնվում է Կուսակցության իրավասու մարմինը։

9.4. Սույն գլխի համաձայն «Շահերի բախում» եզրույթը սահմանվում է որպես իրավիճակ, երբ անդամն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի[3] անձնական շահերով առաջնորդվել:

9.5. Անդամի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`

ա) իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

բ) իր կամ իր հետ փոխկապակցված անձի անդամակցած ոչ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

գ) իր կամ իր հետ փոխկապակցված անձի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

դ) իր հետ փոխկապակցված անձին պաշտոնում նշանակմանը, լիազորությունների ընդլայնմանը կամ նվազմանը։

9.6. Եթե քննարկվող գործողությունը կամ որոշումն ունի Կուսակցության ներսում համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա, ապա գործում է անդամի մոտ շահերի բախման բացակայության կանխավարկածը։

9.7. Այն դեպքում, երբ անդամն ունի փոխկապակցվածություն այլ անդամի հետ, այդ մասին ստորագրել է շահերի հայտարարագրման հավաստագիր, Կանոններով սահմանված կարգով տեղեկացվել է Կազմակերպության լիազոր մարմնին, և կարողանում է ապացուցել, որ նշված իրավիճակը անդամի և նրա հետ փոխկապակցված անձի՝ մյուս անդամի, լիազորությունների պատշաճ իրականացման վրա չունի ազդեցություն, ապա տվյալ իրավիճակը չի դիտվում որպես շահերի բախում։

9.8. Կուսակցության անդամը պարտավոր է.

ա)     Հավասարապես վերաբերվել բոլոր անձանց, Կուսակցության կողմից իրականացվող գործունեությունից և մատուցվող ծառայություններից օգտվող շահառուներին, հանրության անդամներին` նախապատվության չտալով որևէ մեկին:

բ)    Ստորագրել Շահերի հայտարագրման կամ Շահերի բախման բացակայության մասին հավաստագրագրեր, տե՛ս հավելված 1, 2 (այս դրույթը վերաբերելի է Կուսակցության կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմնի քատուղարին, գործադիր մարմնի, քաղաքական խորհրդի, վերահսկիչ հանձնաժողովի և այլ մարմինների անդամներին):

գ)         Շահերի բախման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնել Կուսակցության իրավասու մարմնին` դրանում նշելով շահերի բախմանը վերաբերող կոնկրետ հանգամանքներ, եթե անդամի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը և (կամ) որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման: Մինչև Կուսակցության իրավասու մարմնի պարզաբանումը ստանալը անդամն իրավունք չունի տվյալ հարցին առնչվող գործողություն կատարել և (կամ) դրա վերաբերյալ ընդունել որոշում:

9.9. Եթե անդամն ունի շահերի բախում, բայց չի հայտնում այդ մասին, և Կուսակցությունը ստանում է տեղեկություններ Շահերի բախման առկայության մասին, ապա տվյալ հարցի լուծումը հանձնվում է Կուսակցության իրավասու մարմնին:

9.10. Կուսակցությունում գնումները կատարվում են ՀՀ օրենսդրության և Կուսակցության ներքին իրավական ակտերին համապատասխան։ Գնումների կատարման ժամանակ պատասխանատու անձը պետք է խուսափի ցանկացած տեսակի Շահերի բախումից, իսկ նման դեպքերի առաջացման դեպքում անմիջապես հայտնի Կուսակցության իրավասու մարմնին:

 

10. ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ

 9.1. Կուսակցությունն իր գործունեության և լիազորությունների իրականացման ընթացքում համագործակցում է երրորդ անձանց հետ: Այդպիսի համագործակցությունը կարող է արտահայտվել համատեղ միջոցառումների և հանրային քննարկումների կազմակերպմամբ, օրենսդրական փաթեթների մշակմամբ, համատեղ ծրագրերի կատարմամբ, հանրային վերահսկողության ապահովմանն ուղղված միջոցառումների կատարմամբ:

9.2. Կուսակցությունը կարող է պատվիրակել մասնագիտացված կազմակերպություններին իրականացնել իր կողմից իրականացվող կուսակցական գործունեության մոնիթորինգ:

9.3. Կուսակցությունը գիտակցում է հանրային վերահսկողության իրականացման կարևորությունը և բաց է հանրության առաջ՝ օրենքով և Կուսակցության իրավական ակտերով սահմանված գաղտնիք չհամարվող տեղեկությունների տրամադրման համար:

 

[1]      Հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։ Բարոյականությունը սահմանել ենք այսպես. բարոյական է այն, ինչը հանրօգուտ է։

[2]  Սույն Կանոնների իմաստով Բարեխղճությունը (ինթեգրիթի)՝ բնութագրող սկզբունքների ամբողջություն է, որը մշակված և ներդված է կազմակերպությունում, պետական մարմնում խթանելու վստահությունը և գործողությունների հիմնավորվածությունը շահառուների շրջանում: Բարեխղճության կոմպոնենտներն են՝ Հաշվետվողականություն և Թափանցիկություն, Արհեստավարժություն (Կոմպետենցիա), Էթիկա, Կոռուպցիայի բացառում/կոռուպցիայի կանխարգելում: Տե՛ս http://integrityaction.org/what-integrity

[3] Սույն կանոնների իմաստով փոխկապակցված անձինք են անդամի ամուսինը, անդամի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, անդամի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները: