Բնության պահպանությունը, դրա մշտական բարելավումը մեր գերակա առաջնահերթությունն է, մեր բոլոր որոշումներում և դրանից բխող քաղաքականությունների մշակման ժամանակ մենք այն միշտ հաշվի ենք առնելու:
Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը և նրա մաս կազմող բոլոր կենսաբանական օրգանիզմները, արարածները և տարրերը մեր մշտական հոգածության և պաշտպանության կարիքն ունեն: Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հանդեպ: Մարդը և մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարերը պետք է ապրեն ներդաշնակության, փոխօգնության և հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով:
Տնտեսական առումով Հայաստանի Հանրապետության բնական պաշարները՝ընդերքը, հողը, ջուրը, օդը, բուսական,կենդանական և այլն, նրա ժողովրդի սեփականությունն են, ընդ որում՝ ո՛չ միայն ներկա ժամանակում հաստատված կարգերով հարաբերվող ՀՀ քաղաքացիների, այլև նրանց սերունդների, որոնք հնարավոր է՝ նոր մոտեցումներ որդեգրեն իրենց սեփականությունը տնօրինելու հարցում։ Բնությանը և բնական պաշարներին վերաբերող հարցերում անհրաժեշտ է ելնել այն հանրաճանաչ կանխավարկածից, որ «շրջակա միջավայրը մենք ո՛չ թե նվեր ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։ Ուստի բնական պաշարների օգտահանման, բնօգտագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սեփականությունը չյուրացնելու, դրա օգտահանումից նրանց համար ապագայի լավ պայմաններ ստեղծելու սկզբունքներով։
Բնական պաշարների օգտագործումը, ի տարբերություն այլ ոլորտների, իր ամբողջ ծավալով նստած է հանրային ունեցվածքի բազայի վրա, և անարդար կլինի, որ այն հավասար պայմաններով հարկվի՝ տնտեսական գործունեության այլ ձևերի հետ։ Բնական պաշարների օգտագործումից և արդյունահամնումից առաջացող հարստությունը բաշխվում է սոցիալական արդարության սկզբունքով և չի կարող ծառայել կլանային կամ ինչ-որ արտոնյալ փոքր խմբերին, կազմակերպություններին կամ կորպորոցիաներին՝ լինեն դրանք տեղական թե միջազգային:
Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական արդեն իսկ գործող համալիրի դեպքում առաջարկում ենք որդեգրել վերը նշված հարկային քաղաքականությունը և հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաներ նոր՝ առավել կանաչ տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին, իսկ հրաժարվելու դեպքում գանձված հարկային միջոցները ծառայեցնել նաև այդ նպատակին։ Երկարաժամկետ կտրվածքով արդեն իսկ գործող մետաղական հանքերը նույնպես պետք է փակվեն: Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժամանակի ընթացքում չեզոքցնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տեղական համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնական փակվելու են բոլոր մետաղական հանքերը:
Բնությունը մեր կենսատարածքն է, որի որակը պետք է շարունակաբար բարելավվի։ Այն պետք է առողջ միջավայր հանդիսանա ինչպես մարդկանց, այնպես էլ ներդաշնակ գոյատևող այլ արարածների համար։