Մենք կրթությունը դիտարկում ենք իրավունք, որի հնարավոր առավելագույն հասանելիությունն ու որակի ապահովումը պետության հոգածության առարկան են։ Եթե մի քաղաքացի կարող է ավելի որակյալ կրթություն ստանալ, քան մյուսը, ապա վերջինիս իրավունքը կարելի է խախտված համարել։ Ընդ որում՝ քաղաքացու որևէ տարբերություն՝ լինի դա սոցիալ-տնտեսական վիճակը, սեռը, դավանանքը, թե այլ հանգամանք, չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրան որակյալ, հասանելի կամ անվճար կրթություն ստանալ։
Կրթության նպատակը անձի ինքնաճանաչողությանը, ունակությունների բացահայտմանը, ստացած տեղեկատվության և գիտելիքի վերլուծությանը, այլ ոլորտներին ինտեգրմանը նպաստելն է: Կրթական համակարգում անհրաժեշտ է բալանսավորել ինտելեկտուալ ոլորտում արդեն տարվող աշխատանքը՝ էմոցիոնալ, հոգևոր, ֆիզիկական ոլորտների զարգացման հետ:
Պետությունը պետք է երաշխավորի անվճար և բոլորի համար հասանելի նախադրպոցական, հանրակրթական և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական կրթություն։ Միաժամանակ միայնակ կամ մասնավորի հետ համագործակելով, կրթաթոշակների, դրամաշնորհների և պետական բյուջեից այլ հատկացումների միջոցով պետք է ապահովի հասանելի բուհական և հետբուհական կրթություն, ինչպես նաև շարունակական կրթություն ստանալու հնարավորություն՝ այդ թվում նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։