Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է սոցիալական պետություն։ Այն պետք է հստակեցնի քաղաքացիների նկատմամբ իր պատասխանատվության սահմանները։ Պետության սոցիալական քաղաքականության նպատակը պետք է լինի բարեկեցության, մշակութային զարգացման ցանկացած մակարդակում գտնվող քաղաքացու համար ապահովել բարեկեցության, մշակութային զարգացման, սոցիալական ապահովության ավելի բարձր մակարդակ տեղափոխվելու բոլոր պայմանները։
Պետության սոցիալական քաղաքականության վերջնական թիրախը համընդհանուր բարեկեցության և հանրային համերաշխության պետության կայացումն է։ Սա ենթադրում է, որ երկրում չպետք է լինեն անոթի, կրթության ցածր ցենզ, անօթևան, սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով վատառողջ քաղաքացիներ։ Համերաշխության ու սոցիալական պատասխանատվության մակարդակի իդեալ կարող է համարվել վիճակը, երբ աշխատունակ ցանկացած քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություն ունի և այդ հնարավորությունից չօգտվելը պատիվ չի բերում իրեն, իսկ անաշխատունակները ապրում են արժանապատիվ ու ապահովված։
Ընդհանրապես, կենսագործունեության որևէ փուլում դժվարությունների հանդիպած քաղաքացիները պետք է զգան պետական հոգածությունը՝ իր հնարավորությունների ողջ ծավալով։ Գործնականում դա կարող է դրսևորվել աշխատատեղերի ստեղծման արդյունավետ քաղաքականության վարմամբ, աշխատունակ քաղաքացիների մասնագիտական վերապրոֆիլավորման հնարավորությամբ, համընդհանուր բարեկեցությանն ուղղված ու աղքատության հաղթահարմանը միտված և արդյունքի արդար բաշխման պետության վարած քաղաքականությամբ և այլն։
Կանանց սոցիալական պաշտպանվածություն
Պետությունը ժամանակավոր կարգավորիչ գործիքներ կիրառելու միջոցով կարող է սեռերի իրավահավասարության հարցը լուծել՝ այն իրավական ու հռչակագրային մակարդակից բարձրացնելով գործնական ու մշակութային մակարդակ։
Կանայք կատարում են մեծ քանակությամբ չվարձատրվող աշխատանք: Մասնավորապես՝ չվարձատրվող աշխատանքը ներառում է երեխաների և տարեցների խնամքը, տնային տնտեսությունը, աշխատանքը խոհանոցում և այգում: Առաջարկում ենք չվարձատրվող աշխատանքը նույնպես ներառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի և ծերերի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ:
Գյուղաբնակ և բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց սոցիալական իրավունքների իրացման նպատակով իր հողատարածքը մշակող և ինքնազբաղված համարվող կանանց գերակշռող մեծամասնությունը զրկվում է երեխայի խնամքի նպաստ, ապա հետագայում բարձր կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս կատեգորիայի կանանց համար հարկավոր է մշակել հարկման օպտիմալ մեխանիզմներ, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռնվի՝ օգտվելու վերը նշված սոցիալական իրավունքներից:
Մինչև երեք տարեկան երեխա խնամող մայրերի 83%-ը, որոնք կարող են նշանակալիորեն ընդլայնել աշխատուժը ողջ տնտեսության մակարդակով, չեն վերադառնում աշխատանքի՝ պատճառաբանելով երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակների բացակայությունը։
Անհրաժեշտ է կարճաժամկետ հատվածում Երևանի և Հայաստանի խոշոր համայնքերում անհապաղ նախաձեռնել և իրականցնել վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր՝ նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով։
Կանանց սոցիալական պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն վերը նշված դրույթներով և հետագայում մեր կողմից մշակվող քաղաքականություններում ընդգրկվելու են այլ ծրագրեր։