Առողջապահություն

Ընդհանուր դրույթներ.

  • Առողջապահության զարգացման ողջ ծրագիրը հիմնվում է մեկ աշխատանքային բանաձևի վրա՝ «փուլ առ փուլ, ոլորտ առ ոլորտ»: Քանի որ մեր առողջապահական համակարգը չի ձևավորվում զրոյից, չի կառուցվում դատարկ շինհրապարակում, այլ պետք է վերակառուցվի և վերանորոգվի արդեն աշխատող, որոշակի կառուցվածք ունեցող համակարգի ներսում, ապա միակ տարբերակը, որը կլինի արդյունավետ ու չի տանի ընդհանուր կոլապսի՝ «փուլ առ փուլ, ոլորտ առ ոլորտ» կառուցումն է, երբ մի ոլորտում իրականացվող մոդերնիզացիան չի խանգարի մյուս ոլորտների աշխատանքին, և հակառակը:

Նախագծեր

  1. Բոլոր հիվանդությունների և համախտանիշերի համար պետք է մշակվեն ախտորոշիչ և բուժական գործելակարգեր: Աշխատանքը պետք է իրականացվի բժշկական նեղ մասնագիտական ասոցիացիաների և բժշկական համալսարանի ամբիոնների աջակցությամբ: Վերջնարդյունքը կլինեն ապացուցողական բժշկության վրա հիմնված ուղեցույց-գործելակարգերը: Դրանք կտրամադրվեն բոլոր բժիշկներին ու բժշկագիտության զարգազմանը համընթաց պարբերաբար կթարմացվեն:
  2. Առողջապահության ոլորտի բոլոր մասնագետները պարտադիր պետք է անցնեն որակավորման քննություն: Քննական նյութը պետք է լինի ապացուցողական բժշկության վրա հիմնված գործելակարգերի իմացությունը: Քննությունը պետք է լինի թեստային-համակարգչային՝ կազմված բժշկական որակավորման՝ աշխարհի լավագույն քննական թեստերի նմանությամբ (ԱՄՆ, Կանադա և այլն):
  3. Մասնավոր ապահովագրական ընկերությունների հետ մեկտեղ պետք է հիմնվի պետական ապահովագրական մարմին: Պետական ապահովագրությունը պետք է լինի համընդհանուր և պարտադիր: Ապահովագրության համար սոցիալական յուրաքանչյուր խումբ կվճարի իր կարողությունների չափով: Սկզբնական շրջանում պետական ապահովագրությունը կծածկի առողջական խնդիրների այն մասը, որը դուրս է մնում մասնավոր ապահովագրության ծածկույթից ու սոցիալական պաշտպանվածության տեսանկյունից ամենից խոցելին է: Հետագայում պետական ապահովագրությունը կարող է ընդլայնել իր ծածկույթը, օրինակ՝ ապահովագրելով այն ոլորտները, որոնց համար երաշխավոր պետք է լինի պետությունը:
  4. Կանխարգելիչ բժշկության կարևորագույն բաղադրիչներից են սկրինինգային հետազոտությունները, որոնցով հատկապես չարորակ հիվանդությունները հայտնաբերվում են զարգացման վաղ փուլում և դրանով իսկ ստանում լիարժեք բուժում, ինչի շնորհիվ փրկվում է մարդու կյանքն, ու կանխվում հաշմանդամությունը: Հնարավոր և արդյունավետ բոլոր սկրինինգները շատ արագ պետք է ներդրվեն, դառնան մատչելի և իրականացվեն հանրապետության ամբողջ տարածքում: Սկրինինգային հետազոտությունների պատշաճ կազմակերպումը կարող է զգալիորեն մեծացնել պոլիկլինիկական ծառայության գործունեության արդյունավետությունը:
  5. Պետական, համընդհանուր, պարտադիր ապահովագրության առաջին փուլը կիրականացվի ուռուցքաբանության ոլորտում, որի ծախսերն ամբողջությամբ պետք է ծածկի ապահովագրական ֆոնդը: Ուռուցքաբանությունը, լինելով ընդամենը մի քանի բժշկական կենտրոնների և մի քանի մասնագիտական թիմերի կողմից իրականացվող աշխատանք, հեշտությամբ կարելի է վերահսկել, որպեսզի այն իրականացվի ապացուցողական բժշկությանը համապատասխան, առանց ավելորդ ծախսերի և առանց կիսատ և ուշացած քայլերի: Այսպիսով, ապահովագրական ֆինանսների սպառումը կարելի է հեշտությամբ վերահսկել և դարձնել առավելագույնս արդյունավետ: Բացի այդ՝ սկրինինգային ծրագրերի ներդրումը կկրճատի ուռուցքային դեպքերի հաճախությունը, ինչն էլ իր հերթին կկրաճատի ուռուցքաբանության վրա ծախսվող ֆինանսական միջոցների չափը:
  6. Այսօր պետպատվերի համակարգով փոխհատուցվում են սրտամկանի կայացած ինֆարկտի բուժման ծախսերը, ինչը փրկում է հիվանդի կյանքը, բայց չի կանխում հաշմանդամությունը: Կանխարգելիչ առողջապահության կարևոր դրույթներից է նաև հաշմանդամության կանխումը, որը հնարավոր է, եթե հիվանդի բուժումը սկսվի մինչև սրտամկանի ինֆարկտի զարգացումը: Բացի քաղաքացուն հաշմանդամությունից ազատելը՝ այս տակտիկան կխնայի նաև պետական միջոցները, որոնք տրամադրվում են արդեն հաշմանդամություն ձեռք բերած անձի անաշխատունակությունը փոխհատուցելու համար: Պետական պարտադիր, համընդհանուր ապահովագրության հաջորդ փուլը կարող է ընդգրկել հենց այս ոլորտը՝ ծածկելով սրտաբանական բոլոր ծախսերը՝ բոլոր քաղաքացիների համար: Այս փուլն արդյունավետ հաղթահարելուց հետո կարելի է նույն տրամաբանությամբ հերթով անցնել մանկաբուժությանը, շաքարային դիաբետին և կլինիկական այլ ոլորտների՝ ըստ կարևորության:
  7. Ծխախոտային կախյալությունը հիվանդություն է, որի բուժումը կարող է կանխել սիրտանոթային հիվանդությունների մեծ մասի զարգացումը և ուռուցքային հիվանդությունների զգալի մասի առաջացումը: Պետք է հստակ զանազանել ծխելու դեմ պայքարը՝ ծխողների դեմ պայքարից: Այդ միջոցառումները և դեղամիջոցները պետք է դարձնել համընհանուր հասանելի և կիրառելի: Բարեհաջող իրականացնելով ծխախոտային կախյալության դեմ պայքարը՝ համանման կերպով կարելի է սկսել ճարպակալման դեմ պայքարի նախագիծ, որը նույնպես կարող է ունենալ կանխարգելիչ մեծ ազդեցություն հաշմանդամության տանող և մահացու մի շարք հիվանդությունների համար:
  8. Առողջապահության ոլորտի անվերահսկելի հիմնական կաշառքը հիվանդին ուղեգրող բժշկին վերադարձվող փողն է (откат), որը լաբորատոր և գործիքային հետազոտությունների դեպքում կազմում է հիվանդի կողմից վճարվող գումարի 20-30 %-ը: Այս գումարը նախ թանկացնում է հետազոտությունների գինը, ապա խթան հանդիսանում, որպեսզի բժիշկները նշանակեն ավելորդ և անհարկի հետազոտություններ՝ մեծացնելով վատնումները: Ո՛չ որակավորման համակարգը, ո՛չ էլ գործելակարգերը չեն կարող հիմնովին կասեցնել այս գործընթացը, քանի որ բժշկին միշտ տրված է գործելու որոշակի ազատություն, որոշումներ կայացնելու ինքնուրույնություն: Լուծումը պետության կողմից լաբորատոր և գործիքային հետազոտությունների գների վերահսկումն է: Պետությունն ունի բազմաթիվ հիվանդանոցներ և պոլիկլինիկաներ: Դրանցում պետք է վճարովի ծառայությունների գները լինեն այնքան մատչելի, որ մասնավոր հետազոտական կենտրոնները պետական գներին մոտ գներով կարողանան ստանալ շահույթ, բայց ոչ այնքան, որ այդ շահույթը բավականացնի նաև կաշառք տրամադրելուն: Ավելի բարձր գներ դնելու դեպքում մասնավոր կենտրոններն ուղղակի չեն լինի մրցունակ:

Ամփոփում.

Վերը շարադրված նախագծերից մի քանիսը կարելի է իրականացնել ամիսների ընթացքում, մյուսները՝ մի քանի տարում: