Արտաքին քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հիմքում ունե­նալով երկու հիմնական ելակետ՝ պետական շահ և միջազգային գործող իրավունք։ Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթը։ Հնարավոր բոլոր հար­ցե­րը պետք է դիտարկվեն և լուծվեն դրանց շրջանակներում։

Մենք Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետու­թյան տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտությունն իր հիմքում ունի 1991 թ․ ԱՊՀ կառույցին Հայաստանի Հանրապետության առանց հատուկ կարծիքի միանալու և նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճա­նաչման Եվրոպական խորհրդի 1991 թ․-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որո­շումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եւ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրա­վունքից զրկելը։

Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Արցախի Հանրապետության բնակչության կյան­քի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կար­գավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը։ Հետևաբար, մեր կուսակցության քա­ղա­քա­կանությունն այս հարցում հիմնված է լինելու նաև Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա։

Մենք գտնում ենք, որ պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշ­նության միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշ­նության։ Սա առաջին հերթին վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին և կար­գավիճակին։ Նույնը կարելի է ասել ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմի և կար­գավիճակի մասին։

Որպես Հայաստանի առանձնահատկություն ենք դիտարկում այն հանգամանքը, որ Արցախյան պա­տերազմից հետո երկիրը դարձել է տարածաշրջանային անվտանգության արտահանող։ Մյուս առանձ­նահատկությունը երկրի աշխարհագրական դիրքն է, որը տարբեր հակասական շահեր ունե­ցող տարածաշրջանում մեծ քաղաքական կշիռ և քաղաքական հարցերում մանևրելու հնա­րա­վո­րու­թյուն է տալիս պետությանը։ Հաջորդ առանձնահատկությունը պատմականորեն ձևավորված մեծ Սփյուռքն է, որը պետական շահի առաջխաղացման գործում կարող է էական ազդեցություն ունենալ։

Որպես թիրախներ ենք դիտարկում երկրի տնտեսական շահի արդյունավետ սպասար­կու­մը, դիվանագիտական քրտնաջան աշխատանքի արդյունքում Հայաստանի և Արցախի քա­ղա­քա­ցի­ների սահմանադրորեն ամրագրված սահմաններում ֆիզիկական անվտանգության լավագույն պաշ­տպանությունը, արցախյան հարցի խաղաղ կարգավորումն ու տարածաշրջանում երկարատև խա­ղա­ղության հաստատումը։ Ելնում ենք նրանից, որ հարևաններին չենք կարող փոխել, և բա­րիդրա­ցիական հարաբերություններն այլընտրանք չունեն։ Այսպիսի քաղաքականությունը պետք է ելնի այն տրամաբանությունից, որ յուրաքանչյուր սերունդ մյուսներին պետք է փոխանցի ավելի ապա­հով ֆիզիկական տարածք։