Բնության պահպանությունը, դրա մշտական բարելավումը մեր գերակա առաջնահերթությունն է․ մեր բոլոր որոշումներում և դրանից բխող քաղաքականությունների մշակման ժամանակ մենք այն միշտ հաշվի ենք առնելու:
Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը և նրա մաս կազմող բոլոր կենսաբանական օրգանիզմները, արարածներն ու տարրերը մեր մշտական հոգածության և պաշտպանության կարիքն ունեն: Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հանդեպ: Մարդը և մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարերը պետք է ապրեն ներդաշնակության, փոխօգնության և հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով:
Տնտեսական առումով Հայաստանի Հանրապետության բնական պաշարները՝ ընդերքը, հողը, ջուրը, օդը, բուսական,կենդանական և այլն, նրա ժողովրդի սեփականությունն են, ընդ որում՝ ո՛չ միայն ներկա ժամանակում հաստատված կարգերով հարաբերվող ՀՀ քաղաքացիների, այլև նրանց սերունդների, որոնք հնարավոր է՝ նոր մոտեցումներ որդեգրեն իրենց սեփականությունը տնօրինելու հարցում։ Բնությանը և բնական պաշարներին վերաբերող հարցերում անհրաժեշտ է ելնել այն հանրաճանաչ կանխավարկածից, որ «շրջակա միջավայրը մենք ո՛չ թե նվեր ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։ Ուստի բնական պաշարների օգտահանման, բնօգտագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սեփականությունը չյուրացնելու, դրա օգտահանումից նրանց համար ապագայի լավ պայմաններ ստեղծելու սկզբունքներով։
Բնական պաշարների օգտագործումը, ի տարբերություն այլ ոլորտների, իր ամբողջ ծավալով նստած է հանրային ունեցվածքի բազայի վրա, և անարդար կլինի, որ այն հավասար պայմաններով հարկվի տնտեսական գործունեության այլ ձևերի հետ։ Բնական պաշարների օգտագործումից և արդյունահամնումից առաջացող հարստությունը բաշխվում է սոցիալական արդարության սկզբունքով և չի կարող ծառայել կլանային կամ ինչ-որ արտոնյալ փոքր խմբերի, կազմակերպությունների կամ կորպորացիաների՝ լինեն դրանք տեղական թե միջազգային:
Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական արդեն իսկ գործող համալիրի դեպքում առաջարկում ենք որդեգրել վերը նշված հարկային քաղաքականությունը և հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաները նոր՝ առավել կանաչ տեխնոլոգիաներով փոխարինող ընկերություններին, իսկ հրաժարվելու դեպքում՝ գանձված հարկային միջոցները ծառայեցնել նաև այդ նպատակին։ Երկարաժամկետ կտրվածքով արդեն իսկ գործող մետաղական հանքերը նույնպես պետք է փակվեն: Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժամանակի ընթացքում չեզոքցնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տեղական համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնական փակվելու են բոլոր մետաղական հանքերը:
Բնությունը մեր կենսատարածքն է, որի որակը պետք է շարունակաբար բարելավվի։ Այն պետք է առողջ միջավայր հանդիսանա ինչպես մարդկանց, այնպես էլ ներդաշնակ գոյատևող այլ արարածների համար։
Այս առումով մենք կարևորում ենք հետևյալ քայլերը․
- բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունների տրամադրումը,
- փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարները, ռեկուլտիվացիոն դրամագլխի վճարները, արտանետման վճարները։ Կոշտ և համարժեք քաղաքականություն վարել միջավայրի աղտոտման հարցում,
- արմատապես բարեփոխել ՇՄԱԳ փորձաքննության համակարգը՝ գիտականորեն լիարժեք քննված, փաստարկված, ապացուցված քաղաքականություն իրականացնելու նպատակով,
- վարել Արարատյան արտեզյան ավազանի վերականգնողական կոշտ քաղաքականություն, տնտեսվարողների հետ համագործակցելով՝ առնվազն 65%-ով կրճատել ձկնաբուծական նպատակով օգտագործվող խորքային հորերի ջրերի ծախսը,
- Սևանա լճի կառավարման պլանը համապատասխանեցնել էկոլոգիական չափանիշներին՝ լճի էկոլոգիական վիճակը ունենալով որպես թիվ 1 առաջնահերթություն,
- զարգացնել անտառային մոնիթորինգի համակարգը։ Անտառամերձ համայնքների բնակչությանը ներգրավել որպես անտառների պահպանությունից ստացվող տնտեսական օգուտի անմիջական շահառու։ Պետական կապիտալ ներդրումներով խթանել էկոբիզնեսի զարգացմանը,
- հողահանդակների օգտագործման ոլորտում իրականացնել լիարժեք հսկողություն, պլանավորում՝ բացառելու հողերի դեգրադացիան և էրոզիան,
- հիմնովին բարեփոխել թափոնների և հատկապես կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի օրենսդրությունը։ Աղբավայրերի տեղադրումը իրականացնել գիտականորեն հիմնավորված պլանավորմամբ՝ պարտադիր նախատեսելով վերամշակման բաղադրիչ,
- բնության հատուկ պահպանվող տարածքների հիմման վրա ստեղծել կենսոլորտային պահպանավայրեր, որոնք արդի աշխարհում զբոսաշրջային կարևոր այցեքարտ են և հնարավորություն կտան շրջակա տարածքի բնակիչներին տնտեսական առավել մեծ օգուտ ստանալ բնությունը պահպանելուց՝ քան ստանում են գերշահագործումից,
- դիտարկել արագաճ ծառատեսակներով արդյունաբերական նպատակով անտառտնկման հնարավորությունը։