Գիտություն

Գիտության համակողմանի և խորքային զարգացումը մարդու, հասարակության, պետության առաջընթացն ապահովող երաշխիք է: Սակայն պետական քաղաքականության և գիտության շահերը ոչ միշտ են մեկտեղվում, օրակարգերը՝ համընկնում. գիտությունը երկարատև և հեռակա ծրագիր է ենթադրում, այն չի կարող պետության հավերժ կցորդը և անկամ ծառան լինել: ՔՈ ՍԴԿ-ն համարում է, որ արժեքավոր նվաճումներ ունենալու համար պետությունը պետք է հնարավորինս ավելացնի գիտության ֆինանսավորումը և, ընդսմին, վերանայի իր սահմանափակող դերը, թույլ տա գիտությանը և գիտնականներին ունենալու իրենց տեսիլը, փորձի խրախուսել ինքնավարությունը:

Գիտության քաղաքականությունը

Վարչահրամայական ապարատի ուռճացման և ավտորիտար մոտեցումների պատճառով պետական միջոցներից սնվող գիտությունը Հայաստանում հայտնվել  է ճահճացած վիճակում: Իշխանություն ունեցած վարչակազմերի և վերջիններիս հարող հաստատությունների հետադեմ աշխարհայացքը ու արժեհամակարգը զգալի չափով ներթափանցել են ակադեմիական միջավայր։ Մասնավորապես՝ օկուպացիայի են ենթարկվել հումանտիտար և հասարակական ոլորտի մի շարք գիտակարգեր, վախի, հարմարվողականության գիրկը նետվել գիտաշխատողների սերունդներ, որոնք հետագայում վերարտադրել են պաշտոնական դիրքից թելադրվող չափորոշիչները չքննադատելու, չփոփոխելու միտումը:

Ի՞նչ անել․

Մշակել բնական ու տեխնիկական, հումանիտար ու հասարակական գիտությունների համար առանձին մոտեցումներ։ Ֆինանսավորումը բաշխելիս առաջնորդվել հետևյալ սկզբունքով․ հումանիտար և հասարակական գիտակարգերը դուրս բերել բնական և տեխնիկական գիտությունների ստվերից, չխոչընդոտել տեսական-քննադատական բազմակերպ դպրոցների ստեղծումն ու զարգացումը:

Գիտության և կրթության միջև կապը պահպանվում է ակադեմիական ոլորտում մշակված արժեքային կաղապարների փոխանցմամբ բարձրագույն ուսումնական միջավայր: Այս երկու բնագավառի միջև պետք է հաստատվի անմիջական կապ. մի կողմից բուհերի ամբիոնները պետք է դառնան միջբնագավառային գիտական լաբորատորիաներ, մյուսից՝ գիտական հաստատությունները պետք է ակտիվ կապի մեջ լինեն Կրթության և գիտության նախարարության հետ և առաջարկներ անեն կրթական ծրագրերը կազմելիս:

Օտարալեզու գիտական գրականության ձեռքբերումն ու թարգմանությունը հրատապ և անհրաժեշտ է: Ոլորտի շահառու խմբերի հետ քննարկումներն ու խորհրդակցությունները հնարավորություն կտան գնահատելու և արձանագրելու կարիքները և փուլ առ փուլ ապահովելու դրանց բավարարումը: Մյուս կողմից էլ, հայաստանյան գիտության նպատակներից մեկը ուժեղ և արժանի գիտություն ստեղծելն է, որից միջազգային գիտական համայնքն էլ վերցնելու մի բան ունենա։

Գիտության ֆինանսավորման համակարգը

Գիտության ոլորտի պետական ֆինանսավորման ծավալները 2011- 2015 թվականներին բացարձակ արժեքով աճել են` 9 433 092.7 հազար ՀՀ դրամից մինչև 13 922 121.3 հազար ՀՀ դրամ` կազմելով համախառն ներքին արդյունքի համապատասխանաբար 0.25 – 0.28 տոկոսը (ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների): Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման հիմնական ձևը բազայինն է, որին հատկացվում է պետական ֆինանսավորման տարեկան ծավալների միջինում 72 տոկոսը: Վատ վարչարարության պայմաններում բազային ֆինանսավորումը հնարավորություն է ընձեռում մարդկանց նեղ խմբերին կառավարման լծակները իրենց ձեռքը վերցնել, փակ շրջանակում որոշումներ կայացնել ու դրանք իրացնել:

Ի՞նչ անել․

Անհրաժեշտ է հիմնարկների բոլոր գիտաշխատողներին ներգրավել հայեցակարգերի մշակման և ռեսուրսների  բաշխամանն առնչվող որոշումների կայացման մեջ, սահմանել ընդհանուր ժողովների կարգ։

Գիտաշխատողի գործունեությունն է պայմանավորում ինստիտուտի գոյությունը: Գիտության ոլորտում թեմատիկ ֆինանսավորման ավելացումը  կչեզոքացնի գիտաշխատողի կախվածությունը հաստատությունների ղեկավարությունից, կբալանսավորի բազային ֆինանսավորումը:

Տրամադրված նյութական միջոցների արդար և թափանցիկ բաշխումը և դրա նկատմամբ հասարակական վերահսկողությունը կշտկեն իրավիճակը: Սույնից բխում է «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Հիմնադրամների մասին»,  «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես նաև իրավական ակտերի և ինստիտուտների ներքին կանոնադրությունների վերանայում․ գիտական հիմնարկներում որոշումների կայացումը դարձնել բաց ու մասնակցային, չհարկել գիտական-հետազոտական ծրագրերի համար հատկացվող գրանտերը, ընդհանուր գիտական դաշտի հարկերի թեթևացում, ՊՈԱԿ-ների կարգավիճակի վերանայում՝ տնտեսական գործունեություն ծավալելու թույլտվությամբ և այլն։

Գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունները հաճախ ունեն շենքային անբարենպաստ պայմաններ, նյութատեխնիկական մաշված բազա, տասնամյակներ ի վեր համալրման կարիք ունեցող գրադարանային ռեսուրսներ, աշխատանքային անբավարար միջավայր: Նախնական փուլում միջոցների զգալի մասն ուղղել այս բացերի լրացմանը, որպեսզի հետագայում գիտաշխատողներն պատշաճ աշխատանքային պայմաններում կարողանան ձեռք զարկել վերը նշված խնդիրների լուծմանը։