Գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի հանրության պարենային անվտանգության հիմնահարցը՝ հաշվի առնելով նաև պատերազմի վերսկսման հավանականությունը։ Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է միտված լինի ստանալ բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանք՝ այն դարձնելով բրենդային քաղաքականություն։ Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը պետք է հասցնել նվազագույնի՝ այն փոխարինելով տեղում արտադրված որակյալ արտադրանքով։ Արտադրության ոլորտում, նաև պետական աջակցությամբ, պետք է աստիճանաբար կիրառել միջազգային լավագույն փորձառությունն ու նորագույն տեխնոլոգիաները, ոլորտում ծախսվող էներգիան հնարավորինս փոխարինել արևային և վերականգնվող այլ էներգատեսակներով:
Կարելի է արձանագրել, որ գյուղատնտեսության ավանդական ձևերը սպառել են իրենց և հետագա շարժընթացը պետք է գնա դեպի ինտենսիվացումը (ջերմային տնտեսությունների հիմնում) և խոշորացումը։
Սրա համար թիվ մեկ մարտահրավեր ու թիվ մեկ ներուժ ենք համարում ոռոգման համակարգը։
Առկա ոռոգման համակարգը ի վիճակի չէ գյուղացիական բոլոր տնտեսություններին ապահովել անհրաժեշտ քանակությամբ և որակով ոռոգման ջրով։
Այս ոլորտում խնդիրները լուծվելու են հետևյալ ռազմավարությամբ․
- «Ջրօգտագործողների ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններով բացառել դրանց զավթումը խոշոր հողատերերի կողմից, ճնշումները տեղական, մարզային կամ կենտրոնական իշխանությունների կողմից։ Օրենքի փոփոխությամբ պետք է երաշխավորվի ՋՕԸ-ների անկախությունը, ժողովրդավարությունը և գյուղացուն հաշվետվողականությունը,
- ջրերի կառավարման միասնական ծրագրի համակարգը կատարելագործել այնպես, որ կապակցվեն այս ոլորտին առնչվող տվյալներ տիրապետող պետական բոլոր կառույցների բազաները։ Համակարգը հասանելի դարձնել յուրաքանչյուր քաղաքացու, որպեսզի ամեն ջրօգտագործող կարողանա ստանալ իր և մնացածների սպառած ջրի, դրա դիմաց վճարումների վերաբերյալ տեղեկատվություն։
- գտնել ներդրողներ և մասնավոր-հանրային համագործակցությամբ սկսել ջրամբարաշինարարության ծրագրեր։ Տասը տարվա ընթացքում կառուցել մի քանի առաջնային անհրաժեշտության ջրամբարներ,
- ոլորտում կառավարման արդյունավետության բարձրացման միջոցով կանխատեսվող մոտ 20 տոկոս խնայողություններն անընդհատ ուղղել մաշված ենթակառուցվածների վերականգնմանը,
- տասը տարի հետո կանխատեսում ենք ինքնածախսածածկվող ՋՕԸ-եր, որոնք, ըստ էության, հիմք կդառնան կոոպերատիվների, որոնք գյուղացիներին կմատուցեն նյութատեխնիկական ապահովման ծառայություններ, իսկ հետագայում մթերման/արտահանման ծառայություններ՝ միևնույն ժամանակ չավելացնելով շահույթի բեռը ինքնարժեքի վրա,
- մշակելու և ներդնելու ենք օժանդակության գործիքներ, որոնց միջոցով կկարողանանք համաֆինանսավորել կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի ներդրումը գյուղացիների կողմից։ Միանվագ խոշոր աջակցության և դրան հաջորդող տարիների ընթացքում վերադարձվող գումարների կուտակման միջոցով հասնելու ենք նրան, որ հաջորդ անգամները գյուղացին կարողանա ինքնաֆինանսավորել այդ համակարգերի ներդրումը,
- ստեղծելու ենք ժամանակակից տեսական-կիրառական գյուղատնտեսության ոլորտի մասնագետների վերապատրաստման և ուսումնաարտադրական կենտրոն։