Երիտասարդական քաղաքականություն

Ա. Երիտասարդական քաղաքականության ոլորտում

Թափանցիկ, հասկանալի, հասանելի և արդյունավետ երիտասարդական քաղաքականության մշակում եւ գործարկում, որը նախագծված է երիտասարդների համար, երիտասարդների կողմից եւ հաշվի առնելով երիտասարդների պատկերացումները՝ իրենց եւ երկրի ապագայի մասին՝ հիմվելով երիտասարդահեն զարգացման և ուղիղ ժողովրդավարության սկզբունքների վրա:

Երիտասարդական քաղաքականությունը.

  • պետք է կառուցվի երիտասարդների կարիքների ուսումնասիրման, խորքային վերլուծության եւ փաստարկված հենքի վրա մշակված լուծումների վրա: Այն պետք է հոգա երիտասարադների կարիքները և առավելագույն պայմաններ ապահովի նրանց ներուժի կիրառման եւ ինքնաիրականացման համար,
  • պետք է հիմնված լինի սոցիալական արդարության և ներառականության սկզբունքների հիման վրա: Քաղաքականությունները և ծրագրերը պետք է լինեն առավելագույնս ներառական և հասնեն առավել խոցելի սոցիալական խմբերին,
  • պետք է իրականացնի տաղանդների կառավարման արդյունավետ ծրագրեր: Մեծ ստեղծագործական, մտավոր և գիտական ներուժ ունեցող երիտասադները պետք է ստանան լիարժեք պետական աջակցություն՝ իրենց ինքնաիրականացման ապահովման համար,
  • պետք է մոտիվացնի երիտասարդին՝ ներգրավվելու քաղաքական և քաղաքացիական գործընթացներին, բարձրացնի տեղեկացվածության մակարդակը երկրում առկա խնդիրների ու դրանցով զբաղվող նախաձեռնությունների մասին, նպաստի իրավագիտակցության բարձրացմանը,
  • պետք է նպաստի երիտասարդների ազգային և միջազգային շարժին ու շարժունակությանը։ Երիտասարդներին պետք է տրվեն շփվելու, փորձի փոխանակման եւ համագործակցության հնարավորություններ՝ Հայաստանում և արտերկրում իրականացվող ծրագրերին մասնակցության, նման ծրագրերի նախաձեռնման ու իրականացման միջոցով,
  • երիտասարդների համար պետք է ապահովի արժանավայել վարձատրվող և ինքնազարգացմանն ու ինքնաիրականացմանը նպաստող աշխատանք ստանալու կամ ստեղծելու հնարավորություն: Երիտասարդների համար պետք է մշակվեն և գործարկվեն մասնագիտական կողմնորոշման արդունավետ համակարգեր, ինչպես նաև առաջին աշխատանքային փորձի հնարավորություններ ապահովող ծրագրեր,
  • երիտասարդների համար պետք է ապահովի մասնագիտացման և վերամասնագիտացման ապահովման մեխանիզմներ՝ ի դեմս ցկյանս ուսուցման (life long learning) և համընդգրկուն ուսուցման (life-wide learning) ու այլ համակարգերի,
  • պետք է ուղղված լինի Հայաստանի բոլոր համայնքների և երիտասարդական խմբերի համաչափ ու ներդաշնակ զարգացմանը. պետք է վերացվեն մայրաքաղաքի և մարզերի, կենտրոնական բնակավայրերի և ծայրամասերի, քաղաքի և գյուղի հնարավորությունների ու ենթակառուցվածքների միջև առկա ծայրահեղ տարբերությունները,
  • պետք է լինի մասնակցային. երիտասարդները պետք է պատրաստվեն և հնարավորություներ ստանան մասնակցելու իրենց հետ կապված բոլոր որոշումների կայացման գործընթացներին: Հատուկ պետք է խրախուսվեն երիտասարդական տարբեր տիպի խորհուրդները, ուսանողական և դպրոցական ինքանակառավարման մարմինները, պետք է ապահովվի դրանց ապաքաղաքական, արդյունավետ ու թափանցիկ աշխատանքը, ինչպես նաև խթանվեն ժամանակակից, նորարական և երիտասրդներին առավել մոտիվացնող նոր մասնակցության հնարավորություններ ու ձեւաչափեր,
  • պետք է լինի թափանցիկ և վերահսկվող: Բոլոր պետական քաղաքականություններն ու ծրագրերը պետք է գործեն առավելագույնս թափանցիկ և մասնակցային կառավարման սկզբունքների համաձայն: Պետք է մշակվեն և գործարկվեն միջոցների ծախսման վերահսկման ու ծրագրերի արդյունավետության գնահատման հստակ համակարգեր:

Բ. Երիտասարդական ծրագրեր և այլ աշխատանք երիտասարդների հետ

Պետական երիտասարդական ծրագրերն ու միջգերատեսչական համագործակցության մեխանիզմները և ենթակառուցվածքները պետք է ապահովեն երիտասարդների համակողմանի ու ներդաշնակ զարգացման բազմաբնույթ ծրագրեր, որոնք կնպաստեն նրանց ներուժի իրագործմանը, բարեկեցությանը և երջանիկ ապագայի ապահովմանը:

Երիտասարդական ծրագրերն ու աշխատանքը.

  • պետք է օգնեն երիտասարդներին ներդաշնակ կերպով զարգացնելու իրենց հոգևոր, ինտելեկտուալ, էմոցիոնալ ու ֆիզիկական դաշտերը և կառուցել աշխարհընկալման արդյունավետ մոդել, որը թույլ կտա ճշգրիտ կողմնորշվել, որոշել առաջնայնություններ, ինչպես նաև դնել ու հասնել իրենց նպատակներին,
  • պետք է նպաստեն երիտասարդների տնտեսական հզորացմանն ու ֆինանսատնտեսական անկախությանը: Երիտասարդների համար առանձնահատուկ կարևորության խնդիր է ճիշտ մասնագիտական կողմնորոշումը և տնտեսական ոլորտում ակտիվ մասնակցության հնարավորությունների դաշտի առկայությունը: Երիտասարդներն այստեղ ունեն լրջագույն ներուժ, որի իրացման պարագայում ոչ միայն կապահովեն իրենց անձնական բարեկեցությունը, այլև կնպաստեն երկրի թռիչքային զարգացմանը,
  • պետք է Հայաստանի բոլոր մասերում ապահովվեն երիատասարդների որակյալ ժամանցի հնարավորություններ: Այստեղ ևս պետք է լրջագույն ուշադրություն դարձվի երկրի անհամաչափ զարգացմանը այս տեսանկյունից և հատուկ ծրագրերով ապահովվի մարզերի, ու հատկապես գյուղական շրջանների ենթկառուցվածքների և ծրագրերի հզորացումը,
  • պետք է նախագծվեն ու գործարկվեն նորարարական մեխանիզմներով և հաշվի առնելով աշխարհի տարբեր երկրների առաջատար փորձը: Ծրագրերը պետք է հաշվի առնեն ներկայումս Հայաստանում և գլոբալ մակարդակում ընթացող տրանսֆորմացիոն գործընթացներն ու դրանց միտումները և չհիմնվեն նախկինում իրենց անարդյունավետությունը բազմիցս ապացուցած ռեակտիվ, պրոբլեմ լուծելու վրա հիմնված մոտեցումների վրա,
  • պետք է ամեն կերպ խթանվեն միջսերնդային համերաշխությունն ու փոխհամագործակցությունը: Նախկին իրողությունների վրա հիմնված մեծահասակների գիտելիքի ու փորձի մոնոպոլ տիրապետման մոդելը պետք է փոխարինվի գիտելիքների և փորձի միջսերնդային փոխանակման պրակտիկաներով: Եվ պետք է մշակվեն ու իրականացվեն համատեղ զարգացման օրակարգեր և ծրագրեր, որտեղ ներգրավված կլինեն առնվազն երեք սերունդների ներկայացուցիչներ,
  • պետք է իրականացվեն՝ հիմնվելով որակի հստակ չափանիշների վրա, և ըստ այդմ՝ պետք է մշակվեն ու գործարկվեն երիտասարդների հետ աշխատանքի արհեստավարժ և որակյալ մասնագետների պատրաստման մեխանիզմներ,
  • պետք է հիմնված լինեն ռազմավարական պլանավորման հստակ գործընթացների վրա: Պետք է զարկ տրվի երիտասարդական ոլորտի տարբեր բնույթի ռազմավարական մշակումների հարթակների ձեւավորմանը, որոնք կմշակեն զարգացման հստակ սցենարներ, մոդելներ ու չափորոշիչներ,
  • պետք է հաշվի առնեն և առանձնահատուկ կարևորություն տան ինֆորմացիոն հասարակարգի իրողություններին: Նախկին ինդուստրիալ համակարգի մնացուկային մոտեցումներն ու ծրագրային դրույթները պետք է ենթարկվեն կոշտ վերանայումների և թարմացումների, հարմարեցվեն ապագայի մարտահրավերների լուծմանը,
  • պետք է միտված լինեն երիտասարդների հոգևոր ու մշակութային զարգազմանը, նպաստեն երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը՝ ներառյալ վնասակար սովորույթների մասին իրազեկումը,
  • պետք է դիտարկեն երիատասարդական խնդիրները համայն հայության տեսանկյունից: Երիտասարդական ծրագրերում հատուկ ուշադրություն պետք է դարձվի սփյուռքահայ երիտասարդների հետ համագործակցային մեխանիզմների ձևավորմանը, ինչպես նաև Սփյուռքի բոլոր սերունդների ներկայացուցիչների մասնագիտական ու փորձագիտական ներուժի կիրառմանը Հայաստանում և Հայաստանից դուրս երիտասարդական ծրագրերի կազմակերպման գործընթացներում: