Կրթությունն անհատի, հասարակության և պետության շահերից բխող գործընթաց է՝ ուղղված ազգային և համամարդկային արժեքների ու գիտելիքների փոխանցմանը սերունդներին և դրանք կրող, հայրենիքի ու մարդկության համար պատասխանատու, ազատ, ստեղծագործող, բարոյական, նախաձեռնող անհատի և քաղաքացու ձևավորմանը, որն իր հերթին միտված է ապահովելու հանրության սոցիալական առաջընթացը:
Կրթության հիմնական առաքելությունն է.
- ապահովել յուրաքանչյուր անհատի ազատ, կայուն և շարունակական զարգացման համար առավելագույն նպաստավոր պայմաններ և հավասար հնարավորություններ,
- դաստիարակության և ուսուցման միջոցով նպաստել մարդու մտավոր, հուզական և կամային կարողությունների ներդաշնակ զարգացմանը,
- սերունդներին փոխանցել մարդկության փորձն ու մշակութային ժառանգությունը, որոնք հիմք են հանդիսանում հասուն մարդու և արժանապատիվ քաղաքացու ձևավորման ու զարգացման համար։
Որակյալ կրթության ապահովման սկզբունքները
- Պետության և հասարակության զարգացման նպատակով պետությունն ապահովում է կրթության և գիտության համար բյուջեի առնվազն 4,5%-ի չափով ֆինանսավորում,
- պետությունը դիտարկում է կրթության ու գիտության զարգացումը որպես հասարակության և պետության զարգացման հիմնական խթան ու շարժիչ ուժ, ուստի դրանց զարգացումը հանդիսանում է ազգային անվտանգության հայեցակարգի մաս,
- պետությունն ապահովում է ուսումնական հաստատության ապաքաղաքականացված և ինքնավար լինելը` ծրագրի որոշման, մեթոդաբանության ձևակերպման, կրթական պրոցեսի կառավարման և սեփական հայեցողությամբ հաստատության բյուջեն տնօրինելու տեսանկյունից,
- ուսումնական հաստատության բյուջեն և ծախսերը կառավարվում են բաց և թափանցիկ սկզբունքներով, որոնց ապահովումը թերանալու պարագայում սահմանվում է պատասխանատվություն,
- պետությունը երաշխավորում է կրթության համակարգի ներառականությունը, բոլորի համար հավասար հնարավորությունները։
Հանրակրթություն
Կրթությունը նպատակաուղղված է լուծելու երկու խնդիր` ձևավորել անհատ, որը կունենա բարոյական՝ ճշմարիտի, գեղեցիկի և բարու վրա հիմնված իդեալներ, և որն ունակ կլինի գործնական քայլերի՝ հանուն այդ իդեալների կյանքի կոչման ու պահպանման:
Գիտության սրընթաց զարգացման ու տեղեկատվական հոսքերի արագության պայմաններում գիտական պատկերացումների և տեխնոլոգիաների անընդհատ նորացումը առաջ է բերում դրա մեջ ազատ կողմնորոշվելու խնդիր: Այն լուծվում է ոչ թե գիտելիքների քանակական կուտակման միջոցով, այլ որակապես՝ համապատասխան ընդունակությունների զարգացման միջոցով:
Ժամանակակից կրթության խնդիրն է յուրաքանչյուր անհատի մոտ ձևավորել անծանոթ իրավիճակում կողմնորոշվելու, ինքնուրույն ու անկաշկանդ գործելու ընդունակություն, որի դրսևորումներն են․
- քննարկան մտագործունեության օգնությամբ դատողությունների ձևավորումն ու որոշումների ընդունումը,
- մշակութային ճանաչման ու ճաշակի ձևավորման արդյունքում աշխարհի գեղագիտական ընկալումն ու վերապրումը,
- կամային ընդունակությունների և ստեղծագործական երևակայության զարգացման միջոցով սեփական նախաձեռնությունների հետևողական իրագործումը:
Կրթության բովանդակությունը և մեթոդաբանությունը միտված է հիմնվել ազատության սկզբունքի վրա և ձևավորվել ազատ ստեղծագործական մթնոլորտում՝ կաշկանդված չլինելով ամենօրյա գործունեությունը թելադրող և վերահսկող ծրագրերից, ուսումնական պլաններից, դասագրքերից ու տեսուչներից:
Կրթության չափորոշիչները, ծրագիրը, ուսումնական պլանը և դասագիրքը, ինչպես և դասավանդման մեթոդները, դասի, մեկ ուսումնական օրվա, շաբաթվա, տարվա և ամբողջ դասապրոցեսի կազմակերպումը պետք է հիմնվեն երեխայակենտրոնության սկզբունքի վրա և համապատասխանեն երեխայի՝ առողջ և ներդաշնակ ձևավորման պահանջին:
Կրթությունը պետք է հիմնվի նաև հավասար հնարավորությունների սկզբունքի վրա և կախված չլինի ծնողի նյութական հնարավորություններից ու երեխայի ընդունակություններից:
Մանկավարժի ստեղծագործական ազատությունը, ուսումնական ծրագրերի և դասավանդման մեթոդների երեխայակենտրոնությունը և երեխաների՝ ծնողների աշխարհայացքին համապատասխանող որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունները հանդիսանում են ժամանակակից կրթահամակարգի ձևավորման երեք կարևորագույն սկզբունքները:
Կրթության «Ոսկե եռանկյուն»
ԵՐԵԽԱ – ԾՆՈՂ – ՈՒՍՈՒՑԻՉ
Որտեղ երեխան պաշտպանված է՝
- նյութական կամ այլ պատճառներով որակյալ կրթությունից զրկվելու վտանգից,
- որևէ խտրականությունից՝ առողջական, սոցիալական, ազգային, կրոնական կամ այլ,
- այնպիսի կրթական միջավայրում հայտնվելու հնարավորությունից, որտեղ նրա հոգեկան և ֆիզիկական առողջությունը կարող է լինել վտանգված։
Որտեղ երեխան ունի՝
- որակյալ, ժամանակակից աշխարհի պահանջներին ու արդի չափանիշներին բավարարող կրթություն ստանալու իրավունք ու բարեկեցիկ կենսապայմաններ ստեղծելու համար բավարար հմտություններ ու անձնային հատկանիշներ զարգացնելու հնարավորություններ,
- ինքնադրսևորվելու և ստեղծագործելու համար բարենպաստ միջավայր,
- անվճար սնունդ 1-4-րդ դասարաններում (հետագայում անվճար սնունդով պետք է ապահովված լինեն բոլոր երեխաները),
- իր ունակություններին ու հետաքրքրություններին համապատասխան առարկայական, սպորտային ու մշակութային առանձին ուղղություններով զարգանալու համար արտադպրոցական անվճար խմբակներ հաճախելու իրավունք,
- կրթության համար պետությունից ստացվող ֆինանսավորում՝ անկախ դպրոցի պետական կամ մասնավոր կարգավիճակից։
Որտեղ ծնողը պաշտպանված է՝
- դրամահավաքներից,
- երեխային կրկնուսույցի մոտ տանելուց,
- երեխայի հետ կամ փոխարեն դաս անելուց,
- քաղաքական կամ որևէ այլ տեսակի պարտադրանքներից՝ պայմանավորված երեխայի տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու փաստի հետ։
Որտեղ ծնողն ունի՝
- կրթական հաստատության կառավարմանը մասնակցելու իրավունք և հնարավորություն,
- իրավունք՝ պետությունից ակնկալելու իր երեխայի համար որակյալ կրթության և անձնային զարգացման համար առողջ միջավայրի ու հնարավորությունների ապահովում,
- երեխային մինչև ժամը 18:00 դպրոցում թողնելու իրավունք և հնարավորություն,
- իր երեխայի համար սեփական պատկերացումներին համապատասխան ուսումնական հաստատություն ընտրելու հնարավորություն և պետական ֆինանսավորում՝ անկախ դպրոցի կարգավիճակից։
Որտեղ ուսուցիչը պաշտպանված է՝
- վերադասի ճնշումներից ու թելադրանքից,
- քաղաքական, կրոնական և այլ կողմնակի ազդեցություններից։
Որտեղ ուսուցիչն ունի՝
- սոցիալական երաշխիքներ և արժանապատիվ աշխատավարձ ստանալու իրավունք,
- 7 տարին մեկ ֆինանսավորվող ակադեմիական արձակուրդ,
- ստեղծագործական ազատություն՝ երեխաների անհատական կարիքներին համապատասխան մոտեցումների և մեթոդների ընտրության հարցում,
- դպրոցի կառավարմանը ուղղակիորեն մասնակցելու իրավունք։
Եւ վերջապես, ուսումնական հաստատությունը պաշտպանված է՝
- քաղաքական կամ որևէ այլ տեսակի ճնշումներից,
- պաշտոնեական կամայականություններից,
- քաղաքական և կրոնական քարոզչությունից։
Ուսումնական հաստատությունն ունի՝
- ինքնավարություն, սեփական կարգավիճակը և կառավարման ձևը որոշելու իրավունք,
- ստեղծագործական ազատություն՝ իր տեսակը, մանկավարժական ուղղվածությունը և մեթոդները որոշելու հարցում,
- պետական ֆինանսավորում՝ անկախ կարգավիճակից,
- գյուղերում կրթական, մշակութային և համայնքային կենտրոն լինելու համար անհրաժեշտ պետական օժանդակություն,
- սեփական ուժերով մանկավարժներ վերապատրաստելու իրավունք։
Նախնական եւ միջին մասնագիտական կրթություն
Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում էական նշանակություն ունեն մասնագիտական որակյալ կրթությունն ու ուսուցումը: Դրա ապահովումն ու մատչելիությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից են:
Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի զարգացման քաղաքականությունն ուղղված է անհատի ինքնության գիտակցմանն ու արժևորմանը նպաստող որակների զարգացմանը, աշխատաշուկայում մրցունակ մասնագետի պատրաստմանը, համամարդկային արժեքների վրա խարսխված, թափանցիկ, հաշվետու և ժողովրդավարական կրթական համակարգի զարգացմանը, անհատական արժեքների ձևավորման համար օրինակ հանդիսանալուն և նպաստավոր միջավայր դառնալուն:
Երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումային լայնածավալ ծրագրերի իրականացման պայմաններում համապատասխան կադրերի ապահովումը, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի զարգացումը նոր խնդիրներ ու պահանջներ են առաջադրում նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում: Տարեցտարի մեծանում է հատկապես նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետների պահանջարկը` մասնավորապես ծառայությունների մատուցման, սոցիալական և տնտեսական ոլորտներում:
Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի զարգացումը պայմանավորված է հետևյալ գործոններով․
- երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միտումներով,
- աշխարհում տեղի ունեցող գիտատեխնիկական արագընթաց փոփոխություններով,
- աշխատաշուկայի պահանջարկի ձևավորվամբ,
- գյուղական համայնքների երիտասարդության համար կրթության մատչելիության ապահովմամբ,
- կարողությունների և ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ:
ՄԿՈՒ ոլորտի կարևորագույն խնդիրներից է կրթության որակի բարձրացումը՝ ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը՝ քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար պայմաններում:
ՄԿՈՒ ոլորտի զարգացման հիմնական խնդիրներն են,
- բացառիկ նվաճումներին միտված ծրագրերը խրախուսող ներդրումային քաղաքականության մշակում,
- բարեփոխումներն առաջնորդելու կարողությունների հզորացում,
- հանրությանն անմիջական հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում,
- կրթության բովանդակության և չափորոշիչների բարելավում,
- դասավանդող կադրերի և կառավարման աշխատակազմի կարողությունների հզորացում,
- համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումներ,
- միջազգային ցանցերում մասնակցության ընդլայնում,
- կրթական ծրագրերի համապատասխանեցում սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներին,
- ուսուցման կարճաժամկետ ծրագրերի մշակում և ներդրում,
- մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնակցություն մեծահասակների կրթության կազմակերպման ու իրականացման գործում:
ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության լիարժեք ձևավորումը, գործատուների ներգրավումը և ակտիվ մասնակցությունը համակարգի կառավարման աշխատանքներում կնպաստի այդ ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը և զարգացմանը, մասնավորապես՝ արագ արձագանքելու զարգացող տնտեսության որոշ ճյուղերի պահանջներին:
Անհրաժեշտ են նաև արդյունավետ միջազգային համագործակցության զարգացման մեխանիզմներ` այլ երկրների նմանատիպ ուսումնական հաստատությունների հետ կապ հաստատելու նպատակով: Նման համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել և բարելավել ձեռք բերված արդյունքները` դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար ՄԿՈՒ մատչելիության աստիճանի շարունակական բարձրացում:
Մեծահասակների կրթություն
Մենք գտնում ենք, որ մեծահասակների կրթությունը հիմնարար պայման է ժողովրդավարությունը զարգացնելու, կենսունակ քաղաքացիական հասարակության բարեկեցությունը ապահովելու և առաջընթացը ակտիվացնելու, ինչպես նաև քննադատական մտածողությանն ու հզորացմանը աջակցելու համար: Անհրաժեշտ է դիտարկել և պետության դրական պարտավորություն սահմանել մեծահասակների համար կայուն կրթական բազամազանության ապահովումը, այդ թվում՝ տարրական հմտությունից մինչև լեզվի ուսուցում, մշակութային և ժամանցային դասընթացից մինչև մասնագիտական ուսուցում, ընտանեկան կրթությունից մինչև առողջապահություն: Մեծահասակաների կրթության գործընթացում անհրաժեշտ է մեկտեղել ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական համակարգերի առավելությունները՝ տալով նոր հնարավորություններ, ուղի հարթելով զարգացման և ինքնակրթման համար, օգնելով մեծահասակներին/ծնողներին/ երեխաների հետ շփումներում, ակտիվացնելով մարդկանց քաղաքացիական մասնակցությունը, ստեղծագործական ու մշակութային ակտիվությունը։
Մեծահասակների կրթության ապահովումը նպատակ ունի նպաստելու համընդհանուր բարեկեցությանը՝ օրինակ՝ վաղ տարիքում չստացած կրթության պակասը լրացնելով, որը կարող է էապես նպաստել և ակտիվացնել մեծահասակների հանրային ներգրավվածությունը հասարակական կյանքի, որոշումների կայացման գործընթացում: Պետությունը պետք է սահմանի, խթանի և հետամուտ լինի ցկյանս ուսումնառության մեխանիզմների ապահովմանը, շարունակական բարելավմանը և զարգացմանը։