Մարդու իրավունքներ

Մարդու իրավունքներ

Մարդու իրավունքների ու քաղաքացու ազատությունների ապահովումն ու պաշտպանությունը պե­տության հոգածության առաջնային խնդիրն է։ Հայաստանի Հանրապետությունում պետք է լավագույնս պաշտպանված լի­նեն երկրի յուրաքանչյուր բնակչի բոլոր իրավունքները՝ անկախ նրա սեռից, դավանանքից, տա­րի­քից, սոցիալական վիճակից և այլ տարբերություններից։

Մարդու իրավունքները համընդհանուր չափանիշներ են և կիրառվում են բոլոր մարդկանց նկատմամբ:

Մարդու իրավունքները՝

  • համընդհանուր են, ներհատուկ են բոլոր մարդկանց,
  • ուղղված են յուրաքանչյուրին ներհատուկ արժանապատվության և յուրաքանչյուրի հավասար արժեքի պահպանմանը,
  • անօտարելի են (չեն կարող չեղարկվել կամ վերցվել),
  • անկախ են և փոխկապակցված (յուրաքանչյուր մարդու իրավունք սերտորեն կապված է այլ մարդու իրավունքների իրացման հետ),
  • ձևակերպված են որպես անհատների (և խմբերի) իրավասություններ, որոնք առաջացնում են պարտավորություններ պետությունների համար ,
  • երաշխավորվում են միջազգային մակարդակում և պաշտպանվում են օրենքով

Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, մարդու իրավունքներից բխող երեք տեսակի պարտավորություն է ստանձնում ՝

  • հարգանք՝ չխոչընդոտել մարդու իրավունքների իրացմանը,
  • պաշտպանել՝ երաշխավորել մարդու իրավունքների իրացումը, որ որևիցե երրորդ կողմ չխանգարի դրան,
  • իրականացնել՝ դրական քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների իրականացման համար:

Սոցիալ-դեմոկրատական ավանդույթները քաղաքական ոլորտում ներառել են մարդու արժանապատվության  և  հավասարության հիմնարար բաարոյական արժեքներ, որոնք մարդու իրավունքների վրա հիմնված երկու հիմնաքարերն են:

Մեր գաղափարախոսությունը հիմնված է մարդու իրավունքների անբաժանելի և համընդհանուր լինելու, ինչպես նաև մարդու իրավունքների, ժողովրդավարության և սոցիալական զարգացման արժեքների փոխկապակցվածության  սկզբունքների վրա: Ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված կառավարումը քաղաքացիական, քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավունքների իրականացմանը ուղղված դրական փոփոխությունների նախապայման է, որը պետք է նպաստի բարեկեցության, եկամտի և հնարավորությունների անհավասարության հաղթահարմանը: Այլ կերպ ասած, մարդու իրավունքների պահպանման և պաշտպանության համար լավագույն կառավարման տարբերակը ժողովրդավարությունն է: Քաղաքական և քաղաքացիական իրավունքները և ազատությունները նույնքան կարևոր են, որքան` և’ սոցիալական, և’ տնտեսական իրավունքների իրացումը: Քաղաքացիական, քաղաքական և տնտեսական իրավունքների անբաժանելիությունը սոցիալական և մշակութային իրավունքներից մարդու իրավունքների հիմնարար սկզբունքն է, ինչը արտացոլված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, փաստաթուղթ, որը համարվում է մարդու իրավունքների միջազգային «սահմանադրությունը»: Անհրաժեշտ է նպաստել խտրականության բացակայությանը, գենդերային հավասարությանը և հնարավորությունների հավասարությանը բոլորի համար ՝ անհատական, ընտանեկան, աշխատանքային և հասարակական կյանքի ոլորտներում: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի օգտագործել Հայաստանի բնակչության ողջ ներուժը հասարակության բարորության համար:

Սոցիալ դեմոկրատիան ձգտում է վերափոխել լիբերալ կապիտալիզմը այսպես կոչված սոցիալ դեմոկրատական կապիտալիզմի: Սա նշանակում է, որ շուկայական տնտեսությունը մասնակիորեն դեկոմերցալիզացվում է և պետությունը խթանում է աշխատատեղերի աճին, մասնակցում է բիզնեսի կարգավորմանը ի օգուտ հանրության շահի, նպաստում է սոցիալական և տնտեսական իրավունքների լայն շրջանակի ճանաչմանը, այդ թվում աշխատանքի, կենսամակարդակի համապատասխան մակարդակի և սոցիալական ապահովության իրավունքները: Ի վերջո, սոցիալ դեմոկրատիան կոչ է անում ապահովել հանրային ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսիք են երեխայի խնամքը, բոլոր մակարդակներում կրթության ապահովումը, սոցիալական կացարանները և մեծահասակների խնամքը:

Մարդու իրավունքների պաշտպանության հիմնական նպատակները

Միավորել և վերահաստատել մարդու իրավունքները, որպես համընդհանուր արժեքներ` ապահովելով համապարփակ մոտեցում, և քայլեր ձեռնարկել տեղական և միջազգային մակարդակներում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված պարտավորությունների իրականացման ուղղությամբ:

Պետությունը մարդուն պետք է դիտարկի որպես հիմնարար արժեք: Մարդու իրավունքների պաշտ­պանությունը պետք է ներառի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Մար­դու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոն­վեն­ցիայով սահմանված բոլորը իրավունքներն ու հիմնարար ազատությունները, մեծացնի մարդու իրա­վունքների պաշտպանության իրացման հնարավորությունները` արհեստակցական կազ­մա­կեր­պու­թյուններ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ, ՄԻՊ, դատարաններ և այլն:

Մարդու իրավունքները երբեք չպետք է ընկալվեն որպես դրսից ներմուծված կամ դրսից վերահսկվող մի բան: Մենք ընդունում ենք մարդու իրավունքները որպես համընդհանուր ճշմարտություն, որպես արժեքների միասնություն, որը մենք ունենք և փայփայում ենք: Ավելին, մարդու իրավունքները ստատիկ չեն, մարդու իրավունքների կոնցեպցիան ընդյալնվում է և ներառում սոցիալական արդարության հիմնական կարիքները: Միևնույն ժամանակ, մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը պետք է հաշվի առնվի, քանի որ այն կուտակում է լավագույն փորձը, որը ներռաված է համապատասխան միջազգային օրենսդրության մեջ:  Ավելին, վավերացնելով մարդու իրավունքներին առնչվող հիմնական բաղմակողմանի պայմանագրերը, Հայաստանի Հանրապետությունը իր վրա է վերցնում մարդու իրավունքների մի շարք պարտավորություններ` հանձնառություն ստանձնելով առանց վերապահումների դրանց կատարման համար: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հիմնականում թույլ է տալիս իրականացնել մարդու իրավունքների պաշտպանությունը և այն չի հանդիսանում մարտահրավերների շղթայի թույլ օղակը: Մենք պետք է լրացնենք այսպես կոչված «իրականացման բացը» և ավելի շատ կենտրոնանանք օրենքների կիրառման արդյունավետության  և դրանց ազդեցության ապահովման վրա:  Քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը  կապված է  գենդերային հավասարության, հավասար հնարավորությունների, փոքրամասնությունների անդամների  և խոցելի խմբերի ներկայացուցիչների իրավունքների  առնչությամբ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի միջև ընկած բացը լրացնելու հետ: Հնարավորությունների հավասարության վրա հիմնված արդար հասարակության զարգացման գործում հասարակության բոլոր շերտերի ներգրավում, ինչպես նաև հասարակության խոցելի խմբերի պաշտպանության հատուկ քաղաքականության մշակում՝ հանրային համերաշխության հիմքի վրա:

Մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համընդհանուր մոտեցումներ, այլ նաև հատուկ քաղաքականություն, որը թիրախավորում է խոցելի խմբերը որպես բացառման հիմնական զոհերի: Այլ կերպ ասած  մարդու իրավունքները պահանջում են համընդհանուր մոտեցում և այդ իրավունքների անբաժանելիություն, ինչպես նաև հարգանք բազմազանության նկատմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանության ընդլայնման և բարելավման գործընթացում մենք կարող ենք առանձնացնել առավել խոցելիներին:  Այդ տեսանկյունից, այլ խոցելի կատեգորիաների շարքում կանայք, երեխաները, օտարերկրացիները, միգրանտները և ֆիզիկական խնդիրներ ունեցող անհատները պետք է ընկալվեն իրենց սոցիալական պայմանների յուրահատկությունների առումով:

Հավասարության իրավունքի հետ մեկտեղ, տարբեր լինելու իրավունքը նույնպես հանդես է գալիս որպես հիմնարար իրավունք: Տարբերության և բազմազանության հանդեպ հարգանքը, որը երաշխավորում է նման վերաբերմունքը, նույնպես կարևոր է: Մարդու իրավունքները մշակվել են  աղքատների և սոցիալապես անապահով խավերի համար: Հետևաբար, մենք պետք է մշակենք պաշտպանության այնպիսի համակարգ, որը ուղղված կլինի այն մարդկանց  պաշտպանությանը, ում իրավունքները ավելի հավանական է, որ կխախտվեն: Ավելին, անհրաժեշտ է ապահովել տարբեր սոցիալական խմբերի մասնակցությունը այն քաղաքականության մշակմանը, որը անմիջական ազդեցություն է ունենալու իրենց վրա:

Արդարադատություն

Արդարադատության համակարգը և յուրաքանչյուր դատավոր պետք է լինի անկախ և զերծ որևէ քա­ղա­քա­կան միջամտությունից։ Արդարադատության համակարգի բնականոն զարգացման համար ան­կյու­նա­քա­րային են հետևյալ հարցերը.

ա) անհրաժեշտ է անհապաղ սկսել իրականացնել արդարադատության համակարգի, այդ թվում իրավապահ և քննչական մարմինների արմատական բարեփոխումներ, ներառյալ` դատական, արդարադատությանը օժանդակող իրավապահ և քննչական մարմիների արդյունավետության բարձրացումը ապահովող կառուցվածքների սահմանումը և կադրային բարեփոխումների իրականացումը: Անհրաժեշտ է դիտարկել սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի վերացման նպատակահարմարությունը, առկա բոլոր քննչական մարմինների կարողությունները և լիազորություները ՀՀ քննչական կոմիտեի ներքո միավորելու հնարավորությունը` բացառությամբ` կոռուպցիոն հանցագործությունների նախաքննության լիազորությունների, որոնք պետք է փոխանցվեն նոր ստեղծվելիք Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմնին,

բ) 1991թ.-ից 2018թ.-ի ընթացքում համակարգված ապօրինությունների մեջ դեր կատարած դա­տավորները, դատախազները, այլ իրավապահ և քննչական մարմինների ծառայողները պետք է հեռացվեն իրենց պաշտոններից` անցումային արդարադատության շրջանակներում կիրառվելիք վեթթինգի մեխանիզմի իրականացման միջոցով,

գ) անհրաժեշտ է ապահովել դատավորների իրական անկախությունը` ավելացնելով դատավորի անկախության ինչպես սոցիալական, այնպես էլ իրա­վա­կան երաշխիքները,

դ) պետք է բարձրացնել դատավորների, դատախազների, այլ իրավապահ և քննչական մարմինների ուսուցման արդյունավետությունը, ներառյալ` հակակոռուպցիոն և բարեխղճության արդյունավետ մեխանիզմների ներդնումը,

ե) նոր դատավորների նշանակման հարցում պետք է ազդեցիկ դառնա մասնագիտական կա­ռույց­ների կարծիքը։ Նման կառույցներն են փաստաբանական պալատը, համալսարանները, իրա­վա­բանների մասնագիտական և իրավապաշտպան կազմակերպությունները։ Բարձրագույն դա­տա­կան ատյանի դատավորների նշանակման հարցում պետք է դիտարկել նրանց անմիջականորեն ՀՀ քա­ղաքացիների կողմից ընտրելու հնարավորությունը: Պետք է բացառվի անփորձ անձանց նշա­նա­կու­մը դատավորի պաշտոնում: 

Անցումային արդարադատություն

  1. Պատժի անխուսափելիության ապահովման նպատակով քրեական արդարադատության իրականացում.

Մարդու իրավունքների հիմնարար խախտումներ թույլ տված անձինք կհետապնդվեն և կպատժվեն քրեական գործերի վերաբացման միջոցով: Գործերի վերաբացման համար համար օրենսդրորեն կամրագրվեն անցումային արդարադատությանը բնորոշ հիմքեր, օրենսդրորեն կվերանայվեն կոռուպցիոն հանցագործություների կատարման վաղեմության ժամկետներն ու հետադարձ ուժ տալու հնարավորությունները: Այս ամենը հնարավորություն կընձեռնի վերականգնել արդարությունը և վերացնել անպաժելիության միջավայրը:

  1. «ճշմարտության և հաշտեցման» հանձնաժողովի ստեղծում.

Օրենքի հիման վրա կստեղծվի «ճշմարտության և հաշտեցման» հանձնաժողով: Օրենքի մակարդակով կամրագրվեն հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, գործերը, որոնք ընդատյա են լինելու հանձաժողովին, հանձնաժողովի անդամների ընտրման չափանիշները: Հանձնաժողովը հետաքննություններ կանցկացնի և կպարզի 1991թ.-ից 2018թ.-ի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար խախտումները (օրինակ` կոռուպցիայի, զանգվածային ընտրակեղծիքների, մարտի 1-ի, պետական կարիքների համար գույքի օտարման և այլ գործեր), անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի պատժի անխուսափելիության, արդարացի փոխահատուցման և հասարակական համերաշխություն ապահովման համար:

  1. Փոխհատուցման ծրագրերի իրականացում.

Մարդու իրավունքների հիմնարար խախտումների (օրինակ` կոռուպցիայի, զանգվածային ընտրակեղծիքների, 2008թ.-ի մարտի 1-ի, պետական կարիքների համար գույքի օտարման և այլ գործեր) զոհերի համար օրենքների հիման վրա կիրականացվեն փոխահատուցման ծրագրեր: Դրանք կարող են լինել դրամական-նյութական և ոչ նյութական բնույթի։

Փոխհատուցման (reparation) ծրագրերը կներառեն.

  • նախնական իրավիճակի վերականգնում,
  • կոմպենսացիա,
  • ռեաբիլիտացիա,
  • սատիսֆակցիա,
  • կրկնման արգելքի երաշխիքների տրամադրում` խորհրդանշական միջոցների օգտագործումը ։
  1. Վեթթինգային հանձնաժողովի ստեղծում. պետական ծառայության համակարգի մաքրում և համակարգային բարեփոխումների իրականացում.

Համակարգային բարեփոխումները կիրականացվեն, որպեսզի ստեղծվեն երաշխիքներ, որ նախկինում կատարված մարդու իրավունքների զանգվածային իրավախախտումները այլևս չեն կրկնվի։ Համակարգային բարեփոխումները հիմնականում կներառեն լյուստրացիան (մաքրագործում) և վեթթինգ (մաքրում)։

Օրենքի հիման վրա կստեղծվի վեթթինգային հանձնաժողով, որը քննության առարկա կդարձնի հետևյալ հարցերը.

  • պետական ծառայության համակարգի մաքրում օրինախախտ, ոչ պրոֆեսիոնալ և ոչ բարեխիղճ պետական ծառայողներից, նրանց փոխարինում օրինապաշտ, բարեխիղճ և պրոֆեսոնալ պետական ծառայողներով,
  • համակարգային բարեփոխումների իրականացում` մարդու իրավունքներ խախտող պետական մարմիններից մարդու իրավունքներ պաշտպանող պետական պետական մարմինների կառուցման ապահովում,
  • արդարադատության խորը և համակարգային բարեփոխումների իրականացում:

Կընդունվի լյուստրացիայի մասին օրենք, որը նոր իշխանություններին կտա լեգիտիմություն` կտրուկ տարանջատվել նախորդ՝ իշխանության հակաօրինական գործունեություն իրականացրած կադրերից:

  1. Անօրինական և ապօրինի հարստացման միջոցով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքի ճանաչում հատուցման դիմաց.

Հանրաքվեի հիման վրա կճանաչվի հինգ հարյուր միլիոն դրամից սկսած անօրինական և ապօրինի կերպով ձեռք բերված ակտիվների սեփականության իրավունքը, եթե դրանց փաստացի և իրական սեփականատերերը կամովին կընդունեն այդ ակտիվների անօրինական և ապօրինի հարստացման միջոցոցներով ձեռք բերելու փաստը և այդ ակտիվների իրական արժեքը, պատրաստ կլինեն այդ ակտիվների արժեքի ինսուն տոկոսը տաս տարվա ընթացքում մաս-մաս վերադարաձնել Հայաստանի Հանրապետությանը և պետական ծառայության անցնել ու քաղաքականությամբ զբաղվել միայն օրենքներով սահմանված բարեխղճության կանոների պահպանման դեպքում:

Կամովին վերադարձրած ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով:

Կոռուպցիայի դեմ պայքար

Կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացման համակարգից անցում կկատարվի կենտրոնացված համակարգի. կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմինը, որը իր գործունեությունը կիրականացնի  հակակաոռուպցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության (իրավապահ գործունեություն և նախաքննություն) հենասյուների հիման վրա:

Հակակոռուպցիոն կրթություն.

Հանրությանը կոռուպցիայի դեմ պայքարում դաշնակից դարձնելու նպատակով.

  1. Կմշակվեն և նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական կրթության հաստատություններում, ԲՈՒՀ-երում կներդրվեն էթիկայի և հակակոռուպցիոն կրթության ծրագրերը՝ հաշվի առնելով ուսուցանվողների տարիքային առանձնահատկությունները:
  2. Հանրության շրջանում կկազմակերպվեն հակակոռուպցիոն իրազեկման արշավներ, հակակոռուպցիոն համապետական մրցույթներ, ճամբարներ, բեմադրություններ, կմշակվեն և կգործարկվեն հակակոռուպցիոն համակարգչային խաղեր:
  3. Կզարգացվեն կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները։

Կոռուպցիայի կանխարգելում.

  1. Կբարելավվի գույքի, եկամուտների և շահերի բախման հայտարարագրման համակարգը: Այդ նպատակով կվերանայվի և ընդլայնվի հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց ցանկը, շահերի բախման հայտարարագիր ներկայացնելու պահանջը կնախատեսվի բարձրաստիճան պաշտոնատար անձ չհանդիսացող՝ նաև հայտարարատու պաշտոնատար անձանց նկատմամբ, կվերանայվի հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, ինչպես նաև հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսված պատժամիջոցները:
  2. Ամբողջովին կներդրվի իրական սեփականատերերի ինստիտուտը. կհիմնվի իրական սեփականատերերի ռեեստր և այն վարող մարմնինը կօժտվի հարկային և բանկային գաղտնիքներին հասանելիություն ունենալու լիազորությամբ։
  3. Խոշոր բիզներսը ներկայացնող իրավաբանական անձանց մոտ կներդրվեն հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերը, որոնց շնորհիվ դրանց աշխատակազմերը կանցնեն հակակոռուպցիոն ուսուցումներ, կմշակվեն շահերի բախման, նվերների ընդունման և այլ քաղաքականություններ, կստեղծվի հատուկ ստորաբաժանում կամ կոնկրետ հաստիք (Integrity Officer), որը կզբաղվի աշխատողների կողմից վերոնշյալ քաղաքականությունների պահպանման և բարեխիղճ վարքագիծ ցուցաբերելու նկատմամբ հսկողությամբ։

Պատժի անխուսափելիություն (իրավապահ գործունեություն և նախաքննություն).

  1. Կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ունիվերսալ) մասնագիտական մարմնում կզարգացվեն միայն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մեջ մասնագիտացված հետաքննություն և նախաքննություն իրականացնող ստորաբաժանման կարողությունները:
  2. Կստեղծվի կոռուպցիոն գործերով մասնագիտացված դատարան կամ հատուկ մասնագիտացված դատական կազմ:
  3. Կներդրվի կոռուպցիայի հետևանքով գողացված ակտիվների վերականգնման և վերադարձման ինստիտուտը` ներքին կարողությունների զարգացման և գործադրման միջոցով: Վերադարձված ակտիվները ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների միջոցով կօգտագործվեն առողջապահական, սոցիալական պաշտպանության, կրթության (այդ թվում հակակոռուպցիոն կրթության) և այլ հանրօգուտ նպատակներով:
  4. Կներդրվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն գործերի հետաքննությունների և դատավճիռների գրանցամատյանի վարման ինստիտուտը: