Մշակույթ

Հայ հասարակության քաղաքական կյանքում դրական մեծ ալիք առաջ բերեց թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը։ Այդ ալիքը պետք է տարածվի նաև մշակույթի վրա, ծնի և ծավալի խորքային փոփոխություններ։

Ըստ այդմ, ՔՈ ՍԴԿ-ն անհրաժեշտ է համարում լիովին վերանայել մշակույթի, մշակութային գործչի, մշակութային հաստատությունների դերը հասարակության և պետության մեջ` առաջ քաշելով արդարության, համերաշխության սկզբունքներն ու համապատասխան բովանդակությունը։ Արվեստի և մշակույթի դերակատարը լիարժեք պետք է ներգրավված լինի հասարակական գործերում և իր մասնագիտական կարողությունները ներդնի՝ վերլուծելու, հարցադրելու մեր կյանքն ու առօրյան, նախանշելու զարգացման հեռանկարները:

Ընդսմին, լայն առումով, մենք հակված ենք տեղային մշակույթը դիտարկել որպես համաշխարհային իրողությունների մաս և գործորդ։ Հայ մշակույթը պետք է բաց լինի աշխարհի առաջ և, միաժամանակ, այնքան արժեքավոր լինի, որ աշխարհն էլ վերցնելու բան ունենա հայաստանյան բազմամշակույթ միջավայրից։

Ելնելով հայաստանյան նոր քաղաքական իրողություններից և մեր կուսակցության հեռանկարից՝ առանձնացնում ենք հետևյալ առաջնահերթությունները և դրանցից բխող գործողությունների հաջորդականությունը:

Մշակութային քաղաքականության ռազմավարության վերանայում

Եթե գնահատելու լինենք անկախության շրջանում մշակույթի ոլորտի պետական քաղաքականությունը, ապա կարող ենք պնդել, որ այն միտված է եղել հիմնականում սպասարկելու դաշտի՝ սովետական շրջանից մնացած հեղինակություններին, իսկ քիչ ավելի ուշ՝ այդ հեղինակություններին իշխանության վերարտադրության անդուլ գործընթացի մեջ ներգրավելուն։ Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ պետությունը ձախողել է այս ոլորտը, եթե արդյունքները դիտարկենք համաշխարհային համատեքստում։ Ըստ այդմ, տրամաբանական է, որ մշակույթի նախարարությունն իր ուշադրությունը շրջի դեպի երիտասարդությունը և, ներդրումներ անելով, փորձի մի քանի տարուց այլ արդյունք ապահովել։

Ի՞նչ անել․

  1. Կինոյում, թատրոնում, դասական երաժշտության մեջ, ժամանակակից արվեստում (contemporary art), կերպարվեստում, գրականությունում և մյուս ոլորտներում ապահովել ուսանողների և բուհը նոր ավարտած մասնագետների մուտքը գործնական դաշտ, հոգ տանել, որ նրանք կայանան որպես արվեստագետ և զուգահեռաբար կայացնեն այդ ոլորտները։
    Սույնից բխում է․
    ա) Մշակույթի նախարարության ակտիվ համագործակցություն կրթության և գիտության նախարարության հետ՝ նրա ենթակայության տակ գտնվող արվեստի բուհերի և դպրոցների զարգացման հայեցակարգ մշակելու համար։ Այս հարցում առանցքային նշանակություն ունի հայոց լեզվով պատշաճ ուսումնական ձեռնարկների պատրաստումը, մասնագիտական գրականության ապահովումը և, միաժամանակ, այդ բուհերի և դպրոցների ծրագրերի ինտեգրումը միջազգային կրթական ցանցերին։
    բ) Հրաժարում խոշոր մշակութային արտադրանք տալու պետության հավակնություններից և բյուջեի վերաբաշխում ի աջակցություն բուհն ավարտած անխտիր բոլոր երիտասարդ մասնագետների, որոնք կկարողանան նախագծի պատշաճ հայտ ներկայացնել և հիմնավորել իրենց մտքերը։
    Սա չի նշանակում, որ պետությունն իսպառ հրաժարվելու է կայացած արվեստագետներին կամ մեծ նախագծերին աջակցելուց, սակայն պետական քաղաքականության շեշտը փոխվելու է։
  2. Վերանայել մշակութային հիերարխիաները վերարտադրող պետական կարգավորումները և դրանց չափանիշները՝ կոչումներ, մեդալներ և այլն: Սրանք ավելի շատ եղել են իշխանություններին լոյալ արտիստների արտոնություններն ամրագրող գործիք, մինչդեռ պետք է լոկ լինեն այս կամ այն մշակութային գործչի նկատմամբ հասարակության երախտիքի արտահայտություն՝ թեկուզ հենց օրենքով նախատեսված թոշակային հավելման տեսքով։
  3. Վերանայել գաղափարաբանական առումով պետության միջամտությունն իր իսկ կողմից ֆինանսավորվող նախագծերին։ Պետության գործն է ոչ թե նախընտրելի թեմաներ առաջարկելը կամ դրանց իրականացման նախընտրելի ձևեր թելադրելը, այլ որակական պահանջներ սահմանելը և դրանց կատարմանը հասնելու հանր գտնելը։ Սակայն, միաժամանակ, պետությունը պիտի որոշակի մոտեցում սահմանի արվեստի դաշտից եկող առաջարկները հաստատելիս և (համա)ֆինանսավորելիս․ հարկ է շեշտը դնել աշխարհի հետ երկխոսելուն միտված նախագծերի վրա և ավելի ժուժկալ լինել տարիներ շարունակ խրախուսվող, բայց այդպես էլ լուրջ հաջողություններ չբերած նախագծերի դեպքում, որոնք «հայկական մշակույթը ներկայացնում են աշխարհին» իբրև էկզոտիկ, ավանդապաշտ, խորհրդավորության թաղանթով պատված։ Ներկայացնելու կարիք չկա, եթե կողմերը երկխոսողի հավասար դիրքում են և համակված են աշխարհի ընդհանուր խնդիրներով։ Այս հարցում օգտակար կարող է լինել՝
    ա)  Հայաստանյան ոչ պետական մշակութային կազմակերպությունների փորձի ուսումնասիրությունը և ներառումը պետական քաղաքականության մեջ, արվեստի օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ կապերի սերտացումը և մշակումը նոր համատեղ նախագծերի, որոնք միտված կլինեն հավասարի դիրքից երկխոսության։
    բ) Թարգմանությունների խթանումը՝ որպես միջմշակութային երկխոսության հարթակ: Անհրաժեշտ է իրականացնել երկկողմանի մեծածավալ թարգմանական աշխատանք՝ առաջիկա տարիներին ոչ միայն թարգմանելով կարևորագույն մշակութային և գիտական արժեք ունեցող աշխատությունները, այլև հիմք դնելով թարգմանական դպրոցի, ինչը կապահովի ոլորտի շարունակական զարգացումը:
  4. Պետական հովանավորությամբ ծրագրերի շրջանակում ապահովել մշակույթի որոշակի բազմազանություն և ապակենտրոնացում․ հատուկ ուշադրություն դարձնել մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, խթանել տեղական արվեստի հիմնարկների ինքնավարության աստիճանի բարձրացումը, ապահովել հատկապես դպրոցական տարիքի երեխաների և հասարակական կյանքից դուրս թողնված թոշակառուների մասնակցությունը մշակութային կյանքին՝ մշակույթի արտադրությանը և սպառմանը։

Մշակույթի ոլորտի տնտեսության վերանայում

Մինչ օրս մշակույթի ոլորտում պետական ֆինանսավորումը ծանրակշիռ դեր է ունեցել և զգալի չափով պայմանավորել դրա բնույթը։ Որպես հակազդեցություն դրան, այժմ ունենք մշակույթի նախարարությունը լուծարելու՝ գնալով խտացող մտայնություն։ Սակայն թե՛ առաջին, թե՛ երկրորդ մոտեցումը ներկա պայմաններում շահեկան չեն։ Հարկ է փնտրել այլ լուծումներ՝ պետական, մասնավոր և հասարակական սեկտորների արդյունավետ համագործակցության տարբերակներ։

Ի՞նչ անել․

  1. Հայեցակարգ կազմել մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 75 պետական ոչ առևտրային կազմակերպությունների (թատրոններ, համերգային կազմակերպություններ, թանգարաններ, գրադարաններ, կրթական հաստատություններ և այլն) կարգավիճակի աստիճանական վերանայման վերաբերյալ։ Դիտարկել դրանք կիսով չափ մասնավոր դարձնելու հնարավորությունները՝ իհարկե չմոռանալով, որ հասարակությանը պիտի հասանելի լինի մշակութային կյանքը, և չի կարելի զուտ գումար տնտեսելու համար մարդկանց զրկել աշխատատեղերից և մշակութային բարիքներից օգտվելու հնարավորությունից։
    Այս մոտեցումը կնպաստի, որ պետական և մասնավոր հատվածները վերահսկեն միմյանց, ինչը կբերի որակի բարձրացման։ Նաև դիտարկելի է հիմնադրամների դերի բարձրացումը այս խնդիրների լուծման գործում։
  2. Վերանայել նկարիչների, կինեմատոգրաֆիստների, գրողների և այլ ստեղծագործական միությունների հետ պետության հարաբերությունները։ Դրանք ժամանակին ստեղծվել են ոլորտները վերահսկելու և կառավարելի դարձնելու համար, այսօր արդեն ժամանակավրեպ են և կարելի է աստիճանաբար վերանայել պետության կողմից դրանց տրամադրվող արտոնությունները և համագործակցության այլ ձևաչափեր որոնել։ Օրինակ՝ կարող են ձևավորվել ազատ ստեղծագործական միավորումներ կամ այլ տիպի ընկերություններ և պետության հետ հարաբերվելու նոր տարբերակներ մշակվեն։

Մշակութային ժառանգության պահպանում

Կարիք կա վերասահմանելու մշակութային ժառանգության չափանիշները, ինչպես նաև՝ մշակութային ժառանգության պահպանության մեջ ներգրավված հաստատությունների դերը և գործառույթը։ Հատկապես հրատապ է ճարտարապետական հուշարձանների պահպանության հարցը․

Ի՞նչ անել․

  1. Վերանայել խորհրդային շրջանի որոշ շինությունների ֆունկցիաները և սեփականատերերի հետ համատեղ (եթե դրանք մասնավոր են) շահութաբեր նախագծեր մշակել, որպեսզի մեր օրերի տնտեսական մտայնության ճնշման տակ այդ հուշարձանները չպիտակվեն որպես անպիտան, քանդման կամ աղավաղման ենթակա։
  2. Արգելել ավելի հին շրջանի հուշարձանները նոր տեխնոլոգիաների գործադրմամբ «վերանորոգելը», շինությունների պահպանման գործում որդեգրել գիտական վերականգնման մեթոդը։