Սոցիալական քաղաքականության նպատակն է բարեկեցության ցանկացած մակարդակում գտնվող քաղաքացու համար ապահովել բարեկեցության, մշակութային զարգացման, սոցիալական ապահովության ավելի բարձր մակարդակ տեղափոխվելու բոլոր պայմանները։
Պետության սոցիալական քաղաքականության վերջնական թիրախը համընդհանուր բարեկեցության և հանրային համերաշխության պետության կայացումն է։ Համերաշխության ու սոցիալական պատասխանատվության մակարդակի իդեալ կարող է համարվել վիճակը, երբ աշխատունակ ցանկացած քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություն ունի, և այդ հնարավորությունից չօգտվելն իրեն պատիվ չի բերում, իսկ անաշխատունակներն ապրում են արժանապատիվ ու ապահովված։
Ընդհանրապես, կենսագործունեության որևէ փուլում դժվարությունների հանդիպած քաղաքացիները պետք է զգան պետական հոգածությունը՝ իր հնարավորությունների ողջ ծավալով։ Գործնականում դա կարող է դրսևորվել աշխատատեղերի ստեղծման արդյունավետ քաղաքականության վարմամբ, աշխատունակ քաղաքացիների մասնագիտական վերապրոֆիլավորման հնարավորությամբ, համընդհանուր բարեկեցությանն ուղղված ու աղքատության հաղթահարմանը միտված և արդյունքի արդար բաշխման՝ պետության վարած քաղաքականությամբ, և այլն։
Այս նպատակից ելնելով՝
- ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով,
- ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից,
- մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսցող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին,
- ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչաձ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։
Մեր երկրի կայացման և տնտեսության զարգացման գրավականը սոցիալապես պատասխանատու գործատուներ, արհմիություններ և պետություն համագործակցությունն է, ընդ որում՝ նաև պետության արբիտրի դերի բարձրացումը:
Մենք նպատակ ունենք՝
- նպաստել ոչ ֆորմալ/ինքնազբաղված աշխատողների ֆորմալ դաշտ տեղափոխվելուն՝ հնարավորություն տալով դառնալ հարկատուներ և օգտվել պետության կողմից տրամադրվող երաշխիքներից՝ կենսաթոշակ, առողջապահություն, մասնագիտացված և բարձրագույն կրթություն,
- նպաստել աշխատողների ներկայացուցիչների (արհմիությունների) և գործատուների առավելագույն ներգրավվածությանը աշխատանքային ոլորտի ռազմավարության մշակման գործում, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի սահմանման, սպառողական զամբյուղի հաշվարկման ընթացակարգերում:
Նման ռազմավարությունը պետք է մշակվի միայն եռակողմ սոցիալական գործընկերության մակարդակով: Այսինքն՝ արհմիությունները յուրաքանչյուր տարի ներկայացնում են իրենց պահանջը՝ ըստ ոլորտների, նվազագույն աշխատավարձի մասին և այլ պայմաններ: Գործատուները և պետությունը իրենց հերթին ներկայացնում են առկա հնարավորությունները և հստակ, ըստ ճյուղերի՝ կնքում կոլեկտիվ պայմանգրեր:
Գործող օրենսդրության և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների համաձայն կոլեկտիվ պայմանգիրն ունի օրենքի ուժ:
Չնայած նրան, որ գործող համակարգը թույլ է տալիս այս ձևաչափը, սակայն պետք է իրականացնել գործատուների միությունների և արհմիությունների կառուցվածքային օրենսդրական փոփոխություններ, սոցիալական քաղաքականության մեծ հատվածն իրականացնել կոլեկտիվ պայմանագրերի կնքման ուժով:
Մենք կարծում ենք, որ արհմիություններին կարելի է վերապահել աշխատանքային վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ գործառույթներ, ինչպես նաև` աշխատանքային վեճերով և աշխատանքային հարաբերությունների պայմանների վերահսկողություն իրականացնող մարմնի դեր: Սրանով կթոթափվի դատարանների և պետական տեսչական մարմինների բեռը, կիրականացվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահերի արդյունավետ սպասարկում:
Սա էապես կնպաստի աշխատավորական, սոցիալական, ապաքաղաքական շարժման ձևավորմանը, որն իր մասնակցությունն է կունենա պետական քաղաքականության գործում՝ օրենքի շրջանակներում:
Այս ամենը անհնար կլինի առանց թափանցիկ, հաշվետու և ժողովրդավարական կառավարմամբ արհմիությունների։ Ուստի վերոնշյալ երեք սկզբունքների համար պետք է բարեփոխել ոլորտի օրենսդրությունը։
Կանանց սոցիալական պաշտպանվածություն
Պետությունը ժամանակավոր կարգավորիչ գործիքներ կիրառելու միջոցով կարող է լուծել սեռերի իրավահավասարության հարցը՝ այն իրավական ու հռչակագրային մակարդակից բարձրացնելով գործնական ու մշակութային մակարդակ։
Կանայք կատարում են մեծ քանակությամբ չվարձատրվող աշխատանք: Մասնավորապես՝ չվարձատրվող աշխատանքը ներառում է երեխաների և տարեցների խնամքը, տնային տնտեսությունը, աշխատանքը խոհանոցում և այգում: Առաջարկում ենք չվարձատրվող աշխատանքը նույնպես ներառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի և ծերերի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ:
Գյուղաբնակ և բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց սոցիալական իրավունքների իրացման նպատակով իր հողատարածքը մշակող և ինքնազբաղված համարվող կանանց գերակշռող մեծամասնությունը զրկվում է երեխայի խնամքի նպաստ, ապա հետագայում բարձր կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս խմբի կանանց համար հարկավոր է մշակել հարկման օպտիմալ մեխանիզմներ, որպեսզի նրանց հնարավորություն տրվի՝ օգտվելու վերը նշված սոցիալական իրավունքներից:
Մինչև երեք տարեկան երեխա խնամող մայրերի 83%-ը, որոնք կարող են նշանակալիորեն ընդլայնել աշխատուժը ողջ տնտեսության մակարդակով, չեն վերադառնում աշխատանքի՝ պատճառաբանելով երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակների բացակայությունը։
Անհրաժեշտ է կարճաժամկետ հատվածում Երևանի և Հայաստանի խոշոր համայնքերում անհապաղ նախաձեռնել ու իրականցնել վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր՝ նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով։
Կանանց սոցիալական պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն վերը նշված դրույթներով, և հետագայում մեր կողմից մշակվող քաղաքականություններում ընդգրկվելու են այլ ծրագրեր։