Պետության խնդիրն է չափավոր ներգործել տնտեսության վրա այնպես, որ ստեղծվի համընդհանուր բարեկեցության պետություն։ Այն ենթադրում է արդյունքի արդար բաշխում և հանրային պատասխանատվություն այն քաղաքացիների հանդեպ, որոնք իրենց համար արժանապատիվ կենսամակարդակ ապահովելու հնարավորություն չունեն։ Տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ հանգեցնի հանրային հարաբերությունների արդարության։
Կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության արժեքների կրող է, ինչը ենթադրում է, որ սոցիալական արդարությունը, մարդու բարեկեցությունն ու մարդու իրավունքները գերագույն արժեքներ են: Այս արժեքների իրագործման համար անհրաժեշտ նախապայմաններն են մասնակցայնությունը և սոցիալական-շուկայական տնտեսությունը, որին պետությունը միջամտում է` նպատակ ունենալով իր քաղաքականություններով կանխել շուկայի ձախողումները և/կամ շտկել դրանք:
Մեր քաղաքականությունները լինելու են շրջադարձային և երկրի ամբողջ տարածքում հասցեագրելու են միջավայրային և ոլորտային մարտահրավերներ:
Հանրային կառավարման համակարգը, հանդիսանալով միջավայրը ձևավորող ամենաազդեցիկ գործոն, արժանի է առանձնահատուկ ուշադրության: Ուստի մեր քաղաքականություններն այս ուղղությամբ ծավալվելու են հանրային կառավարման համակարգի հետևյալ ուղղություններով․
- հանրային կառավարման համակարգի բարեփոխումներ,
- քաղաքականությունների ձևավորում, համակարգում և հաշվետվողականություն,
- հանրային ծառայությունների մատուցում,
- մարդկային ռեսուրսների կառավարում,
- հանրային ֆինանսների կառավարում՝ ներառյալ պետական գնումներ:
Այս բոլոր ուղղություններով մասնակցային և ներառական սկզբունքներով ձևավորելու ենք փաստերի վրա հենված զարգացման քաղաքականություններ, որոնք հնարավորություն կտան երկրի սոցիալ-տնտեսական կյանքում պետության միջամտությունը դարձնել հնարավորինս հիմնավորված ու արդյունավետ: Արդյունքում ունենալու ենք հանրային ռեսուրսների ձևավորման և օպտիմալ տեղաբաշխման, քաղաքացիներին որակյալ հանրային ծառայությունների մատուցման համակարգեր: Այս գործընթացներում ապահովելու ենք նաև թափանցիկություն և հաշվետվողականություն:
Մեր այս քաղաքականություններով արմատապես փոխելու ենք տնտեսության մեջ առկա խաղի կանոնները` վերացնելով կորզող բոլոր հաստատություններն ու գործիքները, որոնք մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծում:
Շուկան ապամենաշնորհելով և ստեղծելով խաղի հավասար կանոններ՝ հանրային և տնտեսական քաղաքականությունների միջամտությամբ զարգացնելու ենք տնտեսության երկրորդային և երրորդային սեգմենտները՝ երկարաժամկետում նպատակադրելով զարգացնել նաև չորրորդային` բարձր տեխնոլոգիաների սեգմենտը: Այս ուղղությամբ մենք հեռանկար ունենք տնտեսական քաղաքականություններով նպաստել արդյունաբերության և ծառայությունների մեջ երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը և մրցունակության բարձրացմանը, այդ մրցունակ ուղղությունները թիրախավորելով՝ հասնել տնտեսության կառուցվածքի վերափոխման՝ հանքարդյունաբերական-ագրարայինից դեպի արդյունաբերական, ծառայությունների և բարձր տեխնոլոգիաների տնտեսության:
Այս ուղղությամբ մեր քաղականություններն իրականացնելիս չենք առաջնորդվելու միայն պահի առաջնահերթություններով և գնահատելու ու հաշվի ենք առնելու նաև այդ գործողություների ազդեցությունը հաջորդ սերունդների վրա: Տնտեսությունն այս գիտակցումով վերոգրյալ ուղղություններով զարգացնելուն զուգընթաց՝ հետ ենք մղելու մետաղական հանքարդյունաբերությունը, իսկ պետության զարգացման կարիքներից ելնելով՝ եզակի դեպքերում մետաղական հանքերի շահագործումն ամբողջովին լինելու է պետության հսկողության և կառավարման ներքո: Սակայն նույնիսկ այս դեպքերում այն չի իրականացվելու ի վնաս բնության և քաղաքացու կյանքի ու առողջ ապրելու իրավունքի: Այս հեռանկարի հիմքում նաև այն գիտակցումն է, որ ներկան ու ապագան երկրի ու քաղաքացու կյանքը վտանգի տակ դնող տնտեսական քայլերը նպաստում են նաև արտագաղթին և սահմանափակում հայրենադարձությունը:
Գտնում ենք նաև, որ անարդար է հանքարդյունաբերությունը նույն դրույքաչափով հարկել, ինչ արդյունաբերության մյուս ենթաճյուղերը։ Ըստ էության, հանքարդյունաբերական ձեռնարկությունների կատարած աշխատանքը ոչ թե արդյունաբերական արտադրությունն է, այլ հանրությանը պատկանող ընդերքի հարստությունը արդյունահանելու ծառայությունը։ Համապատասխանաբար, այն պետք է հարկվի բացարձակապես այլ ռեժիմով՝ որպես հանրությանը մատուցվող ծառայություն։
Տնտեսության զարգացման խթան հանդիսացող տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները լինելու են մեր ջանքերի կիզակետում: Ձգտելու ենք պատասխանատու և արդյունավետ հարկաբյուջետային քաղաքականության միջոցով կրճատել պետական պարտքի բեռը, նվազեցնել ընթացիկ ծախսերը և արդյունքում մեծացնել ֆիսկալ միջակայքը: Սա հնարավորություն կտա շեշտակի մեծացնել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում պետության կողմից իրականացվող կապիտալ ներդրումները: Սոցիալական ենթակառուցվածքների մասով պետությունն ունենալու է մեծ ներգրավվածություն` պարտադիր առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ և դրա զարգացմանը անմիջական մասնակցություն ունենալու միջոցով: Սրա առնչությամբ մեր տեսիլն է ներդնել առողջապահական, սոցիալական և կրթական համակարգեր, որոնք իրենց որակով չեն զիջի արևմտյան զարգացած երկրների նույնանուն համակարգերին:
Գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի հանրության պարենային անվտանգության հիմնահարցը՝ հաշվի առնելով նաև պատերազմի վերսկսման հավանականությունը։ Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է միտված լինի ստանալ բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանք՝ այն դարձնելով բրենդային քաղաքականություն։ Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը պետք է հասցնել նվազագույնի՝ այն փոխարինելով տեղում արտադրված որակյալ արտադրանքով։ Արտադրության ոլորտում, նաև պետական աջակցությամբ, պետք է աստիճանաբար կիրառել միջազգային լավագույն փորձառությունն ու նորագույն տեխնոլոգիաները, ոլորտում ծախսվող էներգիան փոխարինել արևային և վերականգնվող այլ էներգատեսակներով:
Ե՛վ տնտեսական, և՛ սոցիալական ենթակառուցվածքների գծով զարգացնելու ենք համագործակցություն մասնավոր հատվածի հետ և կառուցելու ենք համակարգեր, որոնք վերոգրյալ ուղղություններով զարկ կտան տնտեսության զարգացմանը, ինչն էլ իր հերթին կբարձրացնի քաղաքացիների կենսամակարդակն ու բարեկեցությունը: Այս գործընթացում, հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակ լինելը, պետական ներդրումները կիրականացվեն՝ ըստ դրանց ֆինանսատնտեսական և սոցիալական առավելագույն հատույց ստեղծելու կարողության:
Տնտեսության զարգացման գործում մեր գերխնդիրն է լինելու հավասար մրցակցային պայմաններ ստեղծելով ապահովել կայուն և ներառական տնտեսական աճ, և այս գործընթացում համապատասխան կարևորություն են ստանալու նաև գների կայունության խնդրի արդյունավետ իրագործումն ու ֆինանսական համակարգի զագացումը: