Այսօր հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին

Այսօր հաղորդում ենք ներկայացրել հանցագործության մասին։ Տեքստը՝ ստորև։

ՀՀ գլխավոր դատախազ՝ պարոն Ա. Դավթյանին

Հ ա ղ ո ր դ ո ւ մ
հանցագործության մասին

2018 թվականի դեկտեմբերի 13-ին տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել եմ Ձեզ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն 2018 թվականի դեկտեմբերի 02-ին Գյումրի քաղաքում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին դաժանորեն ծեծելու և նրան մահվան հասցնելու դեպքի վերաբերյալ:


Ի պատասխան իմ գրության՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գ. Աբրահամյանի 19.12.2018թ. գրությամբ հայտնվել է, որ Ջուլիետա Ղուկասյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և վերը նշված կետով մեղադրանք է առաջադրվել քաղաքացի Ա. Ռ-ին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի նույն գրությամբ հայտնվել է նաև, որ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2018թ. որոշմամբ քաղաքացի Ա. Ռ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ 2018 թվականի դեկտեմբերի 11-ին քաղաքացի Ա. Ռ-ին ձերբակալվել է:
Հաշվի առնելով, որ ձերբակալումից հետո քաղաքացի Ա.Ռ.-ն շարունակում է գտնվել 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում՝ գտնում եմ, որ այդ կապակցությամբ ՀՀ իրավապահ մարմինների դրսևորած վարքագծում առկա են հանցագործության հատկանիշներ:
Մասնավորապես, ՀՀ և ՌԴ միջև 29.08.1997թ. կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 4-րդ կետը սահմանում է, որ ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները։
ՀՀ օրենսդրության կիրառման պայմաններում քաղաքացի Ա. Ռ-ի պահման վայրի հետ կապված հարցերը լուծելիս ՀՀ իրավասու մարմինները պետք է ղեկավարվեն ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի դրույթներով: Ավելին, հարկ է նշել, որ դրանց պահանջների պահպանման նկատմամբ պետք է հսկողություն իրականացնի դատախազությունը` ելնելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու իր սահմանադրաիրավական գործառույթից (տես ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը)։
Պատասխան գրության մեջ պրն Աբրահամյանը նշում է, որ կասկածյալին ռուսաստանյան ռազմաբազայում պահելու հիմքը ՀՀ և ՌԴ միջև 29.08.1997թ. կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» 8-րդ հոդվածն է։ Վերջինիս համաձայն` ռուսական ռազմաբազայի տարածքում ՀՀ իրավասության ներքո ընկնող դատավարական, օպերատիվ-հետախուզական կամ քննչական գործողություններն իրականացվում են ՀՀ իրավասու մարմինների կողմից` ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ կամ ՀՀ իրավասու մարմինների հարցման հիման վրա ՌԴ իրավասու մարմինների կողմից, եթե դա չի հակասում ՌԴ օրենսդրությանը։
Վերոնշյալ հոդվածը չի հանդիսանում պատշաճ իրավական հիմք կասկածյալին ռուսաստանյան ռազմաբազայում պահելու համար։ Մասնավորապես, այն կիրառելի է միայն այն դեպքում, երբ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար ռուսաստանյան կողմի իրավասու մարմինները չունեն օրենսդրական սահմանափակումներ` հակադրվող հայկականին։ Ավելին, հարկ է նշել, որ հոդվածը հայկական կողմին հայեցողական հնարավորություն է տալիս իրականացնել այդ գործողություններն ինքնուրույն կամ գրավոր հարցումով դիմել ռուսաստանյան կողմին՝ նրանց իրավասու մարմինների հետ այդ անհրաժեշտ գործողությունները համատեղ կատարելու առաջարկությամբ։ Այն դեպքում, երբ ռուսական կողմի իրավասու մարմինների համար ՌԴ օրենսդրությամբ առկա է համապատասխան գործողությունների կատարման սահմանափակում, հայկական կողմին ոչինչ չի խանգարում ինքնուրույն իրականացնել այդ գործողությունները։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը գործում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում:
102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքը ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքների մեջ չի մտնում, հետևաբար ձերբակալված քաղաքացի Ա. Ռ.-ի՝ ռազմաբազային տարածքում գտնվելը ոչ իրավաչափ է: Փաստորեն, քաղաքացի Ա.Ռ.-ին ձերբակալելու ՀՀ քննչական կոմիտեի քննիչի որոշումը և կալանավորում ընտրելու վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը իրավասու մարմինների կողմից չի կատարվել, ինչը համապատասխան իրավասու մարմինների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության, ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման հետևանք է:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության, ինչպես նաեւ դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն` «Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների եւ հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ հարուցել քրեական գործ և միջոցներ ձեռնարկել Ջուլիետա Ղուկասյանի սպանության համար մեղադրվող քաղաքացի Ա. Ռ.-ի՝ 102-րդ ռուսական ռազմաբազայում գտնվելու հանգամանքի հետ կապված հանցագործություն կատարած իրավասու պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով