Բացասական գնահատականը կառավարող ուժի կողմից անտեսվում է եւ հանրությանը մատուցվում, թե ուսումնասիրությունը դրական եզրակացություն է պարունակում, ռիսկերը մեծ չեն, կառավարելի են. Սուրեն Սահակյան

«Հետքի» հարցերին է պատասխանել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը:

եր հարցազրույցից առաջ ասացիք, որ Ջերմուկ եք գնում: Ի՞նչ նպատակով էր Ձեր այցը:

-Հանդիպեցինք հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների հետ, քննարկեցինք իրավիճակը, պայմանավորվեցինք համակարգված գործել, հավաստիացանք, որ նրանք աննահանջ պայքարելու են։ Պատահականորեն ստացվեց այնպես, որ ներկա եղանք Ջերմուկի բնակիչների հավաքին, որտեղ քննարկվում էր պայքարի ռազմավարությունը։ Հատկանշական է, որ որոշումներն ընդունվում են միասին, հանրային լայն մասնակցայնությամբ, ներառողական, բոլորի կարծիքը հաշվի առնելով, ժողովրդավարության պայմաններում՝ այն արժեքների շրջանակներում, որ քարոզում էին վերջին հեղափոխական գործընթացները։

-Այս օրերին ամենաշատ քննարկվող հարցը Ամուլսարի հանքի շահագործման շուրջ է, որը դարձել է նաեւ ներքաղաքական բանավեճի թեմա: Ձեր կուսակցությունը նույնպես հայտարարություն է տարածել դրա վերաբերյալ՝ նշելով, որ դեմ է հանքի շահագործմանը, եւ Ամուլսարը սար է մնալու: Դեռեւս 2018 թվականից կարծիքներ էին հնչում, որ Ամուլսարը նոր իշխանությունների համար իսկական փորձաքար է լինելու, իսկ հիմա արդեն պարզ է կառավարության տեսակետը: Հաշվի առնելով բիզնես շահերն ու ազդակիր համայնքների դիմադրությունը՝ ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի թիմը փորձությու՞ն է անցնում այս պահին:

-Երեւի ամենալուրջ փորձությունը մինչ այս պահը։ Սակայն պետք է նշել, որ այդ փորձությունը չի անցնում։ Բանն այն է, որ կառավարող ուժին շատերն են աջակցել, ոմանք վերապահումներով, ավանսով վստահության քվե տալով, ոմանք՝ անվերապահ։ Եվ ահա, ունենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին ուսումնասիրություն, որը կարդալով պարզվում է, որ հանքի շահագործումը մեծ վտանգներ է պարունակում։ Այս համատարած բացասական գնահատականը կառավարող ուժի կողմից անտեսվում է եւ աճպարարական հնարքներով հանրությանը մատուցվում, թե ուսումնասիրությունը դրական եզրակացություն է պարունակում, ռիսկերը մեծ չեն, կառավարելի են։

Ես ուրախ եմ, որ գոնե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում կան պատգամավորներ, որոնք չեն մեղանչում ճշմարտության դեմ եւ հայտարարում են, որ, այնուամենայնիվ, ուսումնասիրությունը չի փարատել հանքի ծայրահեղ վտանգավորության մասին իրենց կասկածները։ Այլապես ստիպված կլինեինք ականատես լինել վիճակի, երբ վստահության արժանացած կառավարող ուժը փորձում է համոզել, որ մածունը սեւ է։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ եթե այլ հարցերում էլ նույն գործելաոճն ունեն՝ թաքցնել, աղավաղել, խեղաթյուրել, ստել։ Վստահության լուրջ ճգնաժամ կարող է առաջանալ՝ զարգացման անկանխատեսելի, ամենավատ հնարավոր սցենարներով։

-Իշխանական թեւի ներկայացուցիչները ոչ մեկ անգամ հռետորական հարցադրումներ էին անում, թե մենք պատրաստ ենք արդյոք «ոչ» ասելու դեպքում արբիտրաժային դատարանում մի քանի հարյուր միլիոն դոլար փոխհատուցել «Լիդիանին», բայց Փաշինյանը միջազգային ճնշումների մասով հայտարարեց, թե իրենք «ամենահատուկ ձեւով» կասեցրել են ճնշման ենթատեքստ ունեցող բոլոր փորձերը, իսկ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում էլ ինքը կաշկանդված չէ հանքը փակելու հարցում: Փաշինյանի ու թիմակիցների խոսքերը հակասո՞ւմ են իրար: Եվ արդյո՞ք սատանան (արբիտրաժը) այնքան սարսափելի է, որքան ներկայացվում է:     

-Դա սեփական քաղաքացիների նկատմամբ շանտաժի անթույլատրելի գործելաոճ է։ Այո, իրոք, վարչապետն Ամուլսարի մասին իր առցանց ելույթում հարցին բազմակողմանի անդրադարձավ, խոսեց ամեն ինչի՝ ծառի, ծաղիկի, թիթեռի, Սոլթ Լեյք Սիթիի հանքի, բնապահպանության եւ այլնի մասին ու նաեւ հավաստիացրեց, որ իրենց վրա ճնշում չկա։ Այդ դեպքում պետք է այդ անհեթեթ փաստարկը բերողներին ուղարկել վարչապետի մոտ՝ խորհրդակցության։

Կառավարող ուժի շատ անդամներ իրենք են ընկել այդ մանիպուլյատիվ թակարդի մեջ եւ դրա մեջ են ներքաշում նաեւ այլոց։ Տեսեք, կոնֆլիկտի կողմերը նախկին կոռումպացված քաղաքական համակարգի ներկայացուցիչներն ու նրանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերած խարդախ ընկերությունն են մի կողմից եւ հանրությունն ու նրա ընտրած կառավարող ուժը՝ մյուսից։ Այս մանիպուլյատիվ թեզով նրանք կոնֆլիկտի կողմեր են դարձնում կառավարող ուժին ու հանրությանը։ Նախկինները դուրս են գալիս կոնֆլիկտից, նրանց կատարած հանցագործությունները մնում են անպատիժ, անկանխատեսելի զարգացումների հեռանկար է ստեղծվում այս նոր կոնֆլիկտի պայմաններում։ Ես կոչ եմ անում հետեւել վարչապետի օրինակին եւ գոնե այս մի հիմար մոտեցումն այլեւս չբարձրաձայնել։

-Պարոն Սահակյան, այս տարվա հունվարին Ֆրանսիայում դեղին բաճկոնավորների ցույցերի օրերին «Հետքին» տված հարցազրույցում ասել էիք, որ Հայաստանում դեռեւս «դեղին բաճկոնավորների» շարժման հավանականությունը նվազագույն է, քանի որ հեղափոխական գործընթացներն առաջնորդած ուժի վարկանիշը չափազանց մեծ է, ապա, անդրադառնալով կառավարության կողմից կատարվելիք որոշ օրենքների փոփոխություններին՝ նշել էիք, որ եթե փոփոխությունները շատ երկար սպասեցնեն, ապա սոցիալական բունտը սարերի հետեւում չէ: Այսօր տեսնո՞ւմ եք դրա նախադրյալները:

-Այո։ Եվ եթե նույնիսկ վերանանք Ամուլսարի խնդրից, ապա հարցն այստեղ վստահության ճգնաժամն է։ Եթե իմ կառավարությունը ուզում է ինձ խաբել, ապա մեր միջեւ անհաղթահարելի վիհ է առաջանում։ Փոփոխությունների այս փուլում ունենալ կառավարություն, որն ազնիվ չէ իր քաղաքացիների հետ, անթույլատրելի «ճոխություն» է։ Մենք պետք է ձգտենք ամեն կերպ ձերբազատվել այդպիսի կառավարությունից։ Չի՛ կարելի խաբել սեփական քաղաքացիներին։ Կորսված վստահությունը վերականգնելը ահավոր բարդ կլինի, եթե չասենք անհնար։

Իսկ կոնկրետ Ամուլսարի դեպքում նրա պաշտպանները լի են այն պաշտպանելու վճռականությամբ եւ այդ վճռականությունը ոգեւորում է նաեւ այլոց։ Ամուլսարի շահագործումը կարող է տեղի ունենալ մի դեպքում՝ երբ ոստիկանական կոշիկների տակ ջարդվեն ժողովրդավարության ի հայտ եկած ծիլերը, իրենց անօտարելի իրավունքների համար պայքարող ազնիվ ու արդար քաղաքացիներ ձերբակալվեն։ Այդ քայլից հետո կառավարության հետ հարաբերությունները այլեւս նույնը լինել չեն կարող։

-Քաղաքական աշունը դեռ չի սկսվել, բայց իրադարձությունների ընթացքը կարծես հուշում է, որ այն թեժ է լինելու, եւ թեկուզ նույն Ամուլսարի խմորը դեռ շատ ջուր է քաշելու: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ներքաղաքական զարգացումների կարող ենք ականատես լինել մոտ ապագայում:

-Քաղաքական ուժերը չեն կարող խուսափել այս հարցում դիրքորոշում հայտնելուց։ Չի կարելի թույլ տալ, որ նրանք թաքնվեն այլոց որոշումների հետեւում։ Ամուլսարի հարցում սխալ մոտեցումը ստեղծելու է մի իրավիճակ, որի սկիզբը դնելու է կառավարությունը, բայց անկարող լինի նույն հաջողությամբ վերջացնել այն։

Նորից կրկնեմ, որ եթե «Լիդիան» ընկերության փաստաթղթերի՝ «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրությունները փորձեն հիմք դարձնել հանքի շահագործման համար, ապա շատ անառողջ քաղաքական միջավայր է ստեղծելու, որտեղ գուցե ունենանք քաղբանտարկյալներ, հակառակ դեպքում՝ փողոցից տուն գնալու ցանկություն չունեցող քաղաքացիների։ Կոնկրետ իմ դեպքում դա պայմանավորված կլինի անարդարության զգացմամբ եւ տարատեսակ կեղծիքներից իմ օրգանական զզվանքով։

 

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով