«Եթե պետությունն ունակ չէ կազմակերպել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, ապա պետության մասին խոսել կարելի է մեծ վերապահումներով». Սուրեն Սահակյանի հարցազրույցը Lragir.am-ին

Պարոն Սահակյան, բոլորը խոսում են հունվարի 11-ին ստորագրվելիք փաստաթղթի մասին: Վարչապետի խոսնակը հայտարարություն տարածեց, արդյոք սպառվեց թեման, թե, այնուամենայնիվ, կան վտանգներ:

Վարչապետի հետ դեկտեմբերի 30-ին կայացած հանդիպման ժամանակ բարձրաձայնել ենք մեր այդ մտահոգությունը և պատասխան ստացել, որ հունվարի 11-ին քննարկվելու են նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ ներառված տրանսպորտային ուղիների ապաշրջափակման կետի մասին հարցերը, ինչը հետագայում նա հայտնեց իր կամ իր խոսնակի հայտարարությունների տեսքով։ Եթե այլ պատասխան հնչեր, մենք անպայման դրան հրապարակային էլ կանդրադառնայինք։

Եղած խոսակցությունները ոմանց կողմից կառավարության ու անձամբ վարչապետի նկատմամբ անվստահություն սերմանելու կամ տարբեր ձեռնածությունների միջոցով նրանց վարկաբեկելու նպատակ ունեն։ Մյուս կողմից, բնական է, որ պատերազմից հետո զգալիորեն նվազել է կառավարության ու կառավարող ուժի նկատմամբ քաղաքացիների վստահությունը։ Այսպիսի պայմաններում, այս մթնոլորտում կառավարելը ընդհանրապես հարցականի տակ է, իսկ արդյունավետ կառավարում իրականացնելը՝ գործնականում անհնար։ Հենց այս վտանգն էր պատճառը, որ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը դեռ նոյեմբերի կեսերից պնդում էր, որ լավագույն լուծումը վարաչպետի այլ թեկնածու առաջ քաշելով ԱԺ կողմից Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելը կարող է լիներ։

Ինչ վերաբերում է Մոսկվայում հայկական շահերին չհամապատասխանող փաստաթուղթ ստորագրելու հավանականությանը, ապա դա քիչ հավանական է, ինչը սակայն, հաշվի առնելով 2013-ի սեպտեմբերի 3-ի ԵԱՏՄ մտնելու պարտադրանքի Ռուսաստանի պրակտիկ գործելաոճը, բացառել չի կարելի։

Շատերի գնահատմամբ՝ Հայաստանում անիշխանություն է, և կա հեղաշրջման վտանգ: Տեսնո՞ւմ եք այդպիսի վտանգ:

Այո, տեսնում եմ։ Այստեղ ես կուզեի խոսել ոչ թե այն հեղաշրջման մասին, որ մենք սովոր ենք պատկերացնել, այլ նրա մասին, ինչ տեսնում ենք։ Մի շարք դրվագներ հուշում են, որ հեղաշրջման փորձերը խրախուսում է դատական համակարգը։ Այն ուղերձ է հղում հեղաշրջման տրամադրված շրջանակներին, թե արեք ինչ ուզում եք, իսկ մենք ձեզ դրա համար չենք դատապարտի։ Մարդը առերևույթ խախտում է ՀՀ օրենսդրությունը, նրա մոտ հայտնաբերվում է ապօրինի պահվող մեծաքանակ զենք-զինամթերք, իսկ դատարանը նրա կալանքը իրավաչափ չի ճանաչում։

Տպավորություն է, որ իր ամբողջության մեջ դատական համակարգը վրեժ է լուծում Նիկոլ Փաշինյանից (դատարանների շրջափակման և «վնգստացող դատավորներ» արտահայտության համար (ինչը մենք հետևողականորեն քննադատել ենք)), բայց պատժում է Հայաստանը և նրա յուրաքանչյուր քաղաքացու։ Ո՞վ, եթե ոչ դատական համակարգը պետք է կարևորի արդարադատությունը։ Եթե չկա արդարադատություն, ուրեմն չկա պետություն։ Դա աքսիոմ է։ Հետևությունն այն է, որ դատական համակարգը ազատ ու արդար լինելու փոխարեն վերածվել է քաղաքական, գաղափարական և/կամ նեղ-անձնական շահերով միավորված խմբի՝ կուսակցության։ Եթե վերջին երկու արձանագրումը միացնենք, կստացվի, որ այդ կուսակցությունը ձգտում է վերացնել պետությունը։ Ուշադրություն եմ խնդրում՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանին, ո՛չ նրա ղեկավարած քաղաքական միավորը, այլ պետությունը՝ վերացնելով երկրի դատարաններում արդարության հասնելու վերջին պատրանքները։

Դատավորները, որոնք ներգրավված են քաղաքական գործընթացներում, պետք է հասկանան, որ իրենց այդպիսի գործունեությունը պետության ապագայի համար մեծ վտանգներ է պարունակում, մանավանդ, որ իրենք կարծես այնքան էլ հմուտ չեն քաղաքական հարցերում և պարբերաբար սխալ խաղադրույքներ են կատարում։ Որոշակի դիտանկյունից նայելիս դա կարող է նաև որպես սահմանադրական կարգի տապալման փորձ դիտարկվել։ Փոխարենը, հիմա իդեալական պայմաններ են ստեղծվել ազատ ու արդար դատական համակարգ ստեղծելու համար։ Խնդրեմ, ստացե՛ք ձեր ազատությունը, բայց արդար եղեք ու համոզեք, որ իրականում լավ դատավորներ եք, ոչ թե այն, ինչ մտածում էին նախկին քաղաքական համակարգի դատավորների մասին։

Որևէ քաղաքական ուժ պատրա՞ստ է ստանձնել այս իրավիճակի պատասխանատվությունը և հետագա ընթացքը ապահովել:

Իրավիճակի համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստ ուժերն ու անհատներն այնքան շատ են ու բազմազան, որ նույնիսկ ամաչում ես նրանց հետ նույն շարքում դիտարկվելու վտանգի համար իսկ։ Իսկ եթե լուրջ, ապա ձևակերպված ու ձևավորված ցանկացած ուժ պետք է որ այդ հնարավորությունն ու պատրաստակամությունը իր մեջ տեսնի։

ՄԻՊը տեղեկացնում է, որ վտանգներ են առաջացել ոչ միայն Կապանի օդանավակայանի, այլ նաև Կապանից Երևան տանող (Մ2) միջպետական ճանապարհով տեղաշարժի ու Կապան քաղաքի մի շարք բնակելի վայրերի համար: Ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկվեն այսպիսի խնդիրների լուծման համար և ինչու իշխանությունը դրանք չի լուծում:

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության ու դրա հիմքում ընկած հիմնավորումներին ծանոթ չեմ, բայց բազմիցս նշել եմ, որ պետության կազմավորման առաջնային նպատակն ու իմաստը այն ձևավորող քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ապահովումն է։ Բյուջեից զգալի միջոցներ են հատկացվում այդ նպատակի համար, ստեղծվում է բանակ, դիվանագիտական կորպուս, հատուկ ծառայություններ։ Եթե ի վերջո պարզվում է, որ պետությունն ունակ չէ կազմակերպել ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, ապա պետության մասին խոսելը կարելի է մեծ վերապահումներով։ Եվ այդպիսի բացթողում թույլ տված կառավարիչները, կառավարությունը պետք է կամ անհապաղ շտկի իրերի դրությունը, կամ տեղը զիջի նրանց, որոնք կարող են դա անել։

«Հաջորդ պատերազմի փոխարեն» կամ «ինչպես չկորցնել պետությունը». Միքայել Նահապետյանի հոդվածը «Հետք»-ում:

«Պատերազմը, խոշոր հաշվով, կոպիտ սխալների կատալոգ է»։

Ու. Չերչիլ

Աշխարհի ցանկացած ժողովրդի կապում է ինչ-որ գաղափար կամ համաձայնութունների շարք: Էթնիկ, լեզվական, կրոնական, մշակութային նույնությունը արդի աշխարհում դարձել է ո՛չ պարտադիր ու ո՛չ էլ բավարար պայման: Այսպես, օրինակ, արաբական աշխարհում, ուր կա լեզվի, կրոնի, մշակույթի խորքային ընդհանրություն՝ հանդես են գալիս առանձին պետություններ ու ժողովուրդներ: Միևնույն ժամանակ, օրինակ, Կանադայում տարբեր լեզուների, տարբեր կրոնների և տարբեր մշակույթների պայմաններում մենք ականատեսն ենք մեկ ժողովրդի ու նրա ձևավորած պետության, իսկ քրդական էթնոսը իր լեզվական, կրոնական ու մշակութային որոշակի ընդհանրություններով հանդերձ չունի պետություն հիմնելու և որպես ժողովուրդ հանդես գալու միասնական համաձայնություն: Հետևաբար պարտադիր ու բավարար պայման է համաձայնությունների ու գաղափարների այն շրջանակը, որը տվյալ մարդկային հանրությանը թույլ է տալիս ապրել և հանդես գալ, որպես մեկ ժողովուրդ և մեկ պետություն: Ու, եթե որևէ ժողովրդից վերցվի իրեն կապող գաղափարը, այդ ժողովուրդը կփլուզվի:

Հայաստանի դեպքում պատմականորեն այնպես էր ստացվել, որ այդ գաղափարը «Ղարաբաղը մերն է» կարգախոսից բխող համաձայնությունն էր: Բանն այն է, որ Ղարաբաղյան շարժումն ավելի հին է քան անկախության հանրային գործընթացը, և անկախությունը հռչակվեց, որպես շարժման ճանապարհին անխուսափելիորեն ահնրաժեշտ մի քայլ, որպես մի հանգրվան, որտեղից սկսած մենք իրավունք կունենայինք ինքնուրույն որոշելու մեր խնդիրների լուծման ճանապարհը: Անկախությունը հայ հանրության համար ընդունելի դարձավ բացառապես այն բանից հետո, երբ լայն շրջանակները հասկացան, որ ԽՍՀՄ կազմում ոչ Ղարաբաղը կարող է մերը լինել, ո՛չ էլ մեր բնական ու քաղաքական իրավունքները կարող են հարգվել: «Ղարաբաղը մերն է» կարգախոսը այն միակ համաձայնությունն էր, որի համար հայերը պատրաստ եղան պայքարելու, վճարելու, կռվելու և զոհվելու: Եվ հիմա այդ գաղափարը հօդս ցնդեց՝ իր հետ տանելով մեր գոյության և որպես ժողովուրդ ձևավորման վերջին երեսնամյակի ողջ պատմությունը:

Այն ինչ հիմա տեղի է ունենում մեզ հետ և մեր աչքի առաջ՝ հանրության փլուզում է: Մենք երևի դեռ լավ չենք գիտակցում, բայց այժմ մենք ոչնչով կապված չենք իրար հետ, ոչ մի պարտավորություն չունենք իրար առաջ և ատում ենք իրար ազատորեն, որովհետև համաձայն չենք իրար հետ ոչ մի բանում: Ու պետությունը, որ դեռ գոյություն ունի, սոսկ իներցիա է՝ այն ժամանակների, երբ մենք հարկ էինք վճարում, բանակ էինք գնում, հարգում էինք այլոց կյանքի իրավունքը… ու պատժում վերը թվարկվածները չանելու համար՝ մի համաձայնության շրջանակներում: Այդ իներցիան կա, որպես մի սովորություն, բայց այն կսկսի քայքայվել, երբ հարց ծագի թե ինչի՞ համար պիտի հարկ վճարենք, ինչի՞ համար պիտի բանակ գնանք, ինչի՞ համար պիտի հարգենք այլոց կյանքի իրավունը ու ինչի՞ համար պիտի պատժենք վերը թվարկվածները չանողներին:

Այն ատելությունն ու թույնը, որ հոսում է ամեն կողմ՝ մեդիայից մինչև խորհրդարան, փողոցից մինչև ֆեյսբուք և համաձայնության գալու անկարողությունը, որ դրսևորվում է բոլոր կողմերից՝ հստակ ախտանիշերն են հանրության փլուզման։ Հանրությունը տրոհվում է համաձայնության առավել փոքր խմբերի՝ այս կամ այն գործչի/կուսակցության աջակիցների, որոնք իրար առաջ որևէ պարտավորություն չունեն և պատրաստ են դաժանորեն ոչնչացնել իրար։ Նրանք ըստ էության նոր «միկրոժողովուրդներ» են՝ «զոմբիներ» և «պիցայակերներ», «սևեր» և «սպիտակներ», որոնք իրար հետ ապրելու որևէ եզր չեն գտնում, չեն կարող ունենալ մեկ կառավաարություն, մեկ կարգ, մեկ սահմանադրություն։ 

Նման իրավիճակում հանրույթները ունեն երեք ճանապարհ.

  1. Գտնել կամ պարտադրել համաձայնությունների շարք և սկսել նոր շրջան այդ ժողովրդի կյանքում։
  2. Բաժանվել մասերի ու հիմնել առանձին պետություններ։
  3. Այլ ավելի հզոր պետության կողմից ենթարկվել գաղութային հարկադիր կարգերի։

Երրորդ տարբերակը դուրս է մեր հայեցողությունից. դա տեղի կունենա առաջին երկու տարբերակը ձախողելու դեպքում՝ ինքնաբերաբար։ 

Երկրորդ տարբերակը մեզ համար չէ, քանզի չկա բավարար կենսատարածք երկու պետության գոյություն ապահովելու համաար։

Մեզ մնում է մտորել առաջին տարբերակի շուրջ։ Ընդ որում ես միանգամայն բացառում եմ պարտադրանքի տարբերակը, որովհետև հարկադրանքը ևս պետք է ունենա գաղափարական հիմքեր և հանրային աջակցության բազա, որը Հայաստանում ի սպառ բացակայում է։ Այդ հնարավորությունը կար 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո։ Սակայն այդ իրադարձությունները չձևակերպեցին նոր համաձայնություններ, այլ միայն մերժեցին նախկինում գոյություն ունեցած կարգերը։ 

Այստեղ ես ուզում եմ ներկայացնել մի փաստ, որը հստակորեն կցուցադրի այս ձախողման էությունը։ «Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում անց են կացվել հարցումներ, որոնց մի բաադրիչը վերաբերվել է այսպես կոչված «հանրային նպատակին»։ Հայերին, վրացիներին ու ադրբեջանցիներին տրվել է միևնույն հարցը. «ո՞րն է ձեր ժողովրդի նպատակը մոտ ապագայում»։ Վրացիները պատասխանել են, որ իրենց նպատակը ԵՄ և ՆԱՏՕ անդամակցությունն է, ադրբեջանցիները պատասխանել են, որ նպատակը «Ղարաբաղը հետ բերելն է», իսկ հայերը չեն տվել հստակ պատասխան։ 

Պատկերացրեք, որ մի ժողովուրդ, որի երեսուն տոկոսը պաշտոնապես աղքատ է, իսկ մոտ քսան տոկոսը գործազուրկ, մի ժողովուրդ, որի տնտեսությունն աշխատում է կուտակելով նորանոր պարտքեր, որի շուրջ սեղմվում է անվտանգային օղակը, որի զավակները իրենց բախտը կապում են աշխարհի զարգացած ու հետամնաց, աղքատ ու հարուստ, ժողովրդավարական ու ավտորիտար տարբեր երկրների հետ, բայց ոչ Հայաստանի, մի ժողովուրդ, որը նոր-նոր տապալել է անարդար կարգը և վերջապես հնարավորություն ունի կառուցելու այն ինչ երազում է… ահա այդ ժողովուրդը չունի երազանք։ 

«Թավշյա հեղափոխությունը» եկավ ու ասեց, որ վե՛րջ. մենք ժողովրդավարության բաստիոնն ենք, վե՛րջ. մենք ինքնիշխան ենք, վե՛րջ. մենք չկոռումպացված ենք, վե՛րջ. մենք տնտեսական թռիչք ենք գրանցելու, վե՛րջ. պարզապես վերջ։ «Թավշյա հեղափոխությունը» ասեց «վերջ» լճացած անցյալին։ Ու չտալով ապագայի ուղենիշեր՝ ակամա «վերջ» ասեց նաև ապագային։ Մեր հանրությանը թվաց, որ դժվարն անցել ենք, մեզ մնում է միայն ատամներով պահել այդ ձեռքբերումը։ Եվ մեր հանրությունը պահեց այն ատամներով, պահեց թշնամանալով, պահեց այնպես ինչպես տապանաքարն են պահում, որ ոչ ոք չպղծի։ Իհարկե, տապանաքարը չպետք է պղծվի և այն արժանի է պահպանության, բայց տապանաքարը, որքան էլ կարևոր, մի քար է որ դնում են մահացածի վրա ու ոչ նոր շենքի հիմքում։ Հիմա մենք շվարած-նստած ենք «նախկինի» գերեզմանաքարին և տխուր նայում ենք մեր շուրջը չտեսնելով ապագան կառուցելոu որևէ ռեսուրս և ուղենիշ. այնպես՝ ինչպես որևէ մեկը չի մտմտում գերեզմանոցում տուն սարքելու մասին։

Եվ ահա մեր խնդրն է գտնել այդ համաձայնությունը ապագայի շուրջ։ Դա չափազանց բարդ մի խնդիր է այն պայմաններում, երբ մարդիկ գոյության սպառնալիքի և դավադրությունների մեջ մոլորվածության զգացմունքներ ունեն։ Բայց դա միակ ճանապարհն է, եթե մենք դեռ ուզում ենք պետություն ու սեփական կարգեր ունենալ ու չդառնալ երրոդ տարբերակի գերին։

Այս խնդրի լուծումը փնտրելիս ես ելնում եմ այն կանխավարկածից, որ մենք ուզում ենք ապրել արդար, ազատ և համերաշխ միջավայրում։ Սա հնարավոր է, եթե մենք ունենանք խաղաղ, բարեկեցիկ և ինքնիշխան պետություն։

Այս համաատեքստում ես ինձ թույլ եմ տալիս նկատել, որ կոնֆլիկտներն ու պատերազմները արդի աշխարհում միջազգային հարաբերությունների կարգավորման մեջ կարևոր ու արժեքավոր գործիքներ են՝ հատկապես, եթե քո երկրի զավակները չեն զոհվում այդ կոնֆլիկտներում։ Ղարաբաղյան կոնֆլիկտը, փակ սահմանները ինքնին շատ կարևոր գործիքներ են ու ռեսուրս այլ պետությունների համար՝ իրենց հարցերը կարգավորելու համատեքստում։ Եթե այլաբանորեն ձևակերպենք՝ Հայաստանը իր փակ սահմաններով պահակակետ էր Ռուսաստանի ու Չինաստանի արևմտյան դարպասների մոտ, իսկ հայության մասնագիտացումը պահակակետի անվտանգության աշխատակցի մասնագիտությունն էր` դրանից բխող վարձատրության և ինքնուրույնության մակարդակով։ Այս այլաբանությունը կիրառում եմ ցույց տալու, որ ամեն ժողովուրդ ու պետություն ունի ֆունկցիա (մասնագիտացում) և ամեն ժողովուրդ ու պետություն ինչ-որ բարիք է ստեղծում մյուսների համար։ Կյանքը հեռու է ռոմանտիզմից և մասնագիտությունները լինում են նաև վտանգավոր։ Այսինքն, երբ դու պահակակետի անվտանգության աշխատակից ես՝ պահպանվող օբյեկտի վրա հարձակումը անխուսափելիորեն հղի է զոհվելու վտանգով։ Մենք միակը չենք այս աշխարհում ում մասնագիտացումը վտանգավոր է կյանքի համար. աֆրիկյան պետություններից շատերը մասնագիտացել են որպես հանքափորներ և ունեն դրան բնորոշ առողջական, կրթական, սոցիալական, ֆինանսական խնդիրներ, ոչ ֆորմալ գոյություն ունեցած ԻԼԻՊ-ը (Իսլամական պետւթյուն ահաբեկչական կազմակերպությունը) մասնագիտացել էր վարձու մարդասպանի մասնագիտության մեջ և խիստ օրինաչափորեն կեղծում էր անձնագրեր, թաքնվում բոլորից, փակում իր դեմքը դիմակով, զոհվում իր պատվերը անհաջող կամ նույնիսկ հաջող կատարելու դեպքում ու նրա հետ կապ ունեցող որևէ պետություն հրաժարվում էր ընդունել այդ կապի մասին փաստերը ու ցուցադրաբար ոչնչացնում էր նրան։

Հետևաբար, եթե չենք ուզում ապրել պարբերաբար մեր զավակների կյանքը զոհելով՝ պետք է փոխենք մեր մասնագիտությունը։ Հայ հանրության այն հատվածում, որը ճշգրտորեն նկատել է, որ մեր կոնֆլիկտը գործիք է միջազգային հարաբերություններում՝ կա մի մոլորություն, թե հնարավոր է ազատվել այս «աշխատանքից»՝ հաղթելով պատերազմում, կամ զիջելով Ղարաբաղը / դրա մի մասը։ Ոչ ոք չի սիրում ձրիակերներին ու ոչ ոք թույլ չի տալու, որ այս աշխարհում մենք ապրենք առանց «աշխատանքի»։ Ամեն անգամ, երբ մենք կամ Ադրբեջանը չափազանց մոտ կլինենք լիարժեք հաղթանակին, կամ ամեն անգամ, երբ մենք ու Ադրբեջանը չափազանց մոտ կլինենք փոխզիջումային լուծմանը՝ հանկարծակի կծագի մի պետության վետո, մի բանաձև, մի կոշտ հայտարարություն, մի չբացահայտված կրակոց, մի նոր մատակարարված զինատեսակ, որը առնվազն տաս տարով կհետաձգի այդ պահը։ Այս տողերը գրելիս ես անասելի ցավ եմ ապրում այսպիսի իրականության համար, որտեղ մենք լիարժեք հաղթանակի կամ վերջնական կարգավորման հնարավորություն չունենք, բայց սա է իրականությունը, որի չարձանագրումը մեզ կշարունակի պահել կեղծ լուծումներ գտնելու ջանքերի փուլում։  Հետևաբար երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն կոնֆլիկտին այլընտրանք առաջարկելով, կամ, այլաբանորեն, փոխելով «մասնագիտությունը»։ 

Ինչպե՞ս փոխել մասնագիտությունը։

Այս հարցը լայն իմաստով և կոնկրետ «մասնագիտության» ընտրությունը՝ նեղ իմաստով, փիլիսոփաների, տնտեսագետների, սոցիոլոգների, դիվանագետների և շատ այլ մասնագետների ուսումնասիրության լուրջ թեմա է, որոնցից որևէ մեկը ես չեմ հանդիսանում։ Ես ձեռնպահ կմնամ այդ նորույթը ձևակերպելու համարձակությունից, նույնիսկ, եթե ելնենք այն հաշվարկից, որ այդպիսի մասնագետներ չկան, որ իրենք ձևակերպեն։ Բայց կարծում եմ, որ գիտեմ ընդհանուր մի բանաձև, որը թույլ կտա ստեղծել միջավայր, որտեղ այդ հարցերը կարող են քննության առարկա դառնալ։ 

Ելնելով ընդհանուր կանխավարկածից, որ մենք պետք է նոր ֆունկցիա վերցնենք, որը կլինի առավել անվտանգ, կվարձատրվի ավելի բարձր ու թույլ կտա խոսել-հակադրվել առավել համարձակ և նկատի ունենալով, որ մենք ուզում ենք արդար, ազատ և համերաշխ հանրություն կառուցել՝ այդ ընհանուր բաաձևը հետևյալն է. 

Արդարացի միջացայր – կրթություն/գիտություն – արժանապատիվ և արդյունավետ աշխատանք

Կարծում եմ կհամաձայնեք, որ վերը նշված եռյակը ցանկացած մասնագիտացման դեպքում անհրաժեշտ նախապայմաններն են։

Արդարացի միջավայր

Սա ասելով ես նկատի ունեմ հարկային, դատաիրավական, աշխատանքի վարձատրության, բարիքի բաշխման մեխանիզմների այնպիս վերանայում, որը թույլ կտա քաղաքացուն իրեն այս երկրի փայատեր զգալ։ 

Արցախից վերադարձած որոշ ընկերներ պատմում են՝ արցախցիների շրջանում կար նեղսրտածություն, որ պատերազմի ժամանակ հայրենիքի համար իրենք կյանքն են զոհաբերում, բայց խաղաղության ժամանակ այդ պաշտպանված տարածքներում հեկտարներով սեփականությունը պատկանում է նեղ շրջանակների։ Անկախ նրանից այս մտքի հիմքերը որքան են փաստացի՝ դրա գոյությունը ցույց է տալիս, որ մենք ինչ-որ տեղ շատ կոպիտ սխալ ենք թույլ տվել։

Այսօր օրենսդրական փոփոխություններ են արվում, որոնք նախատեսում են զոհված և վիրավորված մեր եղբայրների ընտանիքներին տրվելիք փոխհատուցումների գումարը գանձել այն նույն ընտանիքներից՝ աշխատավոր դասից, որոնք պատերազմին են նվիրել իրենց զավակների կյանքն ու առողջությունը, որոնք բանակում պահել են զինվորին խաղաղ ժամանակ, որոնք լիցքավորել են զինվորի հեռախոսը, որ մասնավոր կազմակերպությունը կապ ապահովի ընտանիքի ու զինվորի միջև։ 

Այսօր փոքր ու միջին բիզնեսի վրա է դրվում բյուջերի ճեղքվածքը փակելու հարկային բեռը՝ այն նույն մարդկանց, ովքեր աշխատել են հնարավոր ամենալավ Հայաստանի համար, որոնց հարկերով ու նվիրատվություններով կառուցվել է ամեն բան Հայստանում, Արցախում ու բանակում։ Տպավորություն է, որ խոշոր բիզնեսը, օտարերկրյա կորպորացիաները այդ պատերազմից ու դրա հետևանքներից ապահովագրված են եղել ի վերուստ։

Այս պայմաններում մենք ընդամենը մեկ տարուց կարող ենք ականատես լինել աննախադեպ արտագաղթի, որը Հայաստանը կզրկի աշխատավորական դասից ու սեփական բանակ ունենալու հնարավորությունից։ Հարկավոր է արմատապես փոխել արդարությանը առչվող մեր գործիքակազմը, եթե ընդհանրապես ուզում ենք ապագայում գոյություն ունենալ։

Կրթություն/գիտություն

Թերևս սա ամենակարևոր կետն է այս ողջ պատմության մեջ։ Մենք փնտրում ենք լուծումներ՝ արագ և հեշտ, բայց չենք ուզում նկատել, որ խնդիրները լուծվում են դրանք մանրամասնորեն «հերձելու» միջոցով։ Մենք ոչ մի հարցի պատասխան ու լուծում չենք ունենալու, եթե չունենանք այդ հարցերը քննելու կարող միտք ու համակարգ։ Մեր մի շարք հարցեր դեռ պիտի մնան անպատասխան ու թողնվեն հետագային՝ քանի դեռ մենք չունենք այդ հարցերին պատասխանող մասնագիտական համայնքներ։ Ուստի մեր աշխարհքաղաքական «մասնագիտության» թե ընտրությունը, թե դրա որակյալ կատարումը կախված է կրթության և գիտության համակարգի վերափոխումից։ 

Այսօր մենք ունենք անհատ գիտնականներ ու փոքր-մեկուսի գիտական խմբեր։ Դրանք շղթայի ոսկե օղակներն են, բայց շղթան ինքնին գոյություն չունի։ Մեր խնդիրն է հավաքել շղթան։ 

Ինչպե՞ս.

Ընդհանուր տրամաբանությունը պետք է հենված լինի երեք անկյունաքարերի վրա Փող/փողի կառավարում – պատվեր/պատվերի կառավարում – միջազգայնացում

Միջազգայնացում. Գիտությունը չի լինում ազգային, չի լինում տեղական, չի լինում հայրենական։ Երբ դու Ներքին Չարբախում գտնվող մի քարի մասին գիտական հոդված ես գրում՝ Սախալինից մինչև Վանկուվեր քո կոլեգաներից ցանկցածը կարդալով այդ հոդվածը կարող է հասկանալ դա գիտական է թե ոչ, դա գրագետ է թե ոչ, դա նոր գիտելիք ստեղծել է թե ոչ։ Հետևաբար ունենալ գիտություն նշանակում է մաս լինել մի համակարգի, որը ուսումնասիրում է Սախալինի, Վանկուվերի ու Ներքին Չարբախի «քարերը»։ 

Այդ համակարգի մաս դառնալու համար պարզապես հարկավոր է օտարերկրյա համալսարանների հետ կնքել պայմանագրեր ու հուշագրեր, որոնք կնախատեսեն, որ մեր ասպիրանտների գիտական աշխատանքները կարող են ղեկավարել հեղինակավոր համալսարանների պրոֆեսորները, որ թեկնածուական ատենախոսությունների պաշտպանության հանձնաժողովներում կլինեն նաև այդ համալսարանների գիտնականներ, որ կողմերը պարտավորվում են բոլոր միջոցներով խրախուսել համատեղ աշխատանքները, որ մենք բավականաչափ կֆինանսավորենք այդ համագործակցությունը մեր մասով։ Պետք է խրախուսել օտարերկրյա գրականության թարգմանությունը հայերեն և հայ գիտնականների աշխատանքների թարգմանությունը օտար լեզուներով։ Եվ իհարկե պետք է ցանկություն ու համբերություն։  

Պատվեր/պատվերի կառավարում – Պետությունը ունի կարիքներ։ Երբ պատկերացնում ես թե միայն հասարակագիտական բնագավառում որքան հարցերի պատասխաններ չունի մեր պետությունը՝ սարսափում ու զայրանում ես, որ առաջ ենք շարժվում այսպես անիմանալ ու «արխային»։ Պետությունը պետք է լինի գիտության ամենախոշոր պատվիրատուն։ Զառանցանք է 13 միլիարդ դոլար ՀՆԱ ունեցող երկրում «շուկայի կարիքների վրա հենված գիտության» մասին խոսակցությունը։ Օրենք ենք ընդունում՝ պիտի պատվիրենք դրա սոցիալական ազդեցության գնահատական, հարկային համակարգ ենք ներդնում՝ պիտի կանխավ և հետահայաց ուսումնասիրենք դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը, Արցախի ճանաչման գիծ ենք տանում՝ պիտի պատվիրենք միջազգային իրավունքի ու պատմության բնագավառում մեծ ծավալի հետազոտություններ անել ու տպել միջազգային գիտական ամսագրերում, ցեղասպանության ճանաչման քաղաքականություն ենք վարում՝ պիտի պատվիրենք դրա վերաբերյալ հետազոտություններ անել ու տպել միջազգային գիտական ամսագրերում։ Ի դեպ, վերջինի մասով. բոլոր հեղինակավոր ցեղասպանագիտական ամսագրերում Հայոց ցեղասպանության թեմայով ավելի քիչ պրոհայկական հոդված կա, քան պրոթուրքական, այս առումով մենք նույնիսկ չենք դիմանում «Խոջալուի ցեղասպանության» թեմայով հոդվածների հետ մրցակցությանը։ Սա է այն մակարդակը, որով մենք վերաբերվել ենք մեր դրած առաջնահերթ խնդիրների լուծմանը։ 

Տալ պատվեր ու հետևել, որ այն իրականացվի հստակ չափանիշներին համապատասխան մակարդակով, կիրառել արդյունքները կառավարման մեջ. սա է պետության որակի կարևոր մի գրավականը։

Ֆինանսավորում. Հայաստանի կառավարությունը խախտելով գիտության ֆինանսավորման վերաբերյալ օրենքի պահանջները՝ քառակի քիչ ֆինանսավորում է հատկացնում գիտությանը։ Դա պրակտիկորեն նշանակում է, որ գիտնականը կամ պիտի չունենա վարձատրություն, կամ պիտի չունենա թիմ, կամ պիտի չունենա լաբորատորիա, կամ պիտի չունենա փորձարարության բյուջե, կամ… ինչ-որ բանից պետք է զուրկ լինի, իսկ եթե որևէ ուղղությամբ ամեն ինչ ապահովվի բավարար չափով, ապա մեկ այլ ուղղություն ընդհանրապես պետք է չֆինանսավորվի։ Ֆինանավորման ավելացումը և դրա երաշխավորված մակարդակը հնարավորություն կտա երկարաժամկետ զարգացման պլաններ ունենալ, հավաքել թիմ, վստահ լինել, որ հաջորդ տարի նրանց կկարողանաս աշխատավարձ տալ, ստեղծել լաբորատորիա, աշխատել երկար և ամենակարևորը՝ սխալվել. մի բան, որ արգելված է Հայաստանում։ Հայաստանում պահանջում են հարվածային դրոններ, պահանջում են բոլորից՝ տեսական ֆիզիկոսից մինչև սոցիոլոգ ու եթե դու հենց այսօր չես տալիս քո բաժին «դրոնը» ապա դու «կոֆե խմող» ես։ Սա ինֆանտիլ մոտեցում է, որովհետև միակ բանը, որ գիտությունը պարտավոր է ստեղծել՝ գիտելիքն է. անծանոթը ճանաչելը, անիմանալին իմանալը, անլուծելին լուծելը։ Իսկ դրոն արտադրում են ինժեներները՝ հենվելով գիտելիքի վրա։

Պետք է գիտության ֆինանսավորումը պահել նվազագույնը ՀՆԱ 1 տոկոսի մակարդակում ու դնել փողի կառավարման արդարացի համակարգ, երբ պարզ կլինի թե փողը ուր և ինչու է հոսում։ 

Ընդ որում այստեղ, որպես առավել ծանր վիճակում գտնվող բնագավառ, հատուկ վերաբերմունքի է արժանի հասարակագիտական բնագավառը, որից «դրոն» ակնկալելը միանգամայն խեղկատակություն է։ Հասարակագիտությունը. սոցիոլոգիան, փիլիսոփայությունը, քաղաքատնտեսությունը և շատ այլ մեզ համար խորթ մասնագիտություններն են, որ թույլ են տալիս ճանաչել մեր ու այլոց հանրությունները, պարզել թե ինչու ամեն ինչ չի լինում այնպես ինչպես երազում էինք, ինչպես կազմակերպել մեր կյանքը, որ այն զարգանա առանց խոշոր ցնցումների ու ճգնաժամերի։ 

Գիտության համակարգի առողջացումը մեզ տալու է այն պրոֆեսորներին, որոնք ձևավորելու են բուհական կրթությունը, բուհական կրթությունը տալու է ուսուցիչներ, որոնք կերտելու են դպրոցական կրթությունը և դպրոցական կրթությունը տալու է այն քաղաքացուն, որը այս ամբողջ գործընթացի շահառուն է հենց։

Արժանապատիվ և արդյունավետ աշխատանք. 

Պաշտոնական տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 30 տոկոսը աղքատ է, իսկ գործազուրկ է մոտ 20 տոկոսը։ Այս ցուցանիշների համադրումը տխուր մի հետևության առիթ է դառնում՝ Հայաստանում աշխատող մարդը աղքատ է։ 

Այս թվերը ջախջախում են այն փաստարկը, թե մարդիկ չեն աշխատում դրա համար են աղքատ, այս թվերը ապտակ են այն քաղաքական գործչին, ով մարդկանց կոչ է անում աշխատել։ Եթե նույնիսկ մարդը անծանոթ է ԱՄՆ Մեծ դեպրեսիային ու դրա հաղթահարման քաղաքականությանը, եթե նույնիսկ մարդը չի կարդացել Ջոն Մեյնարդ Քեյնսի «Զբաղվածության, փողի և տոկոսի ընդհանուր տեսությունը»՝ միայն այս թվերը պիտի նրա ուղեղում հարցեր առաջացնեն։ 

Հայաստանի տնտեսությունը դեգրադացված ու դեֆորմացված է այնչափ, որ այն հնարավորություն չի տալիս մարդուն անդուլ աշխատանքով անգամ ապրել արժանապատիվ կյանքով։ Սրա սոցիալական բաղադրիչին անդրադարձա արդարության մասին հատվածում, բայց սա ունի նաև տնտեսական բաղադրիչ։ Ես կարծում եմ, որ այս խնդրի լուծումը մի կողմից հարկային քաղաքականության, մյուս կողմից պարտքի ու ներդրումների ներգրավման միջոցով Հայաստանի տնտեսության ծավալների մեծացումն է։ Ո՞ր ուղղությամբ. չունեմ այդ հարցի պատասխանը։ Ինչպես ասացի մասնգիտացման ընտրությունը ինքնին գիտական-մասնագիտական քննարկման առարկա է։ Բայց ես գիտեմ, թե ինչ եմ երազում տեսնել Հայաստանում։

Ես երազում եմ տեսնել, որ բոլոր համալսարանական հաստատությունները դուրս են բերվել Երևանից ու տեղակայվել են Լոռու դաշտում՝ անտառների ու ձորերի, մաքուր օդի ու կոմֆորտ եղանակի միջավայրում կառուցված նոր համալսարանական-նորարարական քաղաքում։ Ես երազում եմ, որ այդ քաղաքի շուրջ ուր իջևանելու են տասնյակ հազարավոր երիտասարդներ, Շիրակում ու Տավուշում, որ հայտնվելու են այդ դինամիկ քաղաքի ազդեցության գոտում՝ մարդիկ հիմնեն նրանց կերակրելու, նրանց ժամանցն ապահովելու, նրանց հագուստը արտադրելու ձեռնարկություններ, հիմնեն նրանց ապագա աշխատավայրերը։ Ես երազում եմ, որ Հայաստանը լինի բժշկական սարքաշինության ոլորտում հայտնի պետություն ու աշխարհում միլիոնավոր մարդկանց կյանքն ու առողջություն կախված լինի մեր աշխատանքից, որ մեզ մոտ լինեն քաղցկեղի ու սիրտ-անոթային հիվանդությունների բուժման լավագույն կենտրոնները, որոնք մեր քաղաքացիներին կբուժեն անվճար, իսկ այլոց՝ վճարովի։ Ես երազում եմ, որ ցանկացած տեղ ուր մարդը կնախաձեռնի գյուղմթերք արտադրել՝ ոռոգման ջուրը հասնի էժան ու բավարար քանակով։ Ես երազում եմ, որ գյուղմթերքի մթերումը կազմակերպվի կենտրոնացված ու մարդը սկզբում իմանա թե ինչի կարիք է լինելու ներքին ու արտաքին մեզ հասանելի շուկայում՝ այդ էլ մշակի։ Ես երազանքներ ունեմ Սյունիքի ու Արցախի, Վայոց Ձորի ու Երևանի, Արարատյան դաշտի ու Սևանի ավազանի, Արագածոտնի ու Կոտայքի մասին։ Որքանով են դրանք արդյունավետ, որքանով են դրանք մրցունակ՝ չգիտեմ, այդ հարցին կպատասխանեն մասնագետները։ Բայց որպեսզի լինեն մասնագետներ՝ մենք պիտի գանք համաձայնության, որ յուրաքանչյուրս ատամներով պահելու ենք արդար միջավայր – կրթություն/գիտություն – արժանապատիվ ու արդյունավետ աշխատանք եռամիասնությունը՝ այնպես հաստատակամ ինչպես հաստատակամ պահում էինք «Թավշյա հեղափոխություն» մակագրությամբ տապանաքարը, բայց առանց թշնամանքի ու կուրության։ 

Եվ այդժամ մենք աշխարհում ապրելու համար չենք վճարի մեր եղբայրների կյանքով ու առողջությամբ, այդժամ մենք կքավենք մեր մեղքը նրանց չապրած օրերի ու չիրականացած երազանքների առաջ, նրանց մոլորված հայացքով մանուկների ու հավերժ սգավոր մայրերի առաջ։

Մ. Նահապետյան
10 հունվար 2021

ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի հանքի վերաբերյալ

2018 թվականի հեղափոխական գործընթացներից հետո Ամուլսարի հարցով մտահոգված քաղաքացիների կողմից կրկին ձևակերպվել է այդ հանքարդյունաբերական ծրագրի չեղարկման քաղաքական պահանջ։ Խնդիրն ունի տնտեսական, իրավական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։ Ծավալվող քաղաքական գործընթացի սկզբում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով խնդրի այլ բաղադրիչները, այն, անթույլատրելիության աստիճանի պարզեցնելով, հանգեցրել է միայն բնապահպանական խնդրի։ Դրա շրջանակներում նա առաջարկել է մի պարզ պայման՝ հանքը չի շահագործվի, եթե բնապահպանական ռիսկեր հայտնաբերվեն և կշագործվի, եթե այդպիսիք չհայտնաբերվեն։ Վերոնշյալ ռիսկերի հայտնաբերման գործը վստահվել էր կառավարության կողմից ընտրված ԷԼԱՐԴ կազմակերպության կողմից ներգրավված փորձագետներին։

Նույնիսկ առաջադրված պրիմիտիվ պայմանի տիրույթում պարզվել է, որ հանքի շահագործումն անթույլատրելի է։ ԷԼԱՐԴ ընկերության փորձագետները կառավարության կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում հօդս են ցնդեցրել հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի կառավարելիության մասին մեզ պատմվող առասպելները։ Սակայն տեսակոնֆերանսին հաջորդած օրերի ընթացքում, որոշումների կայացման անհասկանալի տրամաբանությամբ, գործընթացը շարժվել է ի սկզբանե հռչակած պայմաններին հակառակ ուղղությամբ։ Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, փորձում է լրացուցիչ անհասկանալի և վիճահարույց փաստարկներով հիմնավորել իր հռչակած սկզբունքից հրաժարվելու որոշումը․ կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի կամ քաղաքական ուժի։ Խոսքի և գործի այսպիսի շեղումը կարող է հանգեցնել վստահության տոտալ ճգնաժամի։

Կրկին հավաստում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Ամուլսարը չպետք է հանքի վերածվի և մենք դրա համար կներդնենք մեր առավելագույն ջանքերը։ Հաշվի առնելով մինչ այժմ հնչած բոլոր փաստարկները՝ պահանջում ենք․

– Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախկին գնահատականը,

– Վերանայել մետաղական հանքարդյունաբերության պետական քաղաքականությունը,

– Վերանայել ընդերքի շահագործման վերաբերյալ օրենսդրական դաշտը:

«Քաղաքացու որոշում» կուսակցություն

Փաշինյանն իր ուղիղ եթերով Ջերմուկում ոչ ոքի չէր համոզել. Միքայել Նահապետյան

Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում Միքայել Նահապետյանն ասել է. «Մարդիկ, միևնույնն է, շարունակում են վստահ լինել, որ կկայացվի ժողովրդի ցանկություններից, համոզմունքից ու արդարացի պահանջից բխող որոշում, որ կառավարությունը, որը ժողովրդի ուղիղ ցանկությամբ ու իշխանությամբ է եկել ու դարձել կառավարություն, կկայացնի այդ տրամաբանությունից բխող որոշում: Մարդիկ այնտեղ հավատում են դրան:»

 

Մարմանասները՝ տեսանյութում:

 

Փաշինյանի փաստարկները ոչ միայն համոզիչ չէին, այլ նաև շատ վիճահարույց էին, որոշ դեպքերում՝ մանիպուլյատիվ. Գարեգին Միսկարյան

Lragir.am -ի զրուցակիցն է եղել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը

Պարոն ՄիսկարյանՆիկոլ Փաշինյանը 1,5 ժամ տևած ելույթում հայտարարել էոր պետք է հնարավորություն տալ հանքը շահագործելու։ Նրա հիմնավորումները համոզի՞չ էին։

Փաստարկները ոչ միայն համոզիչ չէին, այլ նաև շատ վիճահարույց էին։ Որոշ դեպքերում՝ մանիպուլյատիվ։ Նիկոլ Փաշինյանի լայվը ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պատասխաններ։ Բերեմ ամենացայտուն օրինակը. Փաշինյանը վստահեցնում էր, որ շահագործման դեպքում լինելու է խիստ վերահսկողություն, և խախտում հայտնաբերելու պարագայում հանքի շահագործումը դադարեցվելու է, սակայն բաց է մնում ամենակարևոր հարցի պատասխանը՝ ո՞վ է կրելու հանքի ռեկուլտիվացիոն ծախսերը, ո՞վ պիտի փոխհատուցի Լիդիանի խոստացած և պետության կողմից չհավաքագրված հարկերը, ինչպե՞ս է լուծվելու գործազուրկ դարձած հանքի աշխատողների աշխատատեղերի հարցը։ Նմանատիպ օրինակները բազմաթիվ են։

Դուք ինչպիսի՞ լուծում եք տեսնում։ Պետք է պայքարել մինչև կառավարությունը նահանջի՞ իր այս որոշումիցմանավանդ որ իրենց ներսում էլ այս հարցի հետ կապված տարաձայնություններ կան։

Չեմ համարում, որ կառավարությունը արդեն որոշում է կայացրել հանքը շահագործելու վերաբերյալ, հույս ունեմ, որ որպես փոխհամաձայնության նվազագույն քայլ առնվազն կնշանակվի նոր ՇՄԱԳ փորձաքննություն։

Փաշինյանը նաև նշել էոր օպերատիվ ծառայությունները հաստատել ենորայլ հանքարդյունաբերական ընկերություններ աջակցում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ գործընթացին։ Տիրապետո՞ւմ էիք նման տեղեկատվության։

Ոչ, նման տեղեկատվության չեմ տիրապետում։ Հանքի շահագործմանը դեմ պայքարող խմբերը կարող են լինել շատ տարբեր և բազմազան։ Առողջ միջավայրում ապրելու իրավունքը բոլորինս է, այլ հարց է, որ այդ պայքարում կարող են գտնվել խմբեր և անհատներ, որոնք կարող են հետապնդել նեղ անձնային շահ։ Այն փաստարկները, որոնցով Փաշինյանը փորձեց հիմնավորել ձեր նշած երևույթը, առնվազն տարակուսանք է առաջացնում։ Ինչպես կարելի է որևէ հանքի համապատասխանությունը բնապահպանական չափորոշիչներին պայմանավորել մեկ այլ հանքի գոյությամբ կամ չգոյությամբ։

 

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Բացասական գնահատականը կառավարող ուժի կողմից անտեսվում է եւ հանրությանը մատուցվում, թե ուսումնասիրությունը դրական եզրակացություն է պարունակում, ռիսկերը մեծ չեն, կառավարելի են. Սուրեն Սահակյան

«Հետքի» հարցերին է պատասխանել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը:

եր հարցազրույցից առաջ ասացիք, որ Ջերմուկ եք գնում: Ի՞նչ նպատակով էր Ձեր այցը:

-Հանդիպեցինք հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների հետ, քննարկեցինք իրավիճակը, պայմանավորվեցինք համակարգված գործել, հավաստիացանք, որ նրանք աննահանջ պայքարելու են։ Պատահականորեն ստացվեց այնպես, որ ներկա եղանք Ջերմուկի բնակիչների հավաքին, որտեղ քննարկվում էր պայքարի ռազմավարությունը։ Հատկանշական է, որ որոշումներն ընդունվում են միասին, հանրային լայն մասնակցայնությամբ, ներառողական, բոլորի կարծիքը հաշվի առնելով, ժողովրդավարության պայմաններում՝ այն արժեքների շրջանակներում, որ քարոզում էին վերջին հեղափոխական գործընթացները։

-Այս օրերին ամենաշատ քննարկվող հարցը Ամուլսարի հանքի շահագործման շուրջ է, որը դարձել է նաեւ ներքաղաքական բանավեճի թեմա: Ձեր կուսակցությունը նույնպես հայտարարություն է տարածել դրա վերաբերյալ՝ նշելով, որ դեմ է հանքի շահագործմանը, եւ Ամուլսարը սար է մնալու: Դեռեւս 2018 թվականից կարծիքներ էին հնչում, որ Ամուլսարը նոր իշխանությունների համար իսկական փորձաքար է լինելու, իսկ հիմա արդեն պարզ է կառավարության տեսակետը: Հաշվի առնելով բիզնես շահերն ու ազդակիր համայնքների դիմադրությունը՝ ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի թիմը փորձությու՞ն է անցնում այս պահին:

-Երեւի ամենալուրջ փորձությունը մինչ այս պահը։ Սակայն պետք է նշել, որ այդ փորձությունը չի անցնում։ Բանն այն է, որ կառավարող ուժին շատերն են աջակցել, ոմանք վերապահումներով, ավանսով վստահության քվե տալով, ոմանք՝ անվերապահ։ Եվ ահա, ունենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին ուսումնասիրություն, որը կարդալով պարզվում է, որ հանքի շահագործումը մեծ վտանգներ է պարունակում։ Այս համատարած բացասական գնահատականը կառավարող ուժի կողմից անտեսվում է եւ աճպարարական հնարքներով հանրությանը մատուցվում, թե ուսումնասիրությունը դրական եզրակացություն է պարունակում, ռիսկերը մեծ չեն, կառավարելի են։

Ես ուրախ եմ, որ գոնե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում կան պատգամավորներ, որոնք չեն մեղանչում ճշմարտության դեմ եւ հայտարարում են, որ, այնուամենայնիվ, ուսումնասիրությունը չի փարատել հանքի ծայրահեղ վտանգավորության մասին իրենց կասկածները։ Այլապես ստիպված կլինեինք ականատես լինել վիճակի, երբ վստահության արժանացած կառավարող ուժը փորձում է համոզել, որ մածունը սեւ է։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ եթե այլ հարցերում էլ նույն գործելաոճն ունեն՝ թաքցնել, աղավաղել, խեղաթյուրել, ստել։ Վստահության լուրջ ճգնաժամ կարող է առաջանալ՝ զարգացման անկանխատեսելի, ամենավատ հնարավոր սցենարներով։

-Իշխանական թեւի ներկայացուցիչները ոչ մեկ անգամ հռետորական հարցադրումներ էին անում, թե մենք պատրաստ ենք արդյոք «ոչ» ասելու դեպքում արբիտրաժային դատարանում մի քանի հարյուր միլիոն դոլար փոխհատուցել «Լիդիանին», բայց Փաշինյանը միջազգային ճնշումների մասով հայտարարեց, թե իրենք «ամենահատուկ ձեւով» կասեցրել են ճնշման ենթատեքստ ունեցող բոլոր փորձերը, իսկ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում էլ ինքը կաշկանդված չէ հանքը փակելու հարցում: Փաշինյանի ու թիմակիցների խոսքերը հակասո՞ւմ են իրար: Եվ արդյո՞ք սատանան (արբիտրաժը) այնքան սարսափելի է, որքան ներկայացվում է:     

-Դա սեփական քաղաքացիների նկատմամբ շանտաժի անթույլատրելի գործելաոճ է։ Այո, իրոք, վարչապետն Ամուլսարի մասին իր առցանց ելույթում հարցին բազմակողմանի անդրադարձավ, խոսեց ամեն ինչի՝ ծառի, ծաղիկի, թիթեռի, Սոլթ Լեյք Սիթիի հանքի, բնապահպանության եւ այլնի մասին ու նաեւ հավաստիացրեց, որ իրենց վրա ճնշում չկա։ Այդ դեպքում պետք է այդ անհեթեթ փաստարկը բերողներին ուղարկել վարչապետի մոտ՝ խորհրդակցության։

Կառավարող ուժի շատ անդամներ իրենք են ընկել այդ մանիպուլյատիվ թակարդի մեջ եւ դրա մեջ են ներքաշում նաեւ այլոց։ Տեսեք, կոնֆլիկտի կողմերը նախկին կոռումպացված քաղաքական համակարգի ներկայացուցիչներն ու նրանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերած խարդախ ընկերությունն են մի կողմից եւ հանրությունն ու նրա ընտրած կառավարող ուժը՝ մյուսից։ Այս մանիպուլյատիվ թեզով նրանք կոնֆլիկտի կողմեր են դարձնում կառավարող ուժին ու հանրությանը։ Նախկինները դուրս են գալիս կոնֆլիկտից, նրանց կատարած հանցագործությունները մնում են անպատիժ, անկանխատեսելի զարգացումների հեռանկար է ստեղծվում այս նոր կոնֆլիկտի պայմաններում։ Ես կոչ եմ անում հետեւել վարչապետի օրինակին եւ գոնե այս մի հիմար մոտեցումն այլեւս չբարձրաձայնել։

-Պարոն Սահակյան, այս տարվա հունվարին Ֆրանսիայում դեղին բաճկոնավորների ցույցերի օրերին «Հետքին» տված հարցազրույցում ասել էիք, որ Հայաստանում դեռեւս «դեղին բաճկոնավորների» շարժման հավանականությունը նվազագույն է, քանի որ հեղափոխական գործընթացներն առաջնորդած ուժի վարկանիշը չափազանց մեծ է, ապա, անդրադառնալով կառավարության կողմից կատարվելիք որոշ օրենքների փոփոխություններին՝ նշել էիք, որ եթե փոփոխությունները շատ երկար սպասեցնեն, ապա սոցիալական բունտը սարերի հետեւում չէ: Այսօր տեսնո՞ւմ եք դրա նախադրյալները:

-Այո։ Եվ եթե նույնիսկ վերանանք Ամուլսարի խնդրից, ապա հարցն այստեղ վստահության ճգնաժամն է։ Եթե իմ կառավարությունը ուզում է ինձ խաբել, ապա մեր միջեւ անհաղթահարելի վիհ է առաջանում։ Փոփոխությունների այս փուլում ունենալ կառավարություն, որն ազնիվ չէ իր քաղաքացիների հետ, անթույլատրելի «ճոխություն» է։ Մենք պետք է ձգտենք ամեն կերպ ձերբազատվել այդպիսի կառավարությունից։ Չի՛ կարելի խաբել սեփական քաղաքացիներին։ Կորսված վստահությունը վերականգնելը ահավոր բարդ կլինի, եթե չասենք անհնար։

Իսկ կոնկրետ Ամուլսարի դեպքում նրա պաշտպանները լի են այն պաշտպանելու վճռականությամբ եւ այդ վճռականությունը ոգեւորում է նաեւ այլոց։ Ամուլսարի շահագործումը կարող է տեղի ունենալ մի դեպքում՝ երբ ոստիկանական կոշիկների տակ ջարդվեն ժողովրդավարության ի հայտ եկած ծիլերը, իրենց անօտարելի իրավունքների համար պայքարող ազնիվ ու արդար քաղաքացիներ ձերբակալվեն։ Այդ քայլից հետո կառավարության հետ հարաբերությունները այլեւս նույնը լինել չեն կարող։

-Քաղաքական աշունը դեռ չի սկսվել, բայց իրադարձությունների ընթացքը կարծես հուշում է, որ այն թեժ է լինելու, եւ թեկուզ նույն Ամուլսարի խմորը դեռ շատ ջուր է քաշելու: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ներքաղաքական զարգացումների կարող ենք ականատես լինել մոտ ապագայում:

-Քաղաքական ուժերը չեն կարող խուսափել այս հարցում դիրքորոշում հայտնելուց։ Չի կարելի թույլ տալ, որ նրանք թաքնվեն այլոց որոշումների հետեւում։ Ամուլսարի հարցում սխալ մոտեցումը ստեղծելու է մի իրավիճակ, որի սկիզբը դնելու է կառավարությունը, բայց անկարող լինի նույն հաջողությամբ վերջացնել այն։

Նորից կրկնեմ, որ եթե «Լիդիան» ընկերության փաստաթղթերի՝ «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրությունները փորձեն հիմք դարձնել հանքի շահագործման համար, ապա շատ անառողջ քաղաքական միջավայր է ստեղծելու, որտեղ գուցե ունենանք քաղբանտարկյալներ, հակառակ դեպքում՝ փողոցից տուն գնալու ցանկություն չունեցող քաղաքացիների։ Կոնկրետ իմ դեպքում դա պայմանավորված կլինի անարդարության զգացմամբ եւ տարատեսակ կեղծիքներից իմ օրգանական զզվանքով։

 

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ հայտարարությունը Ամուլսարի հանքի վերաբերյալ

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հավատարիմ մնալով Հեղափոխության արժեքներին, սկզբունքներին և նպատակներին՝ հայտարարում ենք․

Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս քաղաքական գնահատականի կարիք ունի։

Ծանոթանալով Քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրության արդյունքներին՝ հաստատում ենք, որ հանքի շահագործման վտանգների վերաբերյալ մեր կասկածները հիմնավոր էին։ Արժանահավատ չեն այն պնդումները, թե եղած ռիսկերը հնարավոր է կառավարել, ամբողջ ուսումնասիրությունը լի է հակասություններով և կարող է ձեռնածության տեղիք տալ։ 2019 թվականի օգոստոսի 19-ին խնդրով հետաքրքրված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում և իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է մի այդպիսի ձեռնածության և ռիսկերի կառավարման առումով ուսումնասիրությունը խիստ դրական ներկայացրել՝ գրեթե չտեսնելու տալով բացասական կողմերը։

Նույն օրը ոստիկանությունն Ամուլսարի շահագործման դեմ բողոքող մարդկանց նկատմանբ Բաղրամյան պողոտայում անհամաչափ բռնի ուժ է կիրառել՝ վտանգի տակ դնելով ժողովրդավարական վերջին ձեռքբերումները։
Ամուլսարի հարցի վերաբերյալ մեր կուսակցության կարծիքը չի սահմանափակվում բնապահպանությամբ։

Հարցը հարկ է դիտարկել մի քանի առումով․

Ինքնիշխանություն․ Մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ մի վիճակ, երբ այս կամ այն որոշում բխում է այլևայլ արտաքին ճնշումներից։

Ժողովրդավարություն․ Մեր նպատակն էր ավտորիտար, կենտրոնացված կառավարումից անցում կատարել ուղիղ ժողովրդավարության, երբ որոշումներ կայացնելիս հաշվի կառնվի այն մարդկանց կարծիքը, որոնց վրա անմիջաբար ազդում է այդ որոշումը։ Ջերմուկի և ազդակիր այլ համայնքները, ինչպես ՏԻՄ, այնպես էլ առանձին բնակիչների մակարդակում, իրենց վերաբերմունքը հայտնել են հանքի բացման վերաբերյալ․ մեկ տարուց ավել նրանք իրենց մարմիններով փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները։

Նախկինում մարդիկ վախենում էին իրենց կարծիքը հրապարակավ հայտնել, քանի որ վախենում էին տարատեսակ ճնշումներից։ Հեղափոխության արդյունքում մարդիկ այլևս չեն վախենում բարձրաձայնել իրենց կենսական խնդիրները։ Այս պայմաններում խեղդել ժողովրդի կամարտահայտության, որպես քաղաքացի ձևավորման առաջին ծիլերը անթույլատրելի ենք համարում։ Քննչական կոմիտեն չի կարող և չպետք է երկրում քաղաքականություն թելադրող մարմնի դեր ստանձնի։

Տնտեսություն․ Փաստացի գոյություն չունի երկրի տնտեսական զարգացման մշակված հայեցակարգ, կառավարության հայտարարաությունը հակասում են միմյանց, հայտարարված տնտեսական հեղափոխությունը զուրկ է մտավոր հենքից։ Կառավարությունը խոսում է հանքարդյունահանության դերի կրճատման մասին, սակայն քարտ-բլանշ է տալիս Հայաստանի պատմության մեջ ամենախնդրական հանքարդյունաբերական ծրագրին։

Ուստի, մենք հայտարարում ենք, որ

Դեմ ենք հանքի շահագործմանը։ Ամուլսարը մնալու է սար։

Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, առանձին հանրային գործիչներին, քաղաքական խմբերին և ՀԿ-ներին հրապարակային արտահայտել իրենց դիրքորոշումը։ Կարծում ենք՝ ոչ մեկն իրավունք չունի թաքնվել այլոց որոշումների հետևում։

«Քաղաքացու որոշում» կուսակցություն

Կառավարությունը դեռ իր վերջնական գնահատականը չի տվել, բայց կառավարող ուժի տարբեր անդամներ արդեն արտահայտվում են ի շահ հանքի շահագործման. Սուրեն Սահակյան

lragir.am -ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ.

 

Պարոն Սահակյան, Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության իրականացրած փորձաքննության արդյունքները։ Մասնագետների պնդմամբ` Քննչական կոմիտեն աղավաղել է ԷԼԱՐԴ-ի եզրակացությունը՝ այն որպես դրական գնահատելով: Ինչպե՞ս եք Դուք գնահատում։

Նախ անպայման նշենք, որ Քննչական կոմիտեի պատվերով ԷԼԱՐԴ ընկերության աշխատանքը վերաբերում է ոչ թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը, այլ «Լիդիան» ընկերության տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությանն ու դրան ԷԼԱՐԴ-ի տված գնահատականներին։ Քննչական կոմիտեն հարյուրավոր էջերից բաղկացած այդ փաստաթղթից առանձնացրել է մի քանի նախադասություն, ուսումնասիրության արդյունքները որպես հանքի անվնաս լինելու երաշխիք ներկայացրել է կառավարության նիստին՝ հանրությանը մոլորության մեջ գցելով և կեղծ տպավորություն ստեղծելով, թե ուսումնասիրության արդյունքները դրական են։

Ես ուզում եմ հիշեցնել, որ հանրության մեծ մասը տառաճանաչ է և հենց իրենց հրապարակած փաստաթղթի մեջ կարող ենք բազմաթիվ այնպիսի տողերի հանդիպել, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ «հետազոտությունը թերի է իրականացվել», «տվյալներն ամբողջական չեն», «ռիսկերը մեծ են», «ռիսկերը թերագնահատված են», «սխալ է հաշվարկված», «կասկածելի է», «մտահոգություն է առաջացնում» և այլ նմանատիպ արտահայտություններ։ Հիշեցնեմ, սա մի փաստաթղթի բովանդակության մասին գնահատականներ են, որը ներկայացվել է որպես «Լիդիան» ընկերության կողմից հանքի շահագործման դեպքում անվտանգ լինելու մասին փորձագիտական գնահատական։ Եվ այս փաստաթուղթը մեզ ներկայացնում են որպես հանքի շահագործման համար կանաչ լույս վառող, դրական երևույթ։

Ճիշտ է, կառավարությունը դեռ իր վերջնական գնահատականը չի տվել, բայց կառավարող ուժի տարբեր անդամներ, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության իբր դրական լինելը, արդեն արտահայտվում են ի շահ հանքի շահագործման։ Դա, ակնհայտորեն, հանրությանն ապատեղեկատվությամբ մոլորեցնելու գործելաոճ է, որն անպատասխան չի կարող մնալ։ Հանրության դեմ կիրառվում է նաև երկրորդ անթույլատրելի գործիքը՝ շանտաժը, թե իբր հանրությունը ստիպված է լինելու տուգանքներ վճարել հանքի փակման դեպքում։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունի կառավարող ուժը երկրի ղեկին, եթե չի կարողանում կոռուպցիոն գործարքներով հանրության դեմ դուրս եկած ու նրա շահերը ոտնահարող մի օֆշորային կազմակերպության, էլ չեմ խոսում երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացման հարցեր լուծել։

Ինչպիսի՞ լուծում եք տեսնումնոր ուսումնասիրությունորն անառարկելիվստահություն ունեցող միջազգային կազմակերպություն պետք էիրականացնի՞։

Ոչ։ Կառավարությունը պետք է ապահովի իր երկրի քաղաքացիների անօտարելի իրավունքների իրացումը ու նրանց շահերի լավագույն սպասարկումը։ Ջերմուկցիները և ազդակիր մյուս համայնքների բազմաթիվ քաղաքացիներ հանրագրերով դիմել են իրենց ավագանիներին, բազմաթիվ ստորագրահավաքներ են իրականացրել՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը իրենց քթի տակ գործելու հավանականություն ունեցող հանքի մասին։ Նրանք մերժում են հանքարդյունաբերությունը, ամիսներով փակ են պահում հանքի ճանապարհները՝ հռչակելով շրջակա միջավայրը կանաչ տնտեսությամբ զարգացնելու իրենց նպատակները։ Կառավարությունը պարտավոր է այդ տրամադրությունները հաշվի առնել, ինչպես հաշվի է առել մինչ այժմ։ Ավելին, նույնիսկ պետք է թույլ չտար, որ այդպիսի կարևոր գործը քաղաքացիներն իրենց ուժերով, նյութական ու ոչ նյութական միջոցներով իրականացնեն, այլ միջոցներ ձեռնարկեր այդ հարցը պետական մակարդակով լուծելու համար։ Ազդակիր համայնքների բնակիչներն արդեն լուծել են Ամուլսարի հարցը, պետք է դա որևէ կերպ դե-յուրե ամրագրել։

Օգտվելով առիթից, ուզում եմ ողջունել Ամուլսարի հանքի ճանապարհները փակած ՀՀ քաղաքացիների հաստատակամությունը, հայտնել ՔՈ կուսակցության աջակցությունն ու վստահեցնել, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում իրենց կողքին կլինենք՝ պատրաստ նաև մեր մարմնով փակելու նրանց տունը հանք դարձնել փորձող ցանկացածի ճանապարհը։

Կարծում եք՝ կա այս հարցում միջազգային հանրության ճնշո՞ւմթե ներդրումային գայթակղություն է։

Անկեղծ ասած, դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում։ Որևէ մեկը չպետք է նույնիսկ մտքի ծայրով անցկացնի, որ կարող է ճնշելով թալանել մեր ընդերքը, մեզ ու մեր սերունդներին թողնել ամայացած տարածքներ, անբուժելի հիվանդություններ, իսկ իրենց համար տնտեսական նոր հնարավորություններ ու եկամուտ ապահովել։ Հնարավոր արտաքին ճնշումները չեզոքացնելու համար գոյություն ունեն արտաքին հարաբերություններով զբաղվող հաստատություններ։ Չե՞ն հաջողում՝ թող հեռանան։

Իսկ ներդրումների ներգրավման համար ոչ թե պետք է խարդախություններով զբաղվող կազմակերպություններն ամեն կերպ պաշտպանել հանրությունից, այլ արդար և առաջին հերթին տեղական բիզնեսի համար տնտեսական լավ պայմաններ ստեղծել, պետք է բարեփոխել արդարադատության համակարգը, օրենսդրությունը համապատասխանեցնել տնտեսական նոր իրողություններին, տնտեսական հայեցակարգ մշակել, որտեղ բիզնեսը հեռանկար կտեսնի, տնտեսության համար երկարաժամկետ ու էժան փողեր ստեղծել, իրական ժողովրդավարություն և քաղաքական կայունություն ապահովել և այլն։ Ներդրումները վարած քաղաքականության հետևանք են և երբեք պայմանավորված չեն եղել և չեն լինի մի կազմակերպության հետ տեղի ունեցածով։ Առավել ևս, այնպիսի ընկերության, որի գործունեությունն ապահովելու համար, ըստ օդում կախված լուրերի, նախկին կառավարությունները լայն հանրությանը դեռևս անհայտ կոռուպցիոն պայմանավորվածությունների են գնացել՝ փոխելով օրենքներ ու բնապահպանական նորմատիվներ։ Այնպիսի ընկերության, որն իր հաշվետվությունները կեղծել է՝ նվազագույն ներդրումներն ուռճացնելով։ Մասնագետների ձայնը լսելի չի դառնում, որոնք պնդում են, թե հասարակ ֆինանսական աուդիտը կարող է բազմապիսի խարդախություններ ի հայտ բերել, որոնք հանքի շահագործման արգելումը միակ հնարավոր լուծումը կդարձնեն։

Պետք է իրավիճակին չտիրապետես, որպեսզի մտածես, թե սեփական իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը կարող է հանգեցնել ներդրումների նվազման։ Եթե ներդրումները լինելու են այն բանի բերումով, որ մենք չենք կարողանում պաշտպանել մեր իրավունքները, ապա ավելի լավ է դրանք չլինեն։

 

Սկզբնաղբյուրը՝ այստեղ