Բացասական գնահատականը կառավարող ուժի կողմից անտեսվում է եւ հանրությանը մատուցվում, թե ուսումնասիրությունը դրական եզրակացություն է պարունակում, ռիսկերը մեծ չեն, կառավարելի են. Սուրեն Սահակյան

«Հետքի» հարցերին է պատասխանել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը:

եր հարցազրույցից առաջ ասացիք, որ Ջերմուկ եք գնում: Ի՞նչ նպատակով էր Ձեր այցը:

-Հանդիպեցինք հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիների հետ, քննարկեցինք իրավիճակը, պայմանավորվեցինք համակարգված գործել, հավաստիացանք, որ նրանք աննահանջ պայքարելու են։ Պատահականորեն ստացվեց այնպես, որ ներկա եղանք Ջերմուկի բնակիչների հավաքին, որտեղ քննարկվում էր պայքարի ռազմավարությունը։ Հատկանշական է, որ որոշումներն ընդունվում են միասին, հանրային լայն մասնակցայնությամբ, ներառողական, բոլորի կարծիքը հաշվի առնելով, ժողովրդավարության պայմաններում՝ այն արժեքների շրջանակներում, որ քարոզում էին վերջին հեղափոխական գործընթացները։

-Այս օրերին ամենաշատ քննարկվող հարցը Ամուլսարի հանքի շահագործման շուրջ է, որը դարձել է նաեւ ներքաղաքական բանավեճի թեմա: Ձեր կուսակցությունը նույնպես հայտարարություն է տարածել դրա վերաբերյալ՝ նշելով, որ դեմ է հանքի շահագործմանը, եւ Ամուլսարը սար է մնալու: Դեռեւս 2018 թվականից կարծիքներ էին հնչում, որ Ամուլսարը նոր իշխանությունների համար իսկական փորձաքար է լինելու, իսկ հիմա արդեն պարզ է կառավարության տեսակետը: Հաշվի առնելով բիզնես շահերն ու ազդակիր համայնքների դիմադրությունը՝ ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանի թիմը փորձությու՞ն է անցնում այս պահին:

-Երեւի ամենալուրջ փորձությունը մինչ այս պահը։ Սակայն պետք է նշել, որ այդ փորձությունը չի անցնում։ Բանն այն է, որ կառավարող ուժին շատերն են աջակցել, ոմանք վերապահումներով, ավանսով վստահության քվե տալով, ոմանք՝ անվերապահ։ Եվ ահա, ունենք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին ուսումնասիրություն, որը կարդալով պարզվում է, որ հանքի շահագործումը մեծ վտանգներ է պարունակում։ Այս համատարած բացասական գնահատականը կառավարող ուժի կողմից անտեսվում է եւ աճպարարական հնարքներով հանրությանը մատուցվում, թե ուսումնասիրությունը դրական եզրակացություն է պարունակում, ռիսկերը մեծ չեն, կառավարելի են։

Ես ուրախ եմ, որ գոնե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում կան պատգամավորներ, որոնք չեն մեղանչում ճշմարտության դեմ եւ հայտարարում են, որ, այնուամենայնիվ, ուսումնասիրությունը չի փարատել հանքի ծայրահեղ վտանգավորության մասին իրենց կասկածները։ Այլապես ստիպված կլինեինք ականատես լինել վիճակի, երբ վստահության արժանացած կառավարող ուժը փորձում է համոզել, որ մածունը սեւ է։ Այստեղ հարց է առաջանում՝ իսկ եթե այլ հարցերում էլ նույն գործելաոճն ունեն՝ թաքցնել, աղավաղել, խեղաթյուրել, ստել։ Վստահության լուրջ ճգնաժամ կարող է առաջանալ՝ զարգացման անկանխատեսելի, ամենավատ հնարավոր սցենարներով։

-Իշխանական թեւի ներկայացուցիչները ոչ մեկ անգամ հռետորական հարցադրումներ էին անում, թե մենք պատրաստ ենք արդյոք «ոչ» ասելու դեպքում արբիտրաժային դատարանում մի քանի հարյուր միլիոն դոլար փոխհատուցել «Լիդիանին», բայց Փաշինյանը միջազգային ճնշումների մասով հայտարարեց, թե իրենք «ամենահատուկ ձեւով» կասեցրել են ճնշման ենթատեքստ ունեցող բոլոր փորձերը, իսկ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում էլ ինքը կաշկանդված չէ հանքը փակելու հարցում: Փաշինյանի ու թիմակիցների խոսքերը հակասո՞ւմ են իրար: Եվ արդյո՞ք սատանան (արբիտրաժը) այնքան սարսափելի է, որքան ներկայացվում է:     

-Դա սեփական քաղաքացիների նկատմամբ շանտաժի անթույլատրելի գործելաոճ է։ Այո, իրոք, վարչապետն Ամուլսարի մասին իր առցանց ելույթում հարցին բազմակողմանի անդրադարձավ, խոսեց ամեն ինչի՝ ծառի, ծաղիկի, թիթեռի, Սոլթ Լեյք Սիթիի հանքի, բնապահպանության եւ այլնի մասին ու նաեւ հավաստիացրեց, որ իրենց վրա ճնշում չկա։ Այդ դեպքում պետք է այդ անհեթեթ փաստարկը բերողներին ուղարկել վարչապետի մոտ՝ խորհրդակցության։

Կառավարող ուժի շատ անդամներ իրենք են ընկել այդ մանիպուլյատիվ թակարդի մեջ եւ դրա մեջ են ներքաշում նաեւ այլոց։ Տեսեք, կոնֆլիկտի կողմերը նախկին կոռումպացված քաղաքական համակարգի ներկայացուցիչներն ու նրանց հետ պայմանավորվածություններ ձեռք բերած խարդախ ընկերությունն են մի կողմից եւ հանրությունն ու նրա ընտրած կառավարող ուժը՝ մյուսից։ Այս մանիպուլյատիվ թեզով նրանք կոնֆլիկտի կողմեր են դարձնում կառավարող ուժին ու հանրությանը։ Նախկինները դուրս են գալիս կոնֆլիկտից, նրանց կատարած հանցագործությունները մնում են անպատիժ, անկանխատեսելի զարգացումների հեռանկար է ստեղծվում այս նոր կոնֆլիկտի պայմաններում։ Ես կոչ եմ անում հետեւել վարչապետի օրինակին եւ գոնե այս մի հիմար մոտեցումն այլեւս չբարձրաձայնել։

-Պարոն Սահակյան, այս տարվա հունվարին Ֆրանսիայում դեղին բաճկոնավորների ցույցերի օրերին «Հետքին» տված հարցազրույցում ասել էիք, որ Հայաստանում դեռեւս «դեղին բաճկոնավորների» շարժման հավանականությունը նվազագույն է, քանի որ հեղափոխական գործընթացներն առաջնորդած ուժի վարկանիշը չափազանց մեծ է, ապա, անդրադառնալով կառավարության կողմից կատարվելիք որոշ օրենքների փոփոխություններին՝ նշել էիք, որ եթե փոփոխությունները շատ երկար սպասեցնեն, ապա սոցիալական բունտը սարերի հետեւում չէ: Այսօր տեսնո՞ւմ եք դրա նախադրյալները:

-Այո։ Եվ եթե նույնիսկ վերանանք Ամուլսարի խնդրից, ապա հարցն այստեղ վստահության ճգնաժամն է։ Եթե իմ կառավարությունը ուզում է ինձ խաբել, ապա մեր միջեւ անհաղթահարելի վիհ է առաջանում։ Փոփոխությունների այս փուլում ունենալ կառավարություն, որն ազնիվ չէ իր քաղաքացիների հետ, անթույլատրելի «ճոխություն» է։ Մենք պետք է ձգտենք ամեն կերպ ձերբազատվել այդպիսի կառավարությունից։ Չի՛ կարելի խաբել սեփական քաղաքացիներին։ Կորսված վստահությունը վերականգնելը ահավոր բարդ կլինի, եթե չասենք անհնար։

Իսկ կոնկրետ Ամուլսարի դեպքում նրա պաշտպանները լի են այն պաշտպանելու վճռականությամբ եւ այդ վճռականությունը ոգեւորում է նաեւ այլոց։ Ամուլսարի շահագործումը կարող է տեղի ունենալ մի դեպքում՝ երբ ոստիկանական կոշիկների տակ ջարդվեն ժողովրդավարության ի հայտ եկած ծիլերը, իրենց անօտարելի իրավունքների համար պայքարող ազնիվ ու արդար քաղաքացիներ ձերբակալվեն։ Այդ քայլից հետո կառավարության հետ հարաբերությունները այլեւս նույնը լինել չեն կարող։

-Քաղաքական աշունը դեռ չի սկսվել, բայց իրադարձությունների ընթացքը կարծես հուշում է, որ այն թեժ է լինելու, եւ թեկուզ նույն Ամուլսարի խմորը դեռ շատ ջուր է քաշելու: Ըստ Ձեզ՝ ի՞նչ ներքաղաքական զարգացումների կարող ենք ականատես լինել մոտ ապագայում:

-Քաղաքական ուժերը չեն կարող խուսափել այս հարցում դիրքորոշում հայտնելուց։ Չի կարելի թույլ տալ, որ նրանք թաքնվեն այլոց որոշումների հետեւում։ Ամուլսարի հարցում սխալ մոտեցումը ստեղծելու է մի իրավիճակ, որի սկիզբը դնելու է կառավարությունը, բայց անկարող լինի նույն հաջողությամբ վերջացնել այն։

Նորից կրկնեմ, որ եթե «Լիդիան» ընկերության փաստաթղթերի՝ «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրությունները փորձեն հիմք դարձնել հանքի շահագործման համար, ապա շատ անառողջ քաղաքական միջավայր է ստեղծելու, որտեղ գուցե ունենանք քաղբանտարկյալներ, հակառակ դեպքում՝ փողոցից տուն գնալու ցանկություն չունեցող քաղաքացիների։ Կոնկրետ իմ դեպքում դա պայմանավորված կլինի անարդարության զգացմամբ եւ տարատեսակ կեղծիքներից իմ օրգանական զզվանքով։

 

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Կառավարությունը դեռ իր վերջնական գնահատականը չի տվել, բայց կառավարող ուժի տարբեր անդամներ արդեն արտահայտվում են ի շահ հանքի շահագործման. Սուրեն Սահակյան

lragir.am -ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի հետ.

 

Պարոն Սահակյան, Քննչական կոմիտեն ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ «ԷԼԱՐԴ» ընկերության իրականացրած փորձաքննության արդյունքները։ Մասնագետների պնդմամբ` Քննչական կոմիտեն աղավաղել է ԷԼԱՐԴ-ի եզրակացությունը՝ այն որպես դրական գնահատելով: Ինչպե՞ս եք Դուք գնահատում։

Նախ անպայման նշենք, որ Քննչական կոմիտեի պատվերով ԷԼԱՐԴ ընկերության աշխատանքը վերաբերում է ոչ թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը, այլ «Լիդիան» ընկերության տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրությանն ու դրան ԷԼԱՐԴ-ի տված գնահատականներին։ Քննչական կոմիտեն հարյուրավոր էջերից բաղկացած այդ փաստաթղթից առանձնացրել է մի քանի նախադասություն, ուսումնասիրության արդյունքները որպես հանքի անվնաս լինելու երաշխիք ներկայացրել է կառավարության նիստին՝ հանրությանը մոլորության մեջ գցելով և կեղծ տպավորություն ստեղծելով, թե ուսումնասիրության արդյունքները դրական են։

Ես ուզում եմ հիշեցնել, որ հանրության մեծ մասը տառաճանաչ է և հենց իրենց հրապարակած փաստաթղթի մեջ կարող ենք բազմաթիվ այնպիսի տողերի հանդիպել, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ «հետազոտությունը թերի է իրականացվել», «տվյալներն ամբողջական չեն», «ռիսկերը մեծ են», «ռիսկերը թերագնահատված են», «սխալ է հաշվարկված», «կասկածելի է», «մտահոգություն է առաջացնում» և այլ նմանատիպ արտահայտություններ։ Հիշեցնեմ, սա մի փաստաթղթի բովանդակության մասին գնահատականներ են, որը ներկայացվել է որպես «Լիդիան» ընկերության կողմից հանքի շահագործման դեպքում անվտանգ լինելու մասին փորձագիտական գնահատական։ Եվ այս փաստաթուղթը մեզ ներկայացնում են որպես հանքի շահագործման համար կանաչ լույս վառող, դրական երևույթ։

Ճիշտ է, կառավարությունը դեռ իր վերջնական գնահատականը չի տվել, բայց կառավարող ուժի տարբեր անդամներ, վկայակոչելով ԷԼԱՐԴ-ի ուսումնասիրության իբր դրական լինելը, արդեն արտահայտվում են ի շահ հանքի շահագործման։ Դա, ակնհայտորեն, հանրությանն ապատեղեկատվությամբ մոլորեցնելու գործելաոճ է, որն անպատասխան չի կարող մնալ։ Հանրության դեմ կիրառվում է նաև երկրորդ անթույլատրելի գործիքը՝ շանտաժը, թե իբր հանրությունը ստիպված է լինելու տուգանքներ վճարել հանքի փակման դեպքում։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ գործ ունի կառավարող ուժը երկրի ղեկին, եթե չի կարողանում կոռուպցիոն գործարքներով հանրության դեմ դուրս եկած ու նրա շահերը ոտնահարող մի օֆշորային կազմակերպության, էլ չեմ խոսում երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացման հարցեր լուծել։

Ինչպիսի՞ լուծում եք տեսնումնոր ուսումնասիրությունորն անառարկելիվստահություն ունեցող միջազգային կազմակերպություն պետք էիրականացնի՞։

Ոչ։ Կառավարությունը պետք է ապահովի իր երկրի քաղաքացիների անօտարելի իրավունքների իրացումը ու նրանց շահերի լավագույն սպասարկումը։ Ջերմուկցիները և ազդակիր մյուս համայնքների բազմաթիվ քաղաքացիներ հանրագրերով դիմել են իրենց ավագանիներին, բազմաթիվ ստորագրահավաքներ են իրականացրել՝ արտահայտելով իրենց վերաբերմունքը իրենց քթի տակ գործելու հավանականություն ունեցող հանքի մասին։ Նրանք մերժում են հանքարդյունաբերությունը, ամիսներով փակ են պահում հանքի ճանապարհները՝ հռչակելով շրջակա միջավայրը կանաչ տնտեսությամբ զարգացնելու իրենց նպատակները։ Կառավարությունը պարտավոր է այդ տրամադրությունները հաշվի առնել, ինչպես հաշվի է առել մինչ այժմ։ Ավելին, նույնիսկ պետք է թույլ չտար, որ այդպիսի կարևոր գործը քաղաքացիներն իրենց ուժերով, նյութական ու ոչ նյութական միջոցներով իրականացնեն, այլ միջոցներ ձեռնարկեր այդ հարցը պետական մակարդակով լուծելու համար։ Ազդակիր համայնքների բնակիչներն արդեն լուծել են Ամուլսարի հարցը, պետք է դա որևէ կերպ դե-յուրե ամրագրել։

Օգտվելով առիթից, ուզում եմ ողջունել Ամուլսարի հանքի ճանապարհները փակած ՀՀ քաղաքացիների հաստատակամությունը, հայտնել ՔՈ կուսակցության աջակցությունն ու վստահեցնել, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում իրենց կողքին կլինենք՝ պատրաստ նաև մեր մարմնով փակելու նրանց տունը հանք դարձնել փորձող ցանկացածի ճանապարհը։

Կարծում եք՝ կա այս հարցում միջազգային հանրության ճնշո՞ւմթե ներդրումային գայթակղություն է։

Անկեղծ ասած, դա ինձ ամենաքիչն է հետաքրքրում։ Որևէ մեկը չպետք է նույնիսկ մտքի ծայրով անցկացնի, որ կարող է ճնշելով թալանել մեր ընդերքը, մեզ ու մեր սերունդներին թողնել ամայացած տարածքներ, անբուժելի հիվանդություններ, իսկ իրենց համար տնտեսական նոր հնարավորություններ ու եկամուտ ապահովել։ Հնարավոր արտաքին ճնշումները չեզոքացնելու համար գոյություն ունեն արտաքին հարաբերություններով զբաղվող հաստատություններ։ Չե՞ն հաջողում՝ թող հեռանան։

Իսկ ներդրումների ներգրավման համար ոչ թե պետք է խարդախություններով զբաղվող կազմակերպություններն ամեն կերպ պաշտպանել հանրությունից, այլ արդար և առաջին հերթին տեղական բիզնեսի համար տնտեսական լավ պայմաններ ստեղծել, պետք է բարեփոխել արդարադատության համակարգը, օրենսդրությունը համապատասխանեցնել տնտեսական նոր իրողություններին, տնտեսական հայեցակարգ մշակել, որտեղ բիզնեսը հեռանկար կտեսնի, տնտեսության համար երկարաժամկետ ու էժան փողեր ստեղծել, իրական ժողովրդավարություն և քաղաքական կայունություն ապահովել և այլն։ Ներդրումները վարած քաղաքականության հետևանք են և երբեք պայմանավորված չեն եղել և չեն լինի մի կազմակերպության հետ տեղի ունեցածով։ Առավել ևս, այնպիսի ընկերության, որի գործունեությունն ապահովելու համար, ըստ օդում կախված լուրերի, նախկին կառավարությունները լայն հանրությանը դեռևս անհայտ կոռուպցիոն պայմանավորվածությունների են գնացել՝ փոխելով օրենքներ ու բնապահպանական նորմատիվներ։ Այնպիսի ընկերության, որն իր հաշվետվությունները կեղծել է՝ նվազագույն ներդրումներն ուռճացնելով։ Մասնագետների ձայնը լսելի չի դառնում, որոնք պնդում են, թե հասարակ ֆինանսական աուդիտը կարող է բազմապիսի խարդախություններ ի հայտ բերել, որոնք հանքի շահագործման արգելումը միակ հնարավոր լուծումը կդարձնեն։

Պետք է իրավիճակին չտիրապետես, որպեսզի մտածես, թե սեփական իրավունքների պաշտպանությամբ զբաղվելը կարող է հանգեցնել ներդրումների նվազման։ Եթե ներդրումները լինելու են այն բանի բերումով, որ մենք չենք կարողանում պաշտպանել մեր իրավունքները, ապա ավելի լավ է դրանք չլինեն։

 

Սկզբնաղբյուրը՝ այստեղ