ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի հանքի վերաբերյալ

2018 թվականի հեղափոխական գործընթացներից հետո Ամուլսարի հարցով մտահոգված քաղաքացիների կողմից կրկին ձևակերպվել է այդ հանքարդյունաբերական ծրագրի չեղարկման քաղաքական պահանջ։ Խնդիրն ունի տնտեսական, իրավական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։ Ծավալվող քաղաքական գործընթացի սկզբում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով խնդրի այլ բաղադրիչները, այն, անթույլատրելիության աստիճանի պարզեցնելով, հանգեցրել է միայն բնապահպանական խնդրի։ Դրա շրջանակներում նա առաջարկել է մի պարզ պայման՝ հանքը չի շահագործվի, եթե բնապահպանական ռիսկեր հայտնաբերվեն և կշագործվի, եթե այդպիսիք չհայտնաբերվեն։ Վերոնշյալ ռիսկերի հայտնաբերման գործը վստահվել էր կառավարության կողմից ընտրված ԷԼԱՐԴ կազմակերպության կողմից ներգրավված փորձագետներին։

Նույնիսկ առաջադրված պրիմիտիվ պայմանի տիրույթում պարզվել է, որ հանքի շահագործումն անթույլատրելի է։ ԷԼԱՐԴ ընկերության փորձագետները կառավարության կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում հօդս են ցնդեցրել հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի կառավարելիության մասին մեզ պատմվող առասպելները։ Սակայն տեսակոնֆերանսին հաջորդած օրերի ընթացքում, որոշումների կայացման անհասկանալի տրամաբանությամբ, գործընթացը շարժվել է ի սկզբանե հռչակած պայմաններին հակառակ ուղղությամբ։ Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, փորձում է լրացուցիչ անհասկանալի և վիճահարույց փաստարկներով հիմնավորել իր հռչակած սկզբունքից հրաժարվելու որոշումը․ կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի կամ քաղաքական ուժի։ Խոսքի և գործի այսպիսի շեղումը կարող է հանգեցնել վստահության տոտալ ճգնաժամի։

Կրկին հավաստում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Ամուլսարը չպետք է հանքի վերածվի և մենք դրա համար կներդնենք մեր առավելագույն ջանքերը։ Հաշվի առնելով մինչ այժմ հնչած բոլոր փաստարկները՝ պահանջում ենք․

– Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախկին գնահատականը,

– Վերանայել մետաղական հանքարդյունաբերության պետական քաղաքականությունը,

– Վերանայել ընդերքի շահագործման վերաբերյալ օրենսդրական դաշտը:

«Քաղաքացու որոշում» կուսակցություն

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ հայտարարությունը Ամուլսարի հանքի վերաբերյալ

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հավատարիմ մնալով Հեղափոխության արժեքներին, սկզբունքներին և նպատակներին՝ հայտարարում ենք․

Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս քաղաքական գնահատականի կարիք ունի։

Ծանոթանալով Քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրության արդյունքներին՝ հաստատում ենք, որ հանքի շահագործման վտանգների վերաբերյալ մեր կասկածները հիմնավոր էին։ Արժանահավատ չեն այն պնդումները, թե եղած ռիսկերը հնարավոր է կառավարել, ամբողջ ուսումնասիրությունը լի է հակասություններով և կարող է ձեռնածության տեղիք տալ։ 2019 թվականի օգոստոսի 19-ին խնդրով հետաքրքրված մի խումբ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում և իր ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է մի այդպիսի ձեռնածության և ռիսկերի կառավարման առումով ուսումնասիրությունը խիստ դրական ներկայացրել՝ գրեթե չտեսնելու տալով բացասական կողմերը։

Նույն օրը ոստիկանությունն Ամուլսարի շահագործման դեմ բողոքող մարդկանց նկատմանբ Բաղրամյան պողոտայում անհամաչափ բռնի ուժ է կիրառել՝ վտանգի տակ դնելով ժողովրդավարական վերջին ձեռքբերումները։
Ամուլսարի հարցի վերաբերյալ մեր կուսակցության կարծիքը չի սահմանափակվում բնապահպանությամբ։

Հարցը հարկ է դիտարկել մի քանի առումով․

Ինքնիշխանություն․ Մեր պետությունը չի կարող իրեն թույլ տալ մի վիճակ, երբ այս կամ այն որոշում բխում է այլևայլ արտաքին ճնշումներից։

Ժողովրդավարություն․ Մեր նպատակն էր ավտորիտար, կենտրոնացված կառավարումից անցում կատարել ուղիղ ժողովրդավարության, երբ որոշումներ կայացնելիս հաշվի կառնվի այն մարդկանց կարծիքը, որոնց վրա անմիջաբար ազդում է այդ որոշումը։ Ջերմուկի և ազդակիր այլ համայնքները, ինչպես ՏԻՄ, այնպես էլ առանձին բնակիչների մակարդակում, իրենց վերաբերմունքը հայտնել են հանքի բացման վերաբերյալ․ մեկ տարուց ավել նրանք իրենց մարմիններով փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները։

Նախկինում մարդիկ վախենում էին իրենց կարծիքը հրապարակավ հայտնել, քանի որ վախենում էին տարատեսակ ճնշումներից։ Հեղափոխության արդյունքում մարդիկ այլևս չեն վախենում բարձրաձայնել իրենց կենսական խնդիրները։ Այս պայմաններում խեղդել ժողովրդի կամարտահայտության, որպես քաղաքացի ձևավորման առաջին ծիլերը անթույլատրելի ենք համարում։ Քննչական կոմիտեն չի կարող և չպետք է երկրում քաղաքականություն թելադրող մարմնի դեր ստանձնի։

Տնտեսություն․ Փաստացի գոյություն չունի երկրի տնտեսական զարգացման մշակված հայեցակարգ, կառավարության հայտարարաությունը հակասում են միմյանց, հայտարարված տնտեսական հեղափոխությունը զուրկ է մտավոր հենքից։ Կառավարությունը խոսում է հանքարդյունահանության դերի կրճատման մասին, սակայն քարտ-բլանշ է տալիս Հայաստանի պատմության մեջ ամենախնդրական հանքարդյունաբերական ծրագրին։

Ուստի, մենք հայտարարում ենք, որ

Դեմ ենք հանքի շահագործմանը։ Ամուլսարը մնալու է սար։

Կոչ ենք անում բոլոր կուսակցություններին, առանձին հանրային գործիչներին, քաղաքական խմբերին և ՀԿ-ներին հրապարակային արտահայտել իրենց դիրքորոշումը։ Կարծում ենք՝ ոչ մեկն իրավունք չունի թաքնվել այլոց որոշումների հետևում։

«Քաղաքացու որոշում» կուսակցություն