Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հիմքում ունենալով երկու հիմնական ելակետ՝ պետական շահ և միջազգային գործող իրավունք։ Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթը։ Հնարավոր բոլոր հարցերը պետք է դիտարկվեն և լուծվեն դրանց շրջանակներում։
Մենք Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտությունն իր հիմքում ունի 1991 թ․ ԱՊՀ կառույցին Հայաստանի Հանրապետության առանց հատուկ կարծիքի միանալու և նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճանաչման Եվրոպական խորհրդի 1991 թ․-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որոշումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եւ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրավունքից զրկելը։
Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Արցախի Հանրապետության բնակչության կյանքի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կարգավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը։ Հետևաբար, մեր կուսակցության քաղաքականությունն այս հարցում հիմնված է լինելու նաև Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա։
Մենք գտնում ենք, որ պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության։ Սա առաջին հերթին վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին և կարգավիճակին։ Նույնը կարելի է ասել ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմի և կարգավիճակի մասին։
Որպես Հայաստանի առանձնահատկություն ենք դիտարկում այն հանգամանքը, որ Արցախյան պատերազմից հետո երկիրը դարձել է տարածաշրջանային անվտանգության արտահանող։ Մյուս առանձնահատկությունը երկրի աշխարհագրական դիրքն է, որը տարբեր հակասական շահեր ունեցող տարածաշրջանում մեծ քաղաքական կշիռ և քաղաքական հարցերում մանևրելու հնարավորություն է տալիս պետությանը։ Հաջորդ առանձնահատկությունը պատմականորեն ձևավորված մեծ Սփյուռքն է, որը պետական շահի առաջխաղացման գործում կարող է էական ազդեցություն ունենալ։
Որպես թիրախներ ենք դիտարկում երկրի տնտեսական շահի արդյունավետ սպասարկումը, դիվանագիտական քրտնաջան աշխատանքի արդյունքում Հայաստանի և Արցախի քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված սահմաններում ֆիզիկական անվտանգության լավագույն պաշտպանությունը, արցախյան հարցի խաղաղ կարգավորումն ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը։ Ելնում ենք նրանից, որ հարևաններին չենք կարող փոխել, և բարիդրացիական հարաբերություններն այլընտրանք չունեն։ Այսպիսի քաղաքականությունը պետք է ելնի այն տրամաբանությունից, որ յուրաքանչյուր սերունդ մյուսներին պետք է փոխանցի ավելի ապահով ֆիզիկական տարածք։