«ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ»
ՍՈՑԻԱԼ - ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(Նոր խմբագրություն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (այսուհետ նաև` «կուսակցություն») իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական ակտերի, սույն կանոնադրության, ինչպես նաև իր ծրագրի հիման վրա:
1.2. Կուսակցությունը գործում է ժողովրդավարության, հրապարակայնության, թափանցիկության և նախաձեռնությունների ազատ դրսևորման, անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, սեռից, ռասայից, մաշկի գույնից, գույքային վիճակից, ծնունդից, հաշամանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից կախված խտրականության արգելման, կուսակցության անկախության, ինքնակառավարման, կոլեգիալության, գործունեության թափանցիկության, հաշվետվողականության սկզբունքներով, հանդիսանում է իրավաբանական անձ, օգտվում է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով ընձեռված բոլոր իրավունքներից և կրում դրանցով սահմանված պարտականություններ:
1.3. Կուսակցության նպատակն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի շրջանակներում ուղիղ ժողովրդավարության և ժողովրդավարական այլ գործիքների ամրապնդման եղանակով մասնակցել պետության հանրային քաղաքականության ձևավորմանը, մշակմանը և իրականացմանը, ինչպես նաև ապահովել իր ներկայացվածությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում։
1.4. Կուսակցության անվանումն է՝
- Հայերեն՝ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, կրճատ` «Քաղաքացու որոշում» կուսակցություն, հապավումը՝ ՔՈՍԴԿ,
- Ռուսերեն՝ Социал-демократическая партия «Решение гражданина», կրճատ` Партия “Решение гражданина”, հապավումը՝ СДПРГ)
- Անգլերեն՝ “Citizen’s Decision” Social-Democratic Party, կրճատ` Party “Citizen’s Decision”, հապավումը՝ SDPCD )։
1.5. Կուսակցությունն ունի խորհրդանիշ, ձևաթուղթ, կլոր կնիք, բանկային հաշիվներ, այդ թվում՝ արտարժույթով։
1.6. Կուսակցությունը ունի խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է մատիտի տեսքով երկրաչափական պատկեր, որի վերևի հատվածը ներկված է բաց կանաչ գույնով, որի վրա սպիտակ գույնով գրված է ՔՈ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ: Խորհրդանիշի ներքևի հատվածում պատկերված է ընտրություն խորհրդանշող մոխրագույն գույնի V-աձև նշանը:
1.7. Կուսակցությունը իրավունք ունի.
1.7.1. օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեների նախապատրաստմանն ու անցկացմանը, առաջադրելու Ազգային ժողովի պատգամավորի, ինչպես նաև համայնքների ավագանու անդամի թեկնածուներ` օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
1.7.2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրական գործընթացում հավասար և ոչ խտրական պայմաններով օգտվելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնադրած զանգվածային լրատվության միջոցներից։
1.7.3. Ազատորեն տեղեկատվություն տարածելու իր գործունեության մասին, քարոզելու իր գաղափարներն ու նպատակները։
1.7.4. Առանց իրավաբանական անձ կազմավորելու այլ կուսակցությունների հետ ստեղծելու դաշինքներ (միավորումներ):
1.7.5. Իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:
1.8. Կուսակցության իրավաբանական հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Շիրազի 28, բն․ 21:
2. ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
2.1. Անդամը. Կուսակցության անդամ կարող է լինել տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին, ով ընդունում է կուսակցության սկզբունքները, արժեքները ու կանոնադրությունը, չի հանդիսանում մեկ այլ կուսակցության անդամ և պատրաստ է վճարել կուսակցության անդամավճարը:
2.2. Անդամության դիմումը. Կուսակցությանն անդամագրվում են կամավոր հիմունքներով, անհատական կարգով, անձնական դիմումի համաձայն, որը ներկայացվում է դիմումը ներկայացրած անձի մշտական բնակության վայրի (կամ այդ վայրին աշխարհագրորեն առավել մոտ գտնվող) կուսակցության տարածքային ստորաբաժանում։ Կուսակցությանն անդամակցելու դիմումը կարող է նաև ներկայացվել օնլայն եղանակով՝ լրացնելով դիմումը կուսակցության պաշտոնական ինտերնետային կայքում։
2.3. Դիմումի քննարկումը. Անդամության հանձնաժողովը դիմումը ստանալու օրվանից 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում եզրակացություն է ներկայացնում գործադիր մարմնին՝ դիմումատուին որպես կուսակցության անդամ գրանցելու կամ անդամակցությունը մերժելու մասին։ Ներկայացված եզրակացության հիման վրա գործադիր մարմինը կայացնում է դիմումատուին որպես կուսակցության անդամ գրանցելու կամ անդամակցությունը մերժելու մասին որոշում։
2.4. Անդամության հանձնաժողովի իրավասությունը. Անդամության դիմումը կարող է մերժվել անդամության հանձնաժողովի հայեցողությամբ։ Դիմումը քննարկելիս՝ անդամության հանձնաժողովը հնարավորության դեպքում պետք է դիմումատուի մասին հարցում կատարի վերջինիս բնակության վայրի (կամ այդ վայրին աշխարհագրորեն մոտ գտնվող) տարածքային ստորաբաժանում։ Անդամության հանձնաժողովը կարող է սահմանել դիմումը քննության առնելու համար լրացուցիչ ժամկետ կամ գրանցել դիմումատուին որպես կուսակցության համակիր։ Գործադիր մարմինն իրավասու է իր որոշմամբ սահմանել կուսակցությանն անդամակցող անձանց փորձաշրջանի անցկացման դեպքերը, կարգը և փորձաշրջանի մեջ գտնվող անձանց կարգավիճակը:
2.5. Անդամության դադարելու հիմքերը. Անդամությունը դադարում է՝
- Դիմումի հիման վրա,
- Կուսակցությունից հեռացվելու դեպքում,
- Մահվան դեպքում,
- Կուսակցության լուծարման դեպքում։
2.6. Կուսակցության համակիրները.Գործադիր մարմինն իրավասու է իր որոշմամբ սահմանել կուսակցության համակիրների գրանցման կարգը, ինչպես նաև նրանց իրավունքները և պարտականությունները:
2.7. Անդամության կասեցումը.Գործադիր մարմինն իրավասու է իր որոշմամբ սահմանել կուսակցության անդամության կասեցման, հեռացման կարգն ու հիմքերը:
2.8. Կարգապահական պատասխանատվություն. Կուսակցության կանոնադրությամբ և/կամ էթիկայի կանոնակարգով նախատեսված պարտականությունները կամ կուսակցական մարմինների որոշումներն անհիմն չկատարելու դեպքում կուսակցության անդամը կարող է ենթարկվել հետևյալ կարգապահական պատասխանատվության`
- նկատողություն.
- կուսակցությունից հեռացում։
2.9. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը. Կուսակցության անդամը կարող է հեռացվել կուսակցությունից վերահսկիչ հանձնաժողովի առաջարկությամբ` գործադիր մարմնի որոշմամբ։ Կուսակցության անդամի նկատմամբ նկատողություն կարող է կիրառել միայն վերահսկիչ հանձնաժողովը։ Կուսակցության գործադիր մարմինը կարող է վերահսկիչ հանձնաժողովի առաջարկով սահմանել կուսակցության անդամների նկատմամբ կարգապահական և խրախուսանքի միջոցներ կիրառելու մանրամասն կարգը:
3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. Կուսակցության անդամն իրավունք ունի՝
3.1.1. ընտրել և ընտրվել կուսակցության տարածքային ու ոլորտային ստորաբաժանումների, վերահսկողություն իրականացնող, ինչպես նաև որևէ այլ կուսակցական մարմիններում (գործադիր մարմին, քաղխորհուրդ, վերահսկիչ հանձնաժողով և այլն).
3.1.2. տեղեկատվություն ստանալ կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ.
3.1.3. ներկա լինելու կուսակցության համաժողովի նիստերին, ծանոթանալու կուսակցության մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները, տեղեկատվություն ստանալու կուսակցության ու նրա ղեկավար մարմինների գործունեության վերաբերյալ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ կուսակցության կանոնադրության փոփոխությունների, գույքի կառավարումից ստացած դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու կուսակցության ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացությունը,
3.1.4. կուսակցության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել տարբեր հանրային կամ կուսակցական նշանակության հարցերի վերաբերյալ նախաձեռնություններ և առաջարկություններ՝ սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով․
3.1.5. առանց ձայնի իրավունքի մասնակցել գործադիր մարմնի, քաղխորհրդի կամ տարածքային ստորաբաժանումների նիստերին, արտահայտել իր կարծիքը քննարկվող հարցերի վերաբերյալ.
3.1.6. դուրս գալ կուսակցության շարքերից` իր դիմումի համաձայն.
3.1.7. բողոքարկել կուսակցության մարմինների որոշումներն ու գործողությունները կուսակցության գործադիր մարմին.
3.1.8. կասեցնել և վերականգնել իր անդամությունը կուսակցությանը՝ ըստ սահմանված կարգի.
3.1.9. օգտվել օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
3.2. Կուսակցության անդամը պարտավոր է՝
3.2.1. գործել կուսակցության կանոնադրության և էթիկայի կանոնակարգի համաձայն.
3.2.2. կատարել կուսակցության համաժողովի, կուսակցական մարմինների որոշումները.
3.2.3. պարբերաբար մասնակցել իր մշտական բնակության վայրի (կամ այդ վայրին աշխարհագրորեն ավելի մոտ գտնվող) կուսակցական տարածքային մարմինների ժողովներին և կազմակերպած միջոցառումներին.
3.2.4. վճարել անդամավճար՝ սահմանած չափով և կարգով,
3.2.5. կատարել օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ պարտականություններ:
4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
4.1. Բարձրագույն ղեկավար մարմինը.Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը կուսակցության համաժողովն է։
4.2. Հերթական համաժողովի հրավիրումը. Կուսակցության ամեն հաջորդ հերթական համաժողովը հրավիրվում է նախորդ հերթական կամ արտահերթ համաժողովի հրավիրման օրվանը հաջորդող 24-րդ (քսանչորսերորդ) ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ քան կուսակցության ղեկավար մարմինների ընտրություններին հաջորդող 24-րդ (քսանչորսերորդ) ամսում։
4.3. Արտահերթ համաժողովի հրավիրումը. Հերթականից բացի բոլոր մյուս համաժողովները համարվում են արտահերթ։ Արտահերթ համաժողովը հրավիրվում է՝
4.3.1. գործադիր մարմնի անդամների 2/3-ի առաջարկով,
4.3.2. կուսակցության անդամների ընդհանուր թվի 25 (քսանհինգ) տոկոսի առաջարկով, կամ
4.3.3. վերահսկիչ հանձնաժողովի անդամների 4/5-ի առաջարկով։
4.4. Համաժողովի լիազորությունները. Համաժողովի բացառիկ լիազորությունները չեն կարող փոխանցվել կամ պատվիրակել որևէ այլ մարմնի։ Համաժողովի բացառիկ լիազորություններն են՝
4.4.1. կուսակցության կանոնադրության հաստատումը և ծրագրի ընդունումը, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելը, բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների և լրացումների.
4.4.2. գործադիր մարմնի, նրա անդամների ընտրությունը և նրանց վաղաժամկետ հետ կանչելը, գործադիր մարմնի կազմալուծումը․
4.4.3. կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը և նրանց վաղաժամկետ հետ կանչելը, վերահսկիչ հանձնաժողովի կազմալուծումը․
4.4.4. բյուջեների կատարման մասին վերահսկիչ հանձնաժողովի եզրակացության հաստատումը։ Այս հարցն ընդգրկվում է հերթական համաժողովի պարտադիր օրակարգում.
4.4.5. վերահսկիչ հանձնաժողովի և տարածքային ստորաբաժանումների կազմալուծումը.
4.4.6. կուսակցության վերակազմակերպումը և լուծարումը։
4.5. Համաժողովի քվորումը. Կուսակցության համաժողովն իրավազոր է, եթե նրան ներկա են համաժողովի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն կեսը, բայց ոչ պակաս, քան 100 պատվիրակ:
4.6. Որևէ հարցի քննարկումը. Համաժողովի նիստին ներկա պատվիրակների ձայների 25 (քսանհինգ) և ավելի տոկոսով նիստի օրակարգում կարող է ընդգրկվել որևէ հարց, եթե այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունքը օրենքով կամ սույն կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի։
4.7. Համաժողովի որոշումների ընդունումը. Համաժողովի որոշումներն ընդունվում են դրան մասնակցող պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնադրությամբ։ Համաժողովի որոշումները բեկանելի չեն և կարող են փոփոխվել միայն համաժողովի կողմից։ Կուսակցության կանոնադրության հաստատման և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, բացառությամբ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությամբ պայմանավորված փոփոխությունների ու լրացումների, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշումներն ընդունվում են ընտրված պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
4.8. Համաժողովի պատվիրակները. Կուսակցության մինչև 1,000 (մեկ հազար) անդամ ունենալու դեպքում կուսակցության յուրաքանչյուր անդամ կուսակցությանն անդամակցելով ինքնաբերաբար ընտրվում է որպես կուսակցության համաժողովին մասնակցելու իրավունք ունեցող պատվիրակ։ Կուսակցության 1,000-ից (հազարից) ավել անդամ ունենալու դեպքում, կուսակցության առավելագույնը 10 (տասը) անդամ իրավունք ունեն գրավոր լիազորելու կուսակցության որևէ այլ անդամի, որ վերջինս պատվիրակի կարգավիճակում մասնակցի համաժողովին լիազորող անդամների անունից։ Համաժողովի պատվիրակների ընտրության և մասնակցության այլ կարգ կարող է սահմանվել Գործադիր մարմնի կողմից:
4.9. Համաժողովի պատվիրակների ձայները.Եթե պատվիրակը համաժողովին չի ներկայացնում կուսակցության որևէ այլ անդամի, պատվիրակը համաժողովին ունի 1 (մեկ) ձայնի իրավունք։ Եթե պատվիրակն իրենից բացի համաժողովին ներկայացնում է նաև կուսակցության այլ անդամների, այդ պատվիրակի ձայների քանակը հավասար է իր 1 (մեկ) ձայնի և իրեն լիազորած կուսակցության անդամների ձայների գումարին։
4.10. Համաժողովի հրավիրման կարգը. Հերթական և արտահերթ համաժողովների հրավիրումը կազմակերպում է գործադիր մարմինը։ Գործադիր մարմինը համաժողովի հրավիրման օրվանից առաջ 15 (տասնհինգ) օրացուցային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով (email, skype, telegram, facebook կամ այլ) գրավոր ծանուցում է կուսակցության յուրաքանչյուր անդամին համաժողովի հրավիրման մասին։ Այդ ծանուցումը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները՝
4.10.1. համաժողովի հրավիրման վայրը, ամսաթիվը և ժամը,
4.10.2. համաժողովն էլեկտրոնային եղանակով (skype, telegram, facebook կամ այլ) անցկացնելու մասին տեղեկություններ,
4.10.3. համաժողովի օրակարգը,
4.10.4. համաժողովի օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ելույթ ունենալու կամ գրավոր կարծիք ներկայացնելու կարգը,
4.10.5. համաժողովին կապի միջոցներով (email, skype, telegram, facebook կամ այլ) մասնակցելու կարգը,
4.10.6. համաժողովին քվեարկելու կարգը։
5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
5.1. Գործադիր մարմնի դերը. Կուսակցության մշտապես գործող կոլեգիալ ղեկավար մարմինն է գործադիր մարմինը, որը հաշվետու է համաժողովին։
5.2. Գործադիր մարմնի կառուցվածքը. Գործադիր մարմինը բաղկացած է 12 (տասներկու) անդամից, որոնցից մեկը քարտուղարն է, որը ընտրվում է համաժողովի կողմից, ի պաշտոնե մտնում է գործադիր մարմնի կազմի մեջ և հանդիսանում` գործադիր մարմնի ղեկավարը: Գործադիր մարմնի կազմում միաժամանակ չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված անձինք: Սույն կանոնադրության իմաստով փոխկապակցված անձինք են գործադիր մարմնի անդամի ամուսինը, գործադիր մարմնի անդամի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները: Ընտրությունների արդյունքում փոխկապակցված անձանց թվից մեկից ավելի անդամ ընտրվելու դեպքում ԳՄ անդամ է դառնում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն։
5.3. Գործադիր մարմնի գործունեության սկզբունքները. Գործադիր մարմինն իր աշխատանքները կազմակերպելիս առաջնորդվում է թափանցիկության, ներառողականության սկզբունքներով, կուսակցության որդեգրած արժեքներով և ծրագրային դրույթներով։
5.4. Գործադիր մարմնի անդամների և քարտուղարի առաջադրումը. Գործադիր մարմնի անդամների և քարտուղարի թեկնածուներն առաջադրվում են ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ, և ոչ ուշ, քան 2 (երկու) աշխատանքային օր առաջ` ինքնառաջադրման կամ կուսակցության անդամ/ներ/ի կողմից առաջադրման եղանակով: Բոլոր թեկնածուները պարտավոր են ընտրություների օրվանից առնվազն 2 (երկու) աշխատանքային օր առաջ կուսակցության անդամներին էլեկտրոնային եղանակով ներկայացնել իրենց նախընտրական ծրագրի հիմնադրույթները, հետաքրքրության նամակը և ինքնակենսագրականը: Գործադիր մարմինն իրավասու է իր որոշմամբ սահմանել գործադիր մարմնի անդամների թեկնածուների առաջադրման կարգը, որը չի կարող հակասել սույն կանոնադրությանը։
5.5. Գործադիր մարմնի անդամի և քարտուղարի պաշտոնավարումը. Գործադիր մարմնի անդամն ու քարտուղարը ընտրվում են ընտրությունների օրվանից հաշված երկու տարի ժամկետով։ Անկախ այդ ժամկետում պաշտոնը ստանձնելու կամ թողնելու պահից՝ պաշտոնի ստանձնման փաստը համարվում է պաշտոնավարման մեկ լրիվ ժամկետ։ Մեկ անձը անընդմեջ երեք ժամկետից ավելի պաշտոնավարելու իրավունք չունի։
Որևէ հիմքով պաշտոնավարումը դադարեցրած Գործադիր մարմնի անդամի փոխարեն պաշտոնավարման իրավունք է ստանում ԳՄ վերջին ընտրություններում չընտրված թեկնածուներից առավելագույն թվով ձայներ ստացած թեկնածուն, եթե դա չի խախտի օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված համամասնությունները, քվոտաները։ Եթե այս պահանջներին համապատասխանում է մեկից ավելի թեկնածու, ապա պաշտոնավարման հարցը որոշվում է վիճակահանությամբ:
Որևէ հիմքով պաշտոնավարումը դադարեցրած կուսակցության քարտուղարի փոխարեն պաշտոնավարման իրավունք է ստանում քարտուղարի վերջին ընտրություններում չընտրված թեկնածուներից առավելագույն թվով ձայներ ստացած թեկնածուն, իսկ եթե այդ ցանկը սպառվում է որևէ պատճառով, ապա քարտուղար դառնալու իրավունք է ստանում ԳՄ անդամներից նա, ով առավելագույն թվով ձայներ է ստացել, ինքնաբացարկի դեպքում քարտուղար դառնալու իրավունքի հերթականությունը որոշվում է հերթական առավելագույն ձայներով։
5.6. Գործադիր մարմնի անդամների և քարտուղարի ընտրությունը. Գործադիր մարմնում անդամության և քարտուղարի համար առաջադրված թեկնածուներն ընտրվում են համաժողովի կողմից՝ վարկանիշային ընտրության սկզբունքով։ Կուսակցության յուրաքանչյուր անդամ, ընտրություն իրականացնելիս, նշում է գործադիր մարմնի անդամների թվաքանակին համապատասխան թեկնածուների անունների ցուցակ` առանձին նշելով կուսակցության քարտուղարի թեկնածուի անունը: Գործադիր մարմնի անդամների` ներառյալ քարտուղարը, թվաքանակից ավել կամ պակաս անուն ընդգրկող քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվում։ Հաշվարկն իրականացվում է պարզ սկզբունքով. կուսակցության գործադիր մարմնի անդամի և քարտուղարի յուրաքանչյուր թեկնածուի անվան ամեն հիշատակում նրան բերում է 1 (մեկ) միավոր։ Քվեարկության արդյունքում ամենաշատ միավոր վաստակած թեկնածուները ընտրվում են գործադիր մարմնի անդամներ։ Ընտրված, բայց ինքնաբացարկ հայտնած կուսակցականին փոխարինում է ցուցակում հաջորդ տեղ գրաված թեկնածուն։
5.7. Գործադիր մարմնի անդամների ռոտացիոն փոփոխության կարգը. Գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ը յուրաքանչյուր 2 (երկու) տարին մեկ փոփոխվում է համաժողովի կողմից։ Գործադիր մարմնի անդամը և քարտուղարը չի կարող անընդմեջ պաշտոնավարել ավելի քան վեց տարի: Գործադիր մարմնում լիազորությունները դադարեցրած անդամը չի կարող մասնակցել Գործադիր մարմնի առաջիկա ընտրություներին:
Ընտրություններրի արդյունքներով ձևավորված գործադիր մարմին անդամների ընդհանուր թվի ոչ պակաս քան 1/3-ը պետք է լինեն նախորդ ժամկետում չպաշտոնավարած թեկնածուներ։
Եթե ընտրությունների արդյունքներում նախորդ ժամկետում չպաշտոնավարած և ընթացիկ ընտրություններում ընտրված թեկնածուների թիվը փոքր է ԳՄ անդամների ընդհանուր թվի 1/3-ից, իսկ նախորդ ժամկետում պաշտոնավարած թեկնածուների թիվը մեծ է ԳՄ անդամների ընդհանուր թվի 2/3-ից, ապա իրականացվում է ռոտացիա և նախորդ ժամկետում պաշտոնավարած թեկնածուներից նվազագույն թվով ձայներ ստացածներին փոխարինում են նախորդ ժամկետում չպաշտոնավարած թեկնածուներից առավելագույն թվով ձայներ ստացած թեկնածուները, այնպես, որ պահպանվի սույն հոդվածի առաջին մասի պահանջը։
5.8. Գործադիր մարմնի անդամին և քարտուղարին հետ կանչելը. Գործադիր մարմնի անդամի և քարտուղարի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել համաժողովի որոշմամբ, անդամության դադարեցման և կասեցման դեպքում, ինչպես նաև իր դիմումի համաձայն։
5.9. Գործադիր մարմնի լիազորությունները. Կուսակցության գործադիր մարմինը՝
5.9.1. կառավարում է կուսակցության գույքը և դրամական միջոցները.
5.9.2. նախապատրաստում և հրավիրում է կուսակցության համաժողովները.
5.9.3. սույն կանոնադրության համաձայն սահմանում է համաժողովի պատվիրակների ընտրության կարգը.
5.9.4. կուսակցության համաժողովի գումարման օրվանից առնվազն 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ կազմակերպում է կուսակցության համաժողովի պատվիրակների ընտրությունը.
5.9.5. հաստատում է համաժողովի օրակարգը։ Ընդ որում, արտահերթ համաժողովի օրակարգը չի կարող տարբերվել արտահերթ համաժողով հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկած մարմնի (անձանց խմբի) սահմանած օրակարգից.
5.9.6. հաստատում է կուսակցության տարեկան բյուջեն.
5.9.7. հաստատված տարեկան բյուջեի հիման վրա հաստատում է կուսակցության ծախսերի նախահաշիվը.
5.9.8. հաստատում է ընտրական և այլ համապետական կամ տեղական նշանակության արշավների, դրանցից յուրաքանչյուրի ծրագիրն և/կամ միջոցառման բյուջեն.
5.9.9. հաստատում է մասնակցային սկզբունքով մշակված համապետական և տեղական ընտրությունների վերջնական նախընտրական ծրագրերը.
5.9.10. որոշում է կայացնում կուսակցության լուծարման մասին, եթե համաժողովն իրավազոր չի եղել.
5.9.11. կատարում է համաժողովի կայացրած որոշումները.
5.9.12. իրականացնում և զարգացնում է կուսակցության քաղաքական ծրագիրը.
5.9.13. քննարկում և որոշում է կայացնում կուսակցության անդամների թվի առնվազն 10 (տասը) տոկոսի կողմից ներկայացված որևէ հարցի վերաբերյալ.
5.9.14. իր որոշմամբ ստեղծում է կուսակցության տարածքային ստորաբաժանումներ Երևան քաղաքում, դրա վարչական շրջաններում, ՀՀ մարզերում կամ համայնքներում, ինչպես նաև դադարեցնում է դրանց գործունեությունը.
5.9.15. անհրաժեշտության դեպքում գումարում է տարածքային համաժողովներ՝ տվյալ տարածքի կարևոր հարցերի շուրջ.
5.9.16. պատրաստում, քննարկում և հաստատում է տարեկան գործունեության գնահատման հաշվետվություններ և քաղաքական վերլուծություններ, որոնք հասանելի կլինեն լայն հանրությանը.
5.9.17. որոշումներ է ընդունում կուսակցության հետազոտական կենտրոն, քաղաքական դպրոց, հանձնաժողովներ (այդ թվում անդամության), բաժիններ, բաժանմունքներ, ակումբներ, աշխատանքային խմբեր ստեղծելու և լուծարելու մասին: Հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնադրությանը։ Նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին.
5.9.18. չեղյալ է համարում կուսակցության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների որոշումները.
5.9.19. հաստատում է կուսակցության էթիկայի կանոնները.
5.9.20. որոշում է կայացնում կուսակցության անդամությունից հեռացնելու վերաբերյալ.
5.9.21. կազմում և պարբերաբար թարմացնում է կուսակցության անդամների ցուցակը, սահմանում է կուսակցության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները.
5.9.22. ստեղծում և կազմալուծում է անդամության հանձնաժողովը.
5.9.23. որոշում է անդամավճարների և մուտքավճարների չափերը և դրանց գանձման կարգը.
5.9.24. նշանակում է կուսակցության խոսնակին, ով կուսակցության անունից հայտարարություներ անելու իրավունք ունի.
5.9.25. համակուսակցական ռեյտինգային ընտրությունների միջոցով ձևավորում և հաստատում է համապետական ընտրությունների ամբողջական ընտրացուցակները՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընտրական ցուցակներին ներկայացվող պահանջները։
5.9.26. հաստատում է ՏԻՄ ընտրությունների մասնակցության համար ավագանիների թեկնածուների և համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների ձևավորման և ընտրության կարգը՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ընտրական ցուցակներին ներկայացվող պահանջները.
5.9.27. որոշում է քաղաքական գործընթացներ նախաձեռնելու, կազմակերպելու և մասնակցելու վերաբերյալ,
5.9.28. հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ձևավորում է դիրքորոշում, ընդունում և տարածում է հայտարարություներ ու ուղերձներ,
5.9.29. իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ վերապահված այլ իրավունքներ։
5.10. Գործադիր մարմնի գումարումը.Գործադիր մարմինը գումարվում է ըստ անհրաժեշտության՝
5.10.1. գործադիր մարմնի անդամների 25 (քսանհինգ) տոկոսի առաջարկով,
5.10.2. կուսակցության անդամների 10 (տասը) տոկոսի առաջարկով, կամ
5.10.3. վերահսկիչ հանձնաժողովի առաջարկով։
5.11. Գործադիր մարմնի քվորումը. Գործադիր մարմնի քվորումն ապահովվում է, եթե դրան մասնակցում են գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը։
5.12. Գործադիր մարմնի որոշումները. Գործադիր մարմնի որոշումները կայացվում են նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով, եթե այլ բան նախատեսված չէ սույն կանոնադրությամբ։
5.13. Քարտուղարը. Կուսակցության անունից այլ մարմինների և անձանց հետ հարաբերություններում հանդես է գալիս գործադիր մարմնի ղեկավարը` քարտուղարը։ Գործադիր մարմնի քարտուղարը՝
5.13.1. կուսակցության անունից հանդես է գալիս առանց լիազորագրի
5.13.2. կուսակցության անունից կնքում է քաղաքացիաիրավական գործարքներ` հաստատված բյուջեի շրջանակներում.
5.13.3. նախագահում է համաժողովները.
5.13.4. նախագահում և կազմակերպում է գործադիր մարմնի նիստերը.
5.13.5. կուսակցության անդամներից որևէ մեկին նշանակում է գործադիր մարմնի նիստերի քարտուղար.
5.13.6. կուսակցության անունից հանդես է գալիս երրորդ անձանց հետ հարաբերություներում:
5.14. Գործադիր մարմնի նիստերը. Գործադիր մարմնի նիստերը բաց են կուսակցության բոլոր անդամների համար։ Գործադիր մարմնի հերթական նիստերի վայրի, ժամի և օրակարգի մասին գործադիր մարմինը ծանուցում է կուսակցության բոլոր անդամներին էլեկտրոնային եղանակով (email, skype, telegram, facebook կամ այլ) հերթական նիստի կայանալու օրվանից առնվազն 2 (երկու) օրացուցային օր առաջ։ Նիստին ֆիզիկապես ներկա կուսակցության անդամները կարող են մասնակցել քննարկումներին ազատ կարգով։
5.15. Գործադիր մարմնի նիստերի հեռարձակումը. Գործադիր մարմնի բոլոր նիստերը հեռարձակվում են կուսակցության պաշտոնական վեբ կայքի կամ հեռարձակման այլ միջոցներով: Գործադիր մարմինը իր բոլոր անդամների 9/10-ի կայացրած որոշման հիման վրա կարող է անցկացնել փակ նիստեր` նախօրոք հրապարակելով դրա անհրաժեշտության հիմնավորումը:
5.16. Ոլորտների պատասխանատուներ. Գործադիր մարմինն իրավունք ունի իր գործունեությունը համակարգել ըստ ոլորտների՝ ամեն ոլորտի համար նշանակելով տվյալ ոլորտի պատասխանատու։ Ոլորտի պատասխանատուն հաշվետու է գործադիր մարմնին։
5.17. Կանոնակարգեր. Իր գործունեությունն իրականացնելու նպատակով գործադիր մարմինն իրավունք ունի մշակել և հաստատել գործադիր մարմնի և վերջինիս կողմից ստեղծված կուսակցական մարմինների համար պարտադիր կանոնակարգեր։
6. ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴԸ
6.1. Քաղխորհրդի կազմը. Գործադիր մարմնի որոշմամբ տարածքային ստորաբաժանումների կազմավորման դեպքում կուսակցությունում ինքնաբերաբար ձևավորվում է քաղխորհուրդ, որի անդամներն են ի պաշտոնե գործադիր մարմնի անդամները և կուսակցության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Կուսակցությունում քաղխորհրդի բացակայության դեպքում դրա բոլոր լիազորություններն անցնում են գործադիր մարմնին։
6.2. Քաղխորհրդի հրավիրման կարգը. Քաղխորհուրդը հրավիրվում է գործադիր մարմնի կողմից ըստ անհրաժեշտության՝ սույն կանոնադրության համաձայն իր իրավասությանը վերպահված հարցերի շուրջ որոշումներ կայացնելու նպատակով։
6.3. Քաղխորհրդի լիազորությունները. Կուսակցության քաղխորհուրդը՝
6.3.1. հանրային, թափանցիկ սկզբունքով և ներկուսակցական ընտրությունների միջոցով կազմում է համապետական ընտրությունների ամբողջական ընտրացուցակները և ներկայացնում համաժողովի հաստատմանը.
6.3.2. հաստատում, մերժում և խզում է բոլոր դաշինքները ու համաձայնագրերը (այդ թվում՝ նախընտրական և հետընտրական),
6.3.3. հաստատում է համապետական և տեղական ընտրությունների կուսակցության կողմից ամբողջական ընտրացուցակներ կազմելու ընտրակարգը,
6.3.4. հաստատում է ընտրակարգով նախատեսված կարգով ձևավորված տեղական ընտրությունների ընտրացուցակները.
6.3.5. հաստատում է կուսակցության տարածքային ստորաբաժանումների տեղական ծրագրերը։
7. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
7.1. Հանձնաժողովի դերը. Վերահսկիչ հանձնաժողովը կուսակցության ներքին վերահսկողությունն իրականացնող մարմինն է, որն ընտրվում է համաժողովի կողմից՝ 2 տարի ժամանակով։ Վերահսկիչ հանձնաժողովը հետևում է կուսակցության մարմինների կողմից ՀՀ օրենսդրության, սույն կանոնադրության, կուսակցական էթիկայի պահանջների, ինչպես նաև համաժողովի կայացրած որոշումների պատշաճ կատարմանը։
7.2. Հանձնաժողովի կառուցվածքը. Վերահսկիչ հանձնաժողովը բաղկացած է 5 (հինգ) անդամից, որոնցից մեկը վերահսկիչ հանձնաժողովի ղեկավարն է։ Վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար է ընտրվում այն անձը, ով վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրություններին հավաքում է առավելագույն ձայների քանակը։ Այն դեպքում, երբ առավելագույն ձայների քանակը հավաքել են մի քանի անձ, վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար է ընտրվում վիճակահանությամբ։
7.3. Վերահսկիչ հանձնաժողովի անդամների առաջադրումը. Վերահսկիչ հանձնաժողովի անդամների թեկնածուներն առաջադրվում են ընտրությունների օրվանից ոչ շուտ, քան 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ, և ոչ ուշ, քան 2 (երկու) աշխատանքային օր առաջ` ինքնառաջադրման կամ կուսակցության անդամ/ներ/ի կողմից առաջադրման եղանակով: Բոլոր թեկնածուները պարտավոր են ընտրություների օրվանից առնվազն 2 (երկու) աշխատանքային օր առաջ կուսակցության անդամներին էլեկտրոնային եղանակով ներկայացնել իրենց հետաքրքրության նամակը և ինքնակենսագրականը:
7.4. Վերահսկիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը. Վերահսկիչ հանձնաժողովի անդամության համար առաջադրված թեկնածուներն ընտրվում են համաժողովի կողմից՝ վարկանիշային ընտրության սկզբունքով։ Կուսակցության յուրաքանչյուր անդամ, ընտրություն իրականացնելիս, նշում է վերահսկիչ հանձնաժողովի անդամների թվաքանակին համապատասխան թեկնածուների անունների ցուցակ: Վերահսկիչ հանձնաժողովի անդամների թվաքանակից ավել կամ պակաս անուն ընդգրկող քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվում։ Հաշվարկն իրականացվում է պարզ սկզբունքով. կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի անդամի յուրաքանչյուր թեկնածուի անվան ամեն հիշատակում նրան բերում է 1 (մեկ) միավոր։ Քվեարկության արդյունքում ամենաշատ միավոր վաստակած թեկնածուները կազմում են վերահսկիչ հանձնաժողովը։ Ընտրված, բայց ինքնաբացարկ հայտնած կուսակցականին փոխարինում է ցուցակում հաջորդ տեղ գրաված թեկնածուն։
7.5. Վերահսկիչ հանձնաժողովի անդամների ռոտացիոն փոփոխության կարգը. Վերահսկիչ հանձնաժողովի անդամներից առնվազն 2 (երկու) հոգի յուրաքանչյուր 2 (երկու) տարին մեկ փոփոխվում են համաժողովի կողմից։ Վերահսկիչ հանձնաժողովի անդամը չի կարող անընդմեջ պաշտոնավարել ավելի քան 6 (վեց) տարի: Վերահսկիչ հանձնաժողովում լիազորությունները դադարեցրած անդամը չի կարող մասնակցել վերահսկիչ հանձնաժողովի առաջիկա ընտրություներին:
7.6. Վերահսկիչ հանձնաժողովի անդամին հետ կանչելը.Վերահսկիչ հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել արտահերթ համաժողովի որոշմամբ։
7.7. Հանձնաժողովի նիստերը. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան 6 (վեց) ամիսը 1 (մեկ) անգամ։ Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են՝
7.7.1. Վերահսկիչ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի նախաձեռնությամբ, կամ
7.7.2. Կուսակցության անդամների առնվազն 5 (հինգ) տոկոսի նախաձեռնությամբ։
7.8. Հանձնաժողովի ղեկավարը. Վերահսկիչ հանձնաժողովի ղեկավարը՝
7.8.1. պատասխանատու է հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար,
7.8.2. հրավիրում է հանձնաժողովի նիստերը՝ ապահովելով դրանց մասին ծանուցումը հանձնաժողովի մյուս անդամներին և կուսակցության շահագրգիռ անդամներին,
7.8.3. ներկայացնում է վերահսկիչ հանձնաժողովի դիրքորոշումները և եզրակացությունները համաժողովում,
7.8.4. վերահսկիչ հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նիստերի քարտուղար։
7.9. Լիազորությունները. Կուսակցության վերահսկիչ հանձնաժողովը՝
7.9.1. իր հայեցողությամբ իրականացնում է կուսակցական մարմինների գործունեության ստուգումներ՝ ինքնուրույն որոշելով ստուգման շրջանակները.
7.9.2. կուսակցական որևէ մարմնից պահանջում է փաստաթղթեր, տվյալներ կամ այլ տեղեկություններ իր կողմից ստուգվող հարցերի շուրջ.
7.9.3. իր հայեցողությամբ հրավիրում է արտահերթ համաժողով՝ իր նախաձեռնած քննությունների արդյունքները ներկայացնելու համար.
7.9.4. մշակում է կուսակցության էթիկայի կանոնները, որոնք հաստատվում են կուսակցության գործադիր մարմնի կողմից, և ապահովում է դրանց պահպանումը անդամների կողմից.
7.9.5. իրականացնում է կուսակցության անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթներ և սույն կանոնադրությամբ սահմանված դեպքերում կայացնում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներ.
7.9.6. գործադիր մարմնի քննարկմանն է ներկայացնում կուսակցության անդամին անդամությունից զրկելու հարցը և այդ հարցի վերաբերյալ ներկայացնում է իր եզրակացությունը.
7.9.7. համաժողովի քննարկմանն է ներկայացնում տարեկան բյուջեների կատարման մասին իր եզրակացությունը.
7.9.8. Գործադիր մարմնի կողմից հերթական համաժողովը չհրավիրելու դեպքում հրավիրում է հերթական համաժողով՝ սույն կանոնադրությամբ սահմանված կարգով.
7.10. Որոշումների բողոքարկումը.Վերահսկիչ հանձնաժողովի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկված անձն իրավունք ունի այդ մասին որոշումը ստանալու օրվանից 1 (մեկ) ամսվա ընթացքում բողոքարկել անդամության հանձնաժողով։
8. ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
8.1. Տարածքային ստորաբաժանումների (ՏՍ) կազմավորումը. Գործադիր մարմնի որոշմամբ կազմավորվում են կուսակցության ՏՍ-ները Երևան քաղաքում, դրա վարչական շրջաններում, ՀՀ մարզերում կամ համայնքներում՝ ելնելով տվյալ տարածքում կուսակցության անդամների քանակից։
8.2. ՏՍ ղեկավարի ընտրությունները. ՏՍ կազմավորելիս՝ դրա առաջին ղեկավարին կուսակցության անդամների թվից նշանակում է գործադիր մարմինը՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ ՏՍ առաջին ղեկավարի պաշտոնավարության ժամկետի լրանալուց հետո առավելագույնը 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում գործադիր մարմինը կազմակերպում է ՏՍ ղեկավարի ընտրություններ։ Կուսակցության ՏՍ տարածքում մշտապես բնակվող կուսակցության անդամները ձայների պարզ մեծամասնությամբ ներկայացված թեկնածուներից ընտրում են ՏՍ ղեկավարին։ ՏՍ ղեկավարի ընտրության արդյունքները ենթակա են գործադիր մարմնի հաստատմանը։ Գործադիր մարմինը կարող է չհաստատել ՏՍ ղեկավարի ընտրության արդյունքները, որից հետո անցկացվում են ՏՍ ղեկավարի նոր ընտրություններ՝ գործադիր մարմնի սահմանած կարգով։ Գործադիր մարմինն իրավասու է ընդունել ՏՍ ընտրությունների անցկացման, թեկնածուների առաջադրման և քվեարկության ընթացակարգեր։
8.3. ՏՍ ղեկավարի պաշտոնավարման ժամկետը. ՏՍ երկրորդ և նրան հաջորդող ղեկավարները պաշտոնավարում են 2 (երկու) տարի ժամկետով։ Նշված ժամկետի լրանալուց հետո առնվազն 30 (երեսուն) օրացուցային օրվա ընթացքում կայացվում են ՏՍ ղեկավարի նոր ընտրություններ։ Ընդ որում, ՏՍ ղեկավարը չի կարող անընդմեջ պաշտոնավարել ավելի քան չորս տարի:
8.4. ՏՍ ղեկավարի օգնականները. ՏՍ ղեկավարը կարող է ունենալ ոչ ավել, քան 2 (երկու) օգնական, որոնց նշանակում է իր հայեցողությամբ՝ կուսակցության անդամների թվից։ ՏՍ ղեկավարն իր լիազորությունների իրականացման համար պատասխանատու է անձամբ և չի կարող դրանք դելեգացնել իր օգնականներին։
8.5. ՏՍ ղեկավարի լիազորությունները. Կուսակցության ՏՍ ղեկավարը՝
8.5.1. իրականացնում է համաժողովի, գործադիր մարմնի և քաղխորհրդի որոշումներիկատարումը տեղական մակարդակում.
8.5.2. տարածում է կուսակցության գաղափարախոսությունը, ծրագրերը և տեսլականը ՏՍ տարածքում.
8.5.3. կազմակերպում է տեղական ընտրությունների ժամանակ կուսակցության նախընտրական քարոզարշավը.
8.5.4. կուսակցության քաղխորհրդի հաստատմանն է ներկայացնում կուսակցության ՏՍ տեղական ծրագրի նախագիծը։
8.6. ՏՍ-ներն ունեն վերստուգիչ, որը նշանակվում է Գործադիր Մարմնի կողմից։ Առաջին վերստուգիչը նշանակվում է 1 տարի ժամկետով, իսկ հաջորդները՝ 2 տարի ժամկետով։ Վերստուգիչը վերահսկողություն է իրականացնում ՏՍ-ների գործունեության նկատմամբ։
9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
9.1. Սույն կանոնադրությամբ և ծրագրով սահմանված նպատակների իրականացման համար կուսակցությունը սեփականության կամ այլ գույքային իրավունքով կարող է ունենալ ցանկացած գույք:
9.2. Կուսակցության գույքը գոյանում է կուսակցությանն անդամագրվելու համար միանվագ կատարվող վճարներից (մուտքի վճարներից), սահմանված չափով պարբերաբար կատարվող վճարներից (անդամավճարներից), նվիրատվություններից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:
9.3. Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի նկատմամբ: Կուսակցության գույքի նվիրատվությունն արգելվում է:
9.4. ՏՍ-ների գույքը հատկացվում է Գործադիր մարմնի կողմից՝ օգտագործման իրավունքով։