Նախընտրական ծրագրի ամբողջական տարբերակը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը հետևողականորեն հումքային կցորդից վերածել վերամշակող արտադրության, ապա նաև վերջնական արտադրանքի արտադրության երկրի: Խթանել արտադրության ավտոմատացման գործընթացը՝ այդ նպատակով ներդնելով երկարաժամկետ լիզինգի հնարավորությունը։ Մշակել և իրականացնել միջին և բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման քաղաքականություն։
Առաջիկա 5 տարիներին տարեկան մինչև 5000 երիտասարդների բիզնես ծրագրում իրականացնել ներդրումներ: Հիմնովին վերափոխել գյուղատնտեսության ենթակառուցվածների և կառավարման համակարգը։
Մեծացնել մարզերի ձգողական ուժը՝ թուլացնելով Երևանի ձգողականությունը: Անցնել պրոգրեսիվ հարկման համակարգի՝ «հարուստներից շատ, աղքատներից քիչ» սկզբունքով։ Հնարավորինս շեշտադրել խոշոր փայաբաժինների, խոշոր խնայողությունների և շքեղությունների հարկումը։
Հիմնովին վերափոխել գյուղատնտեսության կառավարման համակարգը, էներգախնայող պոմպերի միջոցով ոռոգման ջուրը դարձնել մատչելի, աջակցել մթերման կայանների և կոոպերատիվների ձևավորմանը, ստեղծել էժան գյուղատնտեսական վարկերի հնարավորություններ։
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մեր նպատակներն են.
- Հասնել Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի և կայացած փաստի միջազգային ճանաչմանը:
- Հասնել Հադրութի, Շուշիի և նախկին ԼՂԻՄ տարածքի ամբողջական դեօկուպացիայի՝ խաղաղ բանակցային ճանապարհով:
- Հասնել տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության համար անհրաժեշտ միջավայրի և հարաբերությունների ձևավորմանը:
- Խորացնել հարաբերությունները գործընկեր պետությունների հետ տնտեսական և անվտանգային ուղղություններով:
Այս նպատակների համար անհրաժեշտ ենք համարում․
- Մինչև 2025թ․ պետք է որոշում կայացնենք Արցախի կարգավիճակի վերաբերյալ և դա ամրագրենք իրավականորեն,
- Հասնել այն փաստի արձանագրմանը, որ Ադրբեջանը խախտել է ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը:
- Տարածաշրջանով հետաքրքրված բոլոր պետությունների հետ համադրելի շահերի շրջանակներում փորձելու ենք վերականգնել բալանսը Հայաստանի շուրջ։
- Մեզ համար առաջնահերթ են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի, Վրաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների և աֆրիկյան պետությունների հետ հարաբերությունների խորացումը։
ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ
Մեր ռազմավարությունը պիտի լինի դիվանագիտական ճանապարհով հնարավորինս հեռացնել պատերազմի վտանգը, իսկ ռազմական խնդիր դնել «անընդունելի վնասի» քաղաքականությունը: Այսինք հակառակորդների համար տեսանելի պահել այն վտանգը, որ ագրեսիայի դեպքում մեր գործողությունների պատճառած վնասը տեսանելիորեն գերազանցելու է պատերազմում նույնիսկ հաղթական արդյունքի դեպքում ստացած օգուտներին:
Այս նպատակի իրականացման ճանապարհին մենք առաջնորդվելու ենք ժողովրդագրական և աշխարհագրական համընդգրկունության, ճկունության, նորարարականության և առավելագույնս ինքնաբավության սկզբունքներով: Այս սկզբունքներից ելնելով իրականացնելու ենք բարեփոխումներ, որոնց արդյունքում յուրաքանչյուր քաղաքացի և յուրաքանչյուր բնակավայր պատրաստ կլինի և կկարողանա մասնակցել երկրի պաշտպանությանը։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մենք գտնում ենք, որ ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով: Ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից։ Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսցող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին, ներդնելու ենք հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչափ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած խմբերի ներառումը։ Սահմանելու ենք բազային եկամուտի շեմ և հետևողականորեն ձգտելու ենք դրա ապահովմանը։ Ռազմական գործողությունների արդյունքում անօթևան դարձած անձանց բնակարանավորման նպատակով ներդնելու ենք նոր տեխնոլոգիաներով արագ շինարարության ծրագիր։ Միջազգային համագործակցության և պետության միջոցների գործադրման արդյունքում հասնելու ենք հաշմանդամություն ձեռք բերած զինվորականների և քաղաքացիական անձանց բնականոն կյանքի վերականգնմանը՝ անհրաշեշտ բուժսպասարկման, պրոթեզավորման և աջակցող միջոցների տրամադրման ճանապարհով։ Ֆինանսական հատկացումներ ենք անելու հաշմանդամություն ձեռք բերած զինվորականների զբաղվածության, կրթության, ժամանցի խնդիրներով զբաղվող հաստատությունների հիմնադրման և պահպանման նպատակով։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Մենք վարելու ենք կրթական քաղաքականություն, որով հասնելու ենք հետևյալ արդյունքներին.
Պետությունը երաշխավորում է բոլոր քաղաքացիների անվճար կրթությունը՝ միաժամանակ դնելով որակի նոր չափանիշներ։
Պետությունը երեխային երաշխավորում է որակյալ, ժամանակակից աշխարհի պահանջներին ու արդի չափանիշներին բավարարող կրթություն ստանալու իրավունք ու բարեկեցիկ կենսապայմաններ ստեղծելու համար բավարար հմտություններ ու անձնային հատկանիշներ զարգացնելու հնարավորություններ, ինքնադրսևորվելու և ստեղծագործելու համար բարենպաստ միջավայր, անվճար սնունդ 1-4-րդ դասարաններում (հետագայում անվճար սնունդով պետք է ապահովված լինեն բոլոր երեխաները), իր ունակություններին ու հետաքրքրություններին համապատասխան առարկայական, սպորտային ու մշակութային առանձին ուղղություններով զարգանալու համար արտադպրոցական անվճար խմբակներ հաճախելու իրավունք, կրթության համար պետությունից ստացվող ֆինանսավորում՝ անկախ դպրոցի պետական կամ մասնավոր կարգավիճակից։
Ծնողին երաշխավորում է կրթական հաստատության կառավարմանը մասնակցելու իրավունք և հնարավորություն, պետությունից իր երեխայի համար որակյալ կրթության և անձնային զարգացման համար առողջ միջավայրի ու հնարավորությունների ապահովում ակնկալելու իրավունք, երեխային մինչև ժամը 18:00 դպրոցում թողնելու իրավունք և հնարավորություն, իր երեխայի համար սեփական պատկերացումներին համապատասխան ուսումնական հաստատություն ընտրելու հնարավորություն և պետական ֆինանսավորում՝ անկախ դպրոցի կարգավիճակից, հատուկ կառույցների միջոցով կրթություն և աջակցություն ստանալու իրավունք։
Ուսուցչին երաշխավորում է սոցիալական երաշխիքներ և արժանապատիվ աշխատավարձ ստանալու իրավունք, 7 տարին մեկ ֆինանսավորվող ակադեմիական արձակուրդ, ստեղծագործական ազատություն՝ երեխաների անհատական կարիքներին համապատասխան մոտեցումների և մեթոդների ընտրության հարցում, դպրոցի կառավարմանը ուղղակիորեն մասնակցելու իրավունք, աշխատանքային հարմար մթնոլորտ, անհարժեշտ բոլոր պայմաններով։
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մենք գիտական համայնքի հետ ներառական քննարկումների արդյունքում նախատեսում ենք.
- Մշակել պետական պատվերի ձևակերպման, հասցեագրման, ֆինանսավորման, ստուգման և կիրառման արդյունավետ համակարգ։
- Գիտության ոլորտի ֆինանսավորումը երեք տարվա ընթացքում հասցնել ՀՆԱ 1%-ի ստորին սահմանաչափին
- Քաղաքական խնդիր է դրվելու առաջատար գիտական և կրթական հաստատությունների հետ համագործակցության լայն պայմանագրերի կնքումը, որի արդյունքում կիրականացվեն համատեղ հետազոտություններ, փորձի փոխանակումներ, կադրերի երկարաժամկետ փոխանակություններ։
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
Պետական ապահովագրության միջոցով մեկ տարվա ընթացքում քաղաքացիներին ապահովագրելու ենք քաղցկեղի բոլոր տեսակների առողջապահական ծախսերից, երեք տարվա ըթացքում սիրտ-անոթային հիվանդությունների ծախսերից, հինգ տարվա ընթացքում ծածկելու ենք մահացությունների պատճառ դարձող հիմնական մյուս հիվանդությունների ծախսերը։
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Բնությունը մեր կենսատարածքն է, որի որակը պետք է շարունակաբար բարելավվի։ Այն պետք է առողջ միջավայր հանդիսանա ինչպես մարդկանց, այնպես էլ ներդաշնակ գոյատևող այլ արարածների համար։
Մենք բացառելու ենք նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունների տրամադրումը, փուլ առ փուլ բարձրացնելու ենք բնօգտագործման վճարները։ Կոշտ և համարժեք քաղաքականություն ենք վարելու միջավայրի աղտոտման հարցում։ Վարելու ենք արտեզյան ավազանի վերականգնողական քաղաքականություն։
ԻՐԱՎՈՒՆՔ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Սահմանադրություն
Անհրաժեշտ ենք համարում նոր, լեգիտիմ, ժողովրդավարական և ճգնաժամերը հաղթահարելու պոտենցիալ ունեցող սահմանադրության ընդունումը։
Արդարադատություն
Վեթինգի միջոցով պետք է հասնել բարեվարքության, անկախության, պրոֆեսիոնալության և վստահության չափանիշներին համապատասխանող արդարադատության մարմինների ձևավորմանը։
Անցումային արդարադատություն
Ճշմարտության հանձնաժողովների, փոխհատուցման ինստիտուտի, վեթինգի և նոր կառուցակարգերի կիրառման միջոցով նախատեսում ենք փակել անցյալի հանցագործությունների էջը և հանրության բոլոր խմբերին տանել հաշտեցման ճանապարհով։
Ուղիղ ժողովրդավարություն
Դեմոկրատիայի նահանջը կանխելու և դրա առաջխաղացումն ապահովելու համատեքստում կարևորում ենք ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների կատարելագոծրումը, որոնք թույլ կտան առավել պարզ ընթացակարգերով ընդունել օրենքներ կամ հետ կանչել ԱԺ կողմից ընդունված օրենքները հանրաքվեի միջոցով, հետ կանչել համայնքի ղեկավարին կամ ավագանիներին։