• Գլխավոր
  • Ընտրություններ
    • ՏԻՄ ընտրություններ
    • Խորհրդարանական ընտրություններ
  • Կուսակցություն
    • Մեր մասին
    • Գործադիր մարմին
    • Վերահսկիչ հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Էթիկայի կանոնագիրք
    • «Համերաշխություն» հիմնադրամ
  • Ծրագիր
    • Կուսակցական ծրագիր
    • Նախընտրական ծրագիր 2021
  • Միանալ մեզ
  • Կապ
 ՔՈ
  • Կուսակցություն
    • Մեր մասին
    • Գործադիր մարմին
    • Վերահսկիչ հանձնաժողով
    • Կանոնադրություն
    • Էթիկայի կանոնագիրք
    • «Համերաշխություն» հիմնադրամ
  • Միանալ մեզ
  • Կապ
Նվիրատվություն
Կրթություն ↘
Տնտեսություն ↘
Գիտություն ↘
Արտաքին քաղաքականություն ↘
Սոցիալական քաղաքականություն ↘
Առողջապահություն ↘
Էներգետիկա ↘
Մշակույթ ↘
Ավիացիա ↘
Բնապահպանություն ↘
Տարածքային կառավարում ↘
Սահմանադրություն և ժողովրդավարություն ↘
Իրավունքի պաշտպանություն և արդարադատություն ↘
Երիտասարդական քաղաքականություն եւ աշխատանք ↘

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մենք կրթությունը դիտարկում ենք իրավունք, որի հնարավոր առավելագույն հա­սա­նե­լիու­թյունն ու որակի ապահովումը պետության հոգածության առարկան են։ Եթե մի քաղաքացի կարող է ավե­լի որակյալ կրթություն ստանալ, քան մյուսը, ապա վերջինիս իրավունքը կարելի է խախտված համարել։ Ընդ որում՝ քաղաքացու որևէ տարբերություն՝ լինի դա սոցիալ-տնտեսական վիճակը, սեռը, դավանանքը, թե այլ հանգամանք, չի կարող խոչընդոտ հանդիսանալ նրան որակյալ, հասանելի կամ անվճար կրթություն ստանալ։

 

Կրթության նպատակը անձի ինքնաճանաչողությանը, ունակությունների բացահայտմանը, ստացած տեղեկատվության և գիտելիքի վերլուծությանը, այլ ոլորտներին ինտեգրմանը նպաստելն է: Կրթական համակարգում անհրաժեշտ է բալանսավորել ինտելեկտուալ ոլորտում արդեն տարվող աշխատանքը՝ էմոցիոնալ, հոգևոր, ֆիզիկական ոլորտների զարգացման հետ:

 

Պետությունը պետք է երաշխավորի անվճար և բոլորի համար հասանելի նախադպրոցական, հան­րակրթական և նախնական արհեստագործական ու միջին մասնագիտական կրթություն։ Միա­ժա­մանակ միայնակ կամ մասնավորի հետ համագործակցելով, կրթաթոշակների, դրամաշնորհների և պե­տական բյուջեից այլ հատկացումների միջոցով պետք է ապահովի հասանելի բուհական և հետ­բու­հական կրթություն, ինչպես նաև շարունակական կրթություն ստանալու հնարավորություն՝ այդ թվում նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետության խնդիրն է չափավոր ներգործել տնտեսության վրա այնպես, որ ստեղծվի համընդ­հա­նուր բարեկեցության պետություն։ Այն ենթադրում է արդյունքի արդար բաշխում և հանրային պա­տաս­խանատվություն այն քաղաքացիների համար, որոնք իրենց համար արժանապատիվ կեն­սա­մակարդակ ապահովելու հնարավորություն չունեն։ Տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ այն հանգեցնի հանրային հարաբերությունների արդարության։

 

Կուսակցությունը սոցիալ դեմոկրատական գաղափարախոսության արժեքների կրող է, ինչը են­թադ­րում է, որ սոցիալական արդարությունը, մարդու բարեկեցությունն ու մարդու իրավունքները գե­րագույն արժեքներ են: Այս արժեքների իրագործման համար անհրաժեշտ նախապայմաններն են մաս­նակցային 22ը և սոցիալական-շուկայական տնտեսությունը, որին պետությունը միջամտում է` նպա­տակ ունենալով իր քաղաքականություններով կանխել շուկայի ձախողումները և/կամ շտկել դրանք:

 

Մեր քաղաքականությունները լինելու են շրջադարձային և երկրի ամբողջ տարածքում հաս­ցեագ­րելու են միջավայրային և ոլորտային մարտահրավերներ:

 

Հանրային կառավարման համակարգը, հանդիսանալով միջավայրը ձևավորող ամենաազդեցիկ գոր­ծոն, առանձնահատուկ ուշադրության է արժանի: Ուստի, մեր քաղաքականությունները այս ուղղու­թյամբ ծավալվելու են հանրային կառավարման համակարգի հետևյալ ուղղություններով`

  • հանրային կառավարման համակարգի բարեփոխումներ,
  • քաղաքականությունների ձևավորում, համակարգում և հաշվետվողականություն,
  • հանրային ծառայությունների մատուցում,
  • մարդկային ռեսուրսների կառավարում,
  • հանրային ֆինանսների կառավարում՝ ներառյալ պետական գնումներ:

Այս բոլոր ուղղություններով մասնակցային և ներառական սկզբունքներով ձևավորելու ենք փաս­տերի վրա հենված զարգացման քաղաքականություններ, որոնք հնարավորություն կտան պե­տու­թյան միջամտությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում դարձնել հնարավորինս հիմ­նա­վոր­ված և արդյունավետ: Արդյունքում ունենալու ենք հանրային ռեսուրսների ձևավորման և օպտիմալ տե­ղա­բաշխման, ինչպես նաև քաղաքացիներին որակյալ հանրային ծառայությունների մատուցման հա­մակարգեր: Այս գործընթացներում ապահովելու ենք նաև թափանցիկություն և հաշ­վետ­վո­ղա­կա­նու­թյուն:

 

Մեր այս քաղաքականություններով արմատապես փոխելու ենք տնտեսության մեջ առկա խաղի կա­նոնները` վերացնելով կորզող բոլոր հաստատությունները և գործիքները, որոնք մրցակցային ան­հա­վա­սար պայմաններ են ստեղծում:

 

Շուկան ապամենաշնորհելով և ստեղծելով խաղի հավասար կանոններ՝ հանրային և տնտե­սա­կան քաղաքականությունների միջամտությամբ զարգացնելու ենք տնտեսության երկրորդային և երրոր­դային սեգմենտները՝ երկարաժամկետում նպատակադրելով զարգացնել նաև չորրորդային` բարձր տեխնոլոգիաների սեգմենտը: Այս ուղղությամբ մեր հեռանկարն է տնտեսական քա­ղա­քա­կա­նու­թյուններով նպաստել արդյունաբերության և ծառայությունների մեջ երկրի մրցակցային առա­վե­լու­թյունների բացահայտմանը և մրցունակության բարձրացմանը, այդ մրցունակ ուղղությունները թի­րախավորելով՝ հասնել տնտեսության կառուցվածքի վերափոխման՝ հանքարդյունաբերական-ագ­րա­րայինից դեպի արդյունաբերական, ծառայությունների և բարձր տեխնոլոգիաների տնտեսության:

Այս ուղղությամբ մեր քաղականությունները իրականացնելիս չենք առաջնորդվելու միայն պա­հի առաջնահերթություններով և գնահատելու ու հաշվի ենք առնելու նաև այդ գործողություների ազ­դե­ցությունը հաջորդ սերունդների վրա: Այս գիտակցումով տնտեսությունը վերոգրյալ ուղ­ղու­թյուն­նե­րով զարգացնելուն զուգընթաց՝ հետ ենք մղելու մետաղական հանքարդյունաբերությունը, իսկ պե­տու­թյան զարգացման կարիքներից ելնելով՝ եզակի դեպքերում մետաղական հանքերի շա­հա­գոր­ծու­մը ամբողջովին կլինի պետության հսկողության և կառավարման ներքո: Սակայն նույնիսկ այս դեպ­քե­րում այն չի իրականացվի ի վնաս բնության և քաղաքացու կյանքի ու առողջ ապրելու իրավունքի: Այս հեռանկարի հիմքում նաև այն գիտակցումն է, որ ներկան ու ապագան երկրի ու քաղաքացու կյան­քը վտանգի տակ դնող տնտեսական քայլերը նպաստում են նաև արտագաղթին և սահ­մա­նա­փա­կում հայրենադարձությունը:

 

Գտնում ենք նաև, որ անարդար է հանքարդյունաբերությունը նույն դրույքաչափով հարկել, ինչ ար­դյու­նաբերության մյուս ենթաճյուղերը։ Ըստ էության, հանքարդյունաբերական ձեռ­նար­կու­թյուն­նե­րի կատարած աշխատանքը ոչ թե արդյունաբերական արտադրությունն է, այլ հանրությանը պատ­կա­նող ընդերքի հարստությունը արդյունահանելու ծառայությունը։ Համապատասխանաբար, այն պետք է հարկվի բացարձակապես այլ ռեժիմով՝ որպես հանրությանը մատուցվող ծառայություն։

 

Տնտեսության զարգացման խթան հանդիսացող տնտեսական և սոցիալական ենթա­կա­ռուց­վածք­ները լինելու են մեր ջանքերի կիզակետում: Ձգտելու ենք պատասխանատու և արդյունավետ հար­կաբյուջետային քաղաքականության միջոցով կրճատել պետական պարտքի բեռը, նվազեցնել ըն­թա­ցիկ ծախսերը և արդյունքում մեծացնել ֆիսկալ միջակայքը: Սա հնարավորություն կտա շեշ­տա­կի մեծացնել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներում պետության կողմից իրա­կա­նաց­վող կապիտալ ներդրումները: Սոցիալական ենթակառուցվածքների մասով պետությունն ունե­նա­լու է մեծ ներգրավվածություն` պարտադիր առողջության ապահովագրության համակարգի ներդրմամբ և դրա զարգացմանը անմիջական մասնակցություն ունենալու միջոցով: Սրա առնչու­թյամբ մեր տեսիլն է ներդնել առողջապահական, սոցիալական և կրթական համակարգեր, որ իրենց որա­կով չեն զիջի արևմտյան զարգացած երկրների նույնանուն համակարգերին:

Գյուղատնտեսության ոլորտի պետական քաղաքականության հիմքում պետք է ընկած լինի հան­րության պարենային անվտանգության հիմնահարցը՝ հաշվի առնելով նաև պատերազմի վերսկսման հավանականությունը։ Հայաստանում գյուղատնտեսությունը պետք է միտված լինի ստա­նալ բնական, էկոլոգիապես մաքուր արտադրանք՝ այն դարձնելով բրենդային քաղաքականություն։ Գյու­ղատնտեսական արտադրանքի ներմուծումը պետք է հասցնել նվազագույնի՝ այն փոխարինելով տե­ղում արտադրված որակյալ արտադրանքով։ Արտադրության ոլորտում նաև պետական աջակ­ցու­թյամբ պետք է աստիճանաբար կիրառել միջազգային լավագույն փորձառությունն ու նորագույն տեխ­նոլոգիաները, ոլորտում ծախսվող էներգիան փոխարինել արևային և վերականգնվող այլ էներ­գա­տեսակներով:

 

Ե՛վ տնտեսական, և՛ սոցիալական ենթակառուցվածքների գծով զարգացնելու ենք հա­մա­գոր­ծակ­ցություն մասնավոր հատվածի հետ և կառուցելու ենք համակարգեր, որոնք վերոգրյալ ուղ­ղու­թյուն­ներով զարկ կտան տնտեսության զարգացմանը, ինչն իր հերթին կբարձրացնի քա­ղա­քա­ցի­նե­րի կենսամակարդակը և բարեկեցությունը: Այս գործընթացում, հաշվի առնելով ռեսուրսների սահ­մա­նափակ լինելը, պետական ներդրումները կիրականացվեն՝ ըստ դրանց ֆինանսատնտեսական և սո­ցիալական առավելագույն հատույց ստեղծելու կարողության:

 

Տնտեսության զարգացման գործում մեր գերխնդիրն է լինելու հավասար մրցակցային պայ­ման­ներ ստեղծելով ապահովել կայուն և ներառական տնտեսական աճ, և այս գործընթացում հա­մապա­տաս­խան կարևորություն է ստանալու նաև գների կայունության խնդրի արդյունավետ իրագործումը և ֆի­նանսական համակարգի զագացումը:

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գիտության համակողմանի և խորքային զարգացումը պրոգրեսիվ տնտեսության, սոցիալ-տնտե­­սական վիճակի, մարդու և հասարակության պաշտպանվածության, պետության պաշտպա­նու­նա­­կու­թյան ապահովման կայուն երաշխիք է:

 

Պետական քաղաքականության և գիտության շահերը ոչ միշտ են մեկտեղվում, օրակարգերը՝ համընկ­­նում. գիտությունը ենթադրում է երկարատև և հեռակա ծրագիր, այն չի կարող լինել պետու­թյան հավերժ կցորդը և անկամ ծառան: Գիտական իրական նվաճումներ ունենալու համար պետու­թյու­նը պիտի վերանայի իր սահմանափակող դերը, խրախուսի գիտության ինքնուրույն և գործուն կա­ռավարումը, գիտությանը թույլ տա ունենալ իր տեսիլը: Գիտաշխատողը, որն ինքնին կապիտալ է, կախ­ման մեջ է հայտնվում տնօրինությունից, մինչդեռ նրա գոյությամբ է պայմանավորված ինստի­տու­տի գոյությունը: Գիտական ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում թերի են, անհստակ, ծա­ռայում են առանձին փոքրաթիվ խմբերի շահերին, երաշխավորում դրանց վերարտադրության հնա­րավորությունը և տրամադրում են մեծամասնությանը ճնշելու, շահագործելու հստակ մե­խա­նիզմ­ներ: Օրենքների վերանայումը օրակարգային է՝ գիտական հիմնարկներում որոշումների կայացումը բաց ու մասնակցային դարձնելու, գիտական աշխատանքը փակ կառավարման վնասներից ազա­տագրե­լու համար:

 

Գիտության և կրթության միջև կապը պահպանվում է մի խողովակով, որն ապահովում է ակա­դե­միա­կան ոլորտում մշակված արժեքային կաղապարների անցումը բարձրագույն ուսումնական միջա­վայր: Այս երկու բնագավառի միջև գործնական կապը խզված է, ինտեգրումը բացակայում է: Գի­տությունը պիտի մուտք գործի բարձրագույն կրթական համակարգ. վերջինիս գոյությունն առանց հետազոտական աշխատանքի մշակույթի՝ ինքնանպատակ է:

 

Բուհերը պետական և մասնավոր պատվերների միջոցով պետք է հանդիսանան գիտական կենտ­րոն­ներ և գիտության խթանիչներ: Միևնույն ժամանակ՝ գիտական ինստիտուտները պետք է նե­րառեն կրթական ծրագրեր:

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունները պետք է կառուցվեն՝ հիմքում ունե­նալով երկու հիմնական ելակետ՝ պետական շահ և միջազգային գործող իրավունք։ Հայաստանը պետք է հստակեցնի իր իրավունքների և պարտականությունների տիրույթը։ Հնարավոր բոլոր հար­ցե­րը պետք է դիտարկվեն և լուծվեն դրանց շրջանակներում։

 

Մենք Արցախի հարցը չենք դիտարկում որպես նախկին Ադրբեջանի Խորհրդային Հան­րա­պե­տու­թյան տարածքում տեղի ունեցող ներպետական հակամարտություն։ Գտնում ենք, որ Արցախի շուրջ հակամարտությունն իր հիմքում ունի 1991 թ․ԱՊՀ կառույցին Հայաստանի Հանրապետության առանց հատուկ կարծիքի միանալու և նախկին Խորհրդային Միության տարածքում պետությունների ճա­նաչման Եվրոպական խորհրդի 1991 թ-ին որդեգրված սկզբունքներից հետ կանգնելու անարդար որո­շումները, որոնք Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ լեգալ ուժ կիրառելու իրավունք են տվել։ Եվ, հետևաբար, արտաքին քաղաքականության մարտահրավեր ենք դիտարկում Ադրբեջանին այդ իրա­վունքից զրկելը։

 

Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է Արցախի Հանրապետության բնակչության կյան­քի, ինքնիշխան լինելու, անվտանգ ապրելու, միջազգային իրավունքով ճանաչված սեփական կար­գավիճակը որոշելու իրավունքների երաշխավորի դերը։ Հետևաբար, մեր կուսակցության քա­ղա­քա­կանությունն այս հարցում հիմնված է լինելու նաև Արցախի հանրության այս իրավունքների ազատ կենսագործման հնարավորությունների ապահովման վրա։

Մենք գտնում ենք, որ պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշ­նության միջև կնքված պայմանագրերը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշ­նության։ Սա առաջին հերթին վերաբերում է սահմանապահ զորքերի ծառայության ռեժիմին և կար­գավիճակին։ Նույնը կարելի է ասել ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության ռեժիմի և կար­գավիճակի մասին։

 

Որպես Հայաստանի առանձնահատկություն ենք դիտարկում այն հանգամանքը, որ Արցախյան պա­տերազմից հետո երկիրը դարձել է տարածաշրջանային անվտանգության արտահանող։ Մյուս առանձ­նահատկությունը երկրի աշխարհագրական դիրքն է, որը տարբեր հակասական շահեր ունե­ցող տարածաշրջանում մեծ քաղաքական կշիռ և քաղաքական հարցերում մանևրելու հնա­րա­վո­րու­թյուն է տալիս պետությանը։ Հաջորդ առաջանձնահատկությունը պատմականորեն ձևավորված մեծ Սփյուռքն է, որը պետական շահի առաջխաղացման գործում կարող է էական ազդեցություն ունենալ։

 

Որպես մարտահրավերներ ենք դիտարկում երկրի տնտեսական շահի արդյունավետ սպա­­սար­կու­մը, դիվանագիտական քրտնաջան աշխատանքի արդյունքում Հայաստանի և Արցախի քա­ղա­քա­ցի­ների սահմանադրորեն ամրագրված սահմաններում ֆիզիկական անվտանգության լավագույն պաշ­տպանությունը, արցախյան հարցի խաղաղ կարգավորումն ու տարածաշրջանում երկարատև խա­ղա­ղության հաստատումը։ Ելնում ենք նրանից, որ հարևաններին չենք կարող փոխել, և բա­րիդրա­ցիական հարաբերություններն այլընտրանք չունեն։ Այսպիսի քաղաքականությունը պետք է ելնի այն տրամաբանությունից, որ յուրաքանչյուր սերունդ մյուսներին պետք է փոխանցի ավելի ապա­հով ֆիզիկական տարածք։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է սոցիալական պետություն։ Այն պետք է հս­տա­կեց­նի քաղաքացիների նկատմամբ իր պատասխանատվության սահմանները։ Պետության սո­ցիա­լա­կան քաղաքականության նպատակը պետք է լինի բարեկեցության, մշակութային զար­գաց­ման ցանկացած մակարդակում գտնվող քաղաքացու համար ապահովել բարեկեցության, մշա­կութային զարգացման, սոցիալական ապահովության ավելի բարձր մակարդակ տեղափոխվելու բո­լոր պայմանները։

 

Պետության սոցիալական քաղաքականության վերջնական թիրախը համընդհանուր բարե­կե­ցու­թյան և հանրային համերաշխության պետության կայացումն է։ Սա ենթադրում է, որ երկրում չպետք է լինեն անոթի, կրթության ցածր ցենզ, անօթևան, սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով վատառողջ քա­ղաքացիներ։ Համերաշխության ու սոցիալական պատասխանատվության մակարդակի իդեալ կա­րող է համարվել վիճակը, երբ աշխատունակ ցանկացած քաղաքացի իր աշխատանքով բա­րե­կե­ցիկ ապրելու հնարավորություն ունի և այդ հնարավորությունից չօգտվելը պատիվ չի բերում իրեն, իսկ անաշխատունակները ապրում են արժանապատիվ ու ապահովված։

 

Ընդհանրապես, կենսագործունեության որևէ փուլում դժվարությունների հանդիպած քա­ղա­քա­ցի­ները պետք է զգան պետական հոգածությունը՝ իր հնարավորությունների ողջ ծավալով։ Գործ­նա­կա­նում դա կարող է դրսևորվել աշխատատեղերի ստեղծման արդյունավետ քաղաքականության վար­մամբ, աշխատունակ քաղաքացիների մասնագիտական վերապրոֆիլավորման հնա­րա­վո­րու­թյամբ, համընդհանուր բարեկեցությանն ուղղված ու աղքատության հաղթահարմանը միտված և ար­դյուն­քի արդար բաշխման պետության վարած քաղաքականությամբ և այլն։

Կանանց սոցիալական պաշտպանվածություն

Պետությունը ժամանակավոր կարգավորիչ գործիքներ կիրառելու միջոցով կարող է սեռերի իրա­վահավասարության հարցը լուծել՝ այն իրավական ու հռչակագրային մակարդակից բարձ­րաց­նե­լով գործնական ու մշակութային մակարդակ։

 

Կանայք կատարում են մեծ քանակությամբ չվարձատրվող աշխատանք: Մասնավորապես՝ չվար­ձատրվող աշխատանքը ներառում է երեխաների և տարեցների խնամքը, տնային տնտե­սու­թյու­նը, աշխատանքը խոհանոցում և այգում: Առաջարկում ենք չվարձատրվող աշխատանքը նույնպես նե­րառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի և ծե­րե­րի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ:

 

Գյուղաբնակ և բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց սոցիալական իրավունք­նե­րի իրացման նպատակով իր հողատարածքը մշակող և ինքնազբաղված համարվող կանանց գե­րակշռող մեծամասնությունը զրկվում է երեխայի խնամքի նպաստ, ապա հետագայում բարձր կեն­սա­թոշակ ստանալու իրավունքից: Այս կատեգորիայի կանանց համար հարկավոր է մշակել հարկ­ման օպտիմալ մեխանիզմներ, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռնվի՝ օգտվելու վերը նշված սո­ցիալական իրավունքներից:

 

Մինչև երեք տարեկան երեխա խնամող մայրերի 83%-ը, որոնք կարող են նշանակալիորեն ընդ­լայնել աշխատուժը ողջ տնտեսության մակարդակով, չեն վերադառնում աշխատանքի՝ պատ­ճա­ռա­բանելով երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակների բացակայությունը։

Անհրաժեշտ է կարճաժամկետ հատվածում Երևանի և Հայաստանի խոշոր համայնքերում ան­հա­պաղ նախաձեռնել և իրականցնել վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրա­գիր՝ նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով։

 

Կանանց սոցիալական պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն վերը նշված դրույթներով և հետագայում մեր կողմից մշակվող քաղաքականություններում ընդգրկվելու են այլ ծրագրեր։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Առողջապահական ցանկացած հայեցակարգի հիմքում պետք է լինի մարդասիրությունը, հան­րու­թյան առողջ և անաշխատունակ խմբերի միջև համերաշխությունն ու փոխօգնությունը: Կա­մայա­կան քաղաքացու որևէ տարբերություն մյուսից իր համար չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ օգտվել որակ­յալ, մատչելի կամ անվճար բժշկական ծառայություններից։

 

Ելնելով առողջապահության ներկա խնդիրներից՝ պետք է առանձնացնել մի քանի անկյու­նա­քա­րային, համակարգային լուծումներ։

 

Պետության խնդիրն է առողջապահության ոլորտի գործունեության հիմքում ընկած, շու­կայա­կան հարաբերություններին բնորոշ «նվազագույն ծախս-առավելագույն շահույթ» հայեցակարգը փո­խա­րինել «նվազագույն ծախս-առավելագույն առողջություն» հայեցակարգով։

 

Թեև առողջապահական գործունեությունը պահանջում է լիցենզավորում, սակայն լիցենզա­վոր­վում է առողջապահական հաստատության գույքը, բայց ոչ սպասարկող անձնակազմը։ Կադրերը առող­ջա­պահական համակարգում ամենաթույլ օղակն են։ Որակի ապահովման համար անհրաժեշտ է բժշկա­կան կադրերի լիցենզավորման անկախ և օբյեկտիվ համակարգի ներդրում:

 

Թե՛ ծախսերի կրճատման, և թե՛ որակյալ բուժսպասարկման հիմնասյունը ապացուցողական բժշկու­թյան հիման վրա ստեղծված ուղեցույցերն ու գործելակարգերն են: Բուժապահովման ոլոր­տում այս փաստաթղթերի մասսայական իմացությունն ու կիրառությունը հնարավոր է միայն որա­կա­վոր­ման քննությունների գոյության պայմաններում: Սրանց կիրառությունը կբերի հան­րա­պե­տու­թյու­նով մեկ ստանդարտիզացված աշխատանքի՝ բուժօգնության տարբեր փուլերում, ինչով կպակասի ան­պատեհ և ավելորդ հետազոտությունների, դեղորայքային բուժման ու միջամտությունների անց­կա­ցումը, ու խիստ կբարձրացվի կատարված ծախսերի և աշխատանքի արդյունավետությունը: Միև­նույն ժամանակ, ստանդարտիզացված մոտեցումները պակասեցնում են բժկական սխալի հա­վա­նա­կա­նությունը և ավելացնում բժշկի իրավական պաշտպանվածությունը:

Առողջապահական համակարգի կազմակերպման գործում պետք է ավելացվի պետության մաս­նակցությունը: Լաբորատոր հետազոտությունները ներկայումս ինքնարժեքից 2-3 անգամ թանկ են վաճառվում, սիրտանոթային վիրահատությունները՝ ինքնարժեքից կրկնակի թանկ։ Պետությունը նույն այդ ծառայություններն իր քաղաքացիներին կարող է ինքնարժեքով տրամադրել պետական բուժհաստատություններում: Սա ընդամենը գների վերահսկման և ծախսարդյունավետության բարձ­րաց­ման մեկ օրինակ է:

 

Ընդհանրապես, կանխարգելիչ բժշկության դրույթները պետք է կիրառել ոչ թե ընտրովի, այլ ամ­բող­ջության մեջ: Դա նշանակում է ոչ միայն պատվաստումների իրականացում, այլև սկրինին­գային ծրագրերի պատշաճ իրագործում, արդեն զարգացած հիվանդության բարդությունների կան­խար­գելում, և, վերջին հաշվով, ավելորդ հետազոտությունների և միջամտությունների բացառում:

 

Անհրաժեշտ է պարտադիր, համընդհանուր պետական ապահովագրական համակարգի ներդ­րում, որն իր վրա կվերցնի առողջապահական ծախսերի մեծ բաժինը՝ տեղ թողնելով նաև մասնավոր ապա­հովագրության համար: Ապահովագրության մեջ պետք է գործի սոցիալական արդարության և հա­մերաշխության սկզբունքը։

 

Առողջապահական բարեփոխումները պետք է արվեն փուլային կերպով և ոլորտ առ ոլորտ, որ­պես­զի վերակսկելի լինեն թե՛ կատարված ծախսերը, թ՛ե բուժսպասարկման որակը: Առանց որակի վե­րահսկման գործուն մեխանիզմների՝ ներկայիս առողջապահական համակարգ բաց թողնված ֆի­նան­սական հոսքերի զգալի մասը դատապարտված է փոշիացման:

ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մե­թոդական և այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բա­վարարման համար մատչելի գներով, որակյալ և հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայ­մաններում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ:

 

Մեր երկրում էներգետիկ անվտանգության խնդիրը հանգում է հետևյալ խնդիրների լուծմանը՝ էներ­գակիրներից մեծ կախվածություն, էներգաարդյունավետության մակարդակի բարձրացում, էներ­գիայի սպառման բնական աճի ընթացքում բավարար արտադրող և փոխանցող համակարգի ստեղ­ծում, էլեկտրամատակարարման բաշխիչ համակարգի վերազինում, վերականգնվող էներգե­տի­կայի զանգվածային կիրառում, վառելիքի շուկայի դիվերսիֆիկացում, մատակարարվող գազի որա­կի ստուգման պարզ ու թափանցիկ համակարգի ստեղծում, ոլորտի որակյալ մասնագետների ներգրա­վում և կրթություն։

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայ հասարակության քաղաքական կյանքում դրական մեծ ալիք առաջ բերեց թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը։ Այդ ալիքը պետք է տարածվի նաև մշակույթի վրա, ծնի և ծավալի խորքային փոփոխություններ։

 

Ըստ այդմ, ՔՈ ՍԴԿ-ն անհրաժեշտ է համարում լիովին վերանայել մշակույթի, մշակութային գործչի, մշակութային հաստատությունների դերը հասարակության և պետության մեջ` առաջ քաշելով արդարության, համերաշխության սկզբունքներն ու համապատասխան բովանդակությունը։ Արվեստի և մշակույթի դերակատարը լիարժեք պետք է ներգրավված լինի հասարակական գործերում և իր մասնագիտական կարողությունները ներդնի՝ վերլուծելու, հարցադրելու մեր կյանքն ու առօրյան, նախանշելու զարգացման հեռանկարները:

 

Ընդսմին, լայն առումով, մենք հակված ենք տեղային մշակույթը դիտարկել որպես համաշխարհային իրողությունների մաս և գործորդ։ Հայ մշակույթը պետք է բաց լինի աշխարհի առաջ և, միաժամանակ, այնքան արժեքավոր լինի, որ աշխարհն էլ վերցնելու բան ունենա հայաստանյան բազմամշակույթ միջավայրից։

 

Ելնելով հայաստանյան նոր քաղաքական իրողություններից և մեր կուսակցության հեռանկարից՝ առանձնացնում ենք հետևյալ առաջնահերթությունները և դրանցից բխող գործողությունների հաջորդականությունը:

 

Մշակութային քաղաքականության ռազմավարության վերանայում

 

Եթե գնահատելու լինենք անկախության շրջանում մշակույթի ոլորտի պետական քաղաքականությունը, ապա կարող ենք պնդել, որ այն միտված է եղել հիմնականում սպասարկելու դաշտի՝ սովետական շրջանից մնացած հեղինակություններին, իսկ քիչ ավելի ուշ՝ այդ հեղինակություններին իշխանության վերարտադրության անդուլ գործընթացի մեջ ներգրավելուն։ Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ պետությունը ձախողել է այս ոլորտը, եթե արդյունքները դիտարկենք համաշխարհային համատեքստում։ Ըստ այդմ, տրամաբանական է, որ մշակույթի նախարարությունն իր ուշադրությունը շրջի դեպի երիտասարդությունը և, ներդրումներ անելով, փորձի մի քանի տարուց այլ արդյունք ապահովել։

Ի՞նչ անել․

  1. Կինոյում, թատրոնում, դասական երաժշտության մեջ, ժամանակակից արվեստում (contemporary art), կերպարվեստում, գրականությունում և մյուս ոլորտներում ապահովել ուսանողների և բուհը նոր ավարտած մասնագետների մուտքը գործնական դաշտ, հոգ տանել, որ նրանք կայանան որպես արվեստագետ և զուգահեռաբար կայացնեն այդ ոլորտները։
    Սույնից բխում է
    ա. Մշակույթի նախարարության ակտիվ համագործակցություն կրթության և գիտության նախարարության հետ՝ նրա ենթակայության տակ գտնվող արվեստի բուհերի և դպրոցների զարգացման հայեցակարգ մշակելու համար։ Այս հարցում առանցքային նշանակություն ունի հայոց լեզվով պատշաճ ուսումնական ձեռնարկների պատրաստումը, մասնագիտական գրականության ապահովումը և, միաժամանակ, այդ բուհերի և դպրոցների ծրագրերի ինտեգրումը միջազգային կրթական ցանցերին։
    բ. Հրաժարում խոշոր մշակութային արտադրանք տալու պետության հավակնություններից և բյուջեի վերաբաշխում ի աջակցություն բուհն ավարտած անխտիր բոլոր երիտասարդ մասնագետների, որոնք կկարողանան նախագծի պատշաճ հայտ ներկայացնել և հիմնավորել իրենց մտքերը։
  2. Սա չի նշանակում, որ պետությունն իսպառ հրաժարվելու է կայացած արվեստագետներին կամ մեծ նախագծերին աջակցելուց, սակայն պետական քաղաքականության շեշտը փոխվելու է։
  3. Վերանայել մշակութային հիերարխիաները վերարտադրող պետական կարգավորումները և դրանց չափանիշները՝ կոչումներ, մեդալներ և այլն: Սրանք ավելի շատ եղել են իշխանություններին լոյալ արտիստների արտոնություններն ամրագրող գործիք, մինչդեռ պետք է լոկ լինեն այս կամ այն մշակութային գործչի նկատմամբ հասարակության երախտիքի արտահայտություն՝ թեկուզ հենց օրենքով նախատեսված թոշակային հավելման տեսքով։
  4. Վերանայել գաղափարաբանական առումով պետության միջամտությունն իր իսկ կողմից ֆինանսավորվող նախագծերին։ Պետության գործն է ոչ թե նախընտրելի թեմաներ առաջարկելը կամ դրանց իրականացման նախընտրելի ձևեր թելադրելը, այլ որակական պահանջներ սահմանելը և դրանց կատարմանը հասնելու հանր գտնելը։ Սակայն, միաժամանակ, պետությունը պիտի որոշակի մոտեցում սահմանի արվեստի դաշտից եկող առաջարկները հաստատելիս և (համա)ֆինանսավորելիս․ հարկ է շեշտը դնել աշխարհի հետ երկխոսելուն միտված նախագծերի վրա և ավելի ժուժկալ լինել տարիներ շարունակ խրախուսվող, բայց այդպես էլ լուրջ հաջողություններ չբերած նախագծերի դեպքում, որոնք «հայկական մշակույթը ներկայացնում են աշխարհին» իբրև էկզոտիկ, ավանդապաշտ, խորհրդավորության թաղանթով պատված։ Ներկայացնելու կարիք չկա, եթե կողմերը երկխոսողի հավասար դիրքում են և համակված են աշխարհի ընդհանուր խնդիրներով։ Այս հարցում օգտակար կարող է լինել՝
    ա. Հայաստանյան ոչ պետական մշակութային կազմակերպությունների փորձի ուսումնասիրությունը և ներառումը պետական քաղաքականության մեջ, արվեստի օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ կապերի սերտացումը և մշակումը նոր համատեղ նախագծերի, որոնք միտված կլինեն հավասարի դիրքից երկխոսության։
    բ. Թարգմանությունների խթանումը՝ որպես միջմշակութային երկխոսության հարթակ: Անհրաժեշտ է իրականացնել երկկողմանի մեծածավալ թարգմանական աշխատանք՝ առաջիկա տարիներին ոչ միայն թարգմանելով կարևորագույն մշակութային և գիտական արժեք ունեցող աշխատությունները, այլև հիմք դնելով թարգմանական դպրոցի, ինչը կապահովի ոլորտի շարունակական զարգացումը:
  5. Պետական հովանավորությամբ ծրագրերի շրջանակում ապահովել մշակույթի որոշակի բազմազանություն և ապակենտրոնացում․ հատուկ ուշադրություն դարձնել մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանը, խթանել տեղական արվեստի հիմնարկների ինքնավարության աստիճանի բարձրացումը, ապահովել հատկապես դպրոցական տարիքի երեխաների և հասարակական կյանքից դուրս թողնված թոշակառուների մասնակցությունը մշակութային կյանքին՝ մշակույթի արտադրությանը և սպառմանը։

Մշակույթի ոլորտի տնտեսության վերանայում

 

Մինչ օրս մշակույթի ոլորտում պետական ֆինանսավորումը ծանրակշիռ դեր է ունեցել և զգալի չափով պայմանավորել դրա բնույթը։ Որպես հակազդեցություն դրան, այժմ ունենք մշակույթի նախարարությունը լուծարելու՝ գնալով խտացող մտայնություն։ Սակայն թե՛ առաջին, թե՛ երկրորդ մոտեցումը ներկա պայմաններում շահեկան չեն։ Հարկ է փնտրել այլ լուծումներ՝ պետական, մասնավոր և հասարակական սեկտորների արդյունավետ համագործակցության տարբերակներ։

 

Ի՞նչ անել․

  1. Հայեցակարգ կազմել մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 75 պետական ոչ առևտրային կազմակերպությունների (թատրոններ, համերգային կազմակերպություններ, թանգարաններ, գրադարաններ, կրթական հաստատություններ և այլն) կարգավիճակի աստիճանական վերանայման վերաբերյալ։ Դիտարկել դրանք կիսով չափ մասնավոր դարձնելու հնարավորությունները՝ իհարկե չմոռանալով, որ հասարակությանը պիտի հասանելի լինի մշակութային կյանքը, և չի կարելի զուտ գումար տնտեսելու համար մարդկանց զրկել աշխատատեղերից և մշակութային բարիքներից օգտվելու հնարավորությունից։
    Այս մոտեցումը կնպաստի, որ պետական և մասնավոր հատվածները վերահսկեն միմյանց, ինչը կբերի որակի բարձրացման։ Նաև դիտարկելի է հիմնադրամների դերի բարձրացումը այս խնդիրների լուծման գործում։
  2. Վերանայել նկարիչների, կինեմատոգրաֆիստների, գրողների և այլ ստեղծագործական միությունների հետ պետության հարաբերությունները։ Դրանք ժամանակին ստեղծվել են ոլորտները վերահսկելու և կառավարելի դարձնելու համար, այսօր արդեն ժամանակավրեպ են և կարելի է աստիճանաբար վերանայել պետության կողմից դրանց տրամադրվող արտոնությունները և համագործակցության այլ ձևաչափեր որոնել։ Օրինակ՝ կարող են ձևավորվել ազատ ստեղծագործական միավորումներ կամ այլ տիպի ընկերություններ և պետության հետ հարաբերվելու նոր տարբերակներ մշակվեն։

Մշակութային ժառանգության պահպանում

 

Կարիք կա վերասահմանելու մշակութային ժառանգության չափանիշները, ինչպես նաև՝ մշակութային ժառանգության պահպանության մեջ ներգրավված հաստատությունների դերը և գործառույթը։ Հատկապես հրատապ է ճարտարապետական հուշարձանների պահպանության հարցը․

 

Ի՞նչ անել․

  1. Վերանայել խորհրդային շրջանի որոշ շինությունների ֆունկցիաները և սեփականատերերի հետ համատեղ (եթե դրանք մասնավոր են) շահութաբեր նախագծեր մշակել, որպեսզի մեր օրերի տնտեսական մտայնության ճնշման տակ այդ հուշարձանները չպիտակվեն որպես անպիտան, քանդման կամ աղավաղման ենթակա։
  2. Արգելել ավելի հին շրջանի հուշարձանները նոր տեխնոլոգիաների գործադրմամբ «վերանորոգելը», շինությունների պահպանման գործում որդեգրել գիտական վերականգնման մեթոդը։

ԱՎԻԱՑԻԱ

ՀՀ աշխարհաքաղաքական դիրքը հաշվի առնելով՝ սեփական ավիափոխադրողների գոյու­թյու­նը համարում ենք պարտադիր և իրատեսական:

 

Դրա համար գլխավոր նախապայմանը համապատասխան իրավական դաշտի ստեղծումն է: Իրա­վական դաշտը պետք է հայկական ավիափոխադրողներին հնարավորություն տա բոլոր մրցա­կից ընկերությունների հետ գտնվել հավասարազոր մրցակցային պայմաններում: Այս դրույթները ամ­րագրված են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) օրենքնե­րում:

 

Առաջարկվող հաջորդ քայլը միջազգային վճարային համակարգերին և ավիափոխադրողների ալյանսնե­րի միանալն է, ինչպես նաև առանձին ավիափոխադրողների հետ համագործակցության պայ­մանագրերի կնքումը՝ ինչպես ներխմբային, այդպես և ինտերլայն պայմանագրերով: Դրանք տե­ղա­կան փոխադրողների համար բազմիցս կավելացնեն շուկայի ծավալը տարբեր ընկերությունների հետ համատեղ կատարվող թռիչքների հաշվին: Ինչպես նաև կբերեն տարանցիկ փոխադրումների հնա­րավորության, որն էլ իր հերթին կբերի թռիչքների աշխարհագրության մեծացման և ոլորտի ընդ­լայման:

Հաջորդ ուղղությունը, որը գտնում ենք պարտադիր, քաղաքացիական ուղղաթիռների շա­հա­գոր­ծումն է, որոնք շատ շահութաբեր են և միջազգային շուկայում ունեն մեծ պահանջարկ՝ հատ­կա­պես հակահրդեհային գործունեության բնագավառում:

 

Հայաստանի Հանրապետությունում մոտ 20 տարի չեն կատարվել գյուղատնտեսական ավիա­ցիոն աշխատանքներ: Այդ բացը ևս կարելի է կազմակերպել առանց մեծ ծախսերի՝ ժամանակակից մե­թոդներով, որոնք գրեթե բացառում են օդանավերի օգտագործումը: Դրանք հիմնականւմ կա­տար­վում են ԱԹՍ-ով, որն այսօր բավականին արդիական եւ զարգացող ոլորտ է:

 

Այս ծրագրերը կարելի է իրականացնել ինչպես պետության մասնակցությամբ, այնպես էլ առանց դրա՝ մասնավոր ավիաընկերությունների ուժերով: Դրանք մեծ ներդրումներ չեն պահանջում, քան­զի օդանավերը ընդհանրապես չեն վաճառվում կանխիկ գումարով, այլ գնվում են լիզինգային ըն­կե­րությունների կողմից: Իսկ պետության մասնակցությունը կարող է կրել միայն մարտավարական ուղղությունների կարգավորման և մուտքերը գանձարան ավելացնելու նպատակով, քանի որ գրագետ կառավարման պայմաններում ավիացիան ոչ միայն անվտանգության գրավական է, այլ նաև շահութաբեր ոլորտ:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Բնության պահպանությունը, դրա մշտական բարելավումը մեր գերակա առաջնահերթությունն է, մեր բոլոր որոշումներում և դրանից բխող քաղաքականությունների մշակման ժամանակ մենք այն միշտ հաշվի ենք առնելու:

 

Մենք ընդունում ենք այն սկզբունքը, որ շրջակա միջավայրը, բնությունը և նրա մաս կազմող բո­լոր կենսաբանական օրգանիզմները, արարածները և տարրերը մեր մշտական հոգածության և պաշտ­պանության կարիքն ունեն: Բնության մեջ ոչ մի տեսակ գերակա չէ մյուս տեսակների հան­դեպ: Մարդը և մյուս բոլոր կենսաբանական օրգանիզմներն ու բնության տարերը պետք է ապրեն ներ­դաշ­նակության, փոխօգնության և հավասարաչափ փոխազդեցության սկզբունքներով:

 

Տնտեսական առումով Հայաստանի Հանրապետության բնական պաշարները՝ընդերքը, հողը, ջու­րը, օդը, բուսական,կենդանական և այլն, նրա ժողովրդի սեփականությունն են, ընդ որում՝ ո՛չ միայն ներկա ժամանակում հաստատված կարգերով հարաբերվող ՀՀ քաղաքացիների, այլև նրանց սե­րունդների, որոնք հնարավոր է՝ նոր մոտեցումներ որդեգրեն իրենց սեփականությունը տնօրինելու հար­ցում։ Բնությանը և բնական պաշարներին վերաբերող հարցերում անհրաժեշտ է ելնել այն հան­րա­ճա­նաչ կանխավարկածից, որ «շրջակա միջավայրը մենք ո՛չ թե նվեր ենք ստացել մեր ծնող­նե­րից, այլ պարտքով վերցրել ենք մեր զավակներից»։ Ուստի բնական պաշարների օգտահանման, բնօգ­տագործման հարցերում հարկավոր է առաջնորդվել գալիք սերունդներին պատկանող սե­փա­կա­նությունը չյուրացնելու, դրա օգտահանումից նրանց համար ապագայի լավ պայմաններ ստեղ­ծելու սկզբունքներով։

Բնական պաշարների օգտագործումը, ի տարբերություն այլ ոլորտների, իր ամբողջ ծավալով նստած է հանրային ունեցվածքի բազայի վրա, և անարդար կլինի, որ այն հավասար պայմաններով հարկ­վի՝ տնտեսական գործունեության այլ ձևերի հետ։ Բնական պաշարների օգտագործումից և ար­դյու­նահամնումից առաջացող հարստությունը բաշխվում է սոցիալական արդարության սկզբունքով և չի կարող ծառայել կլանային կամ ինչ-որ արտոնյալ փոքր խմբերին, կազմակերպություններին կամ կոր­պորոցիաներին՝ լինեն դրանք տեղական թե միջազգային:

 

Մենք դեմ ենք մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ հանքարդյունաբերական ար­դեն իսկ գործող համալիրի դեպքում առաջարկում ենք որդեգրել վերը նշված հարկային քա­ղա­քա­կա­նու­թյունը և հարկային արտոնություններ տալ հին տեխնոլոգիաներ նոր՝ առավել կանաչ տեխ­նո­լո­գիա­ներով փոխարինող ընկերություններին, իսկ հրաժարվելու դեպքում գանձված հարկային միջոց­նե­րը ծառայեցնել նաև այդ նպատակին։ Երկարաժամկետ կտրվածքով արդեն իսկ գործող մե­տա­ղա­կան հանքերը նույնպես պետք է փակվեն: Մենք մշակելու ենք քաղաքականություններ, որ ժա­մա­նակի ընթացքում չեզոքցնենք դրանց փակման բացասական տնտեսական ազդեցությունը տե­ղա­կան համայնքների և ընդհանուր տնտեսության վրա, որից հետո վերջնական փակվելու են բոլոր մե­տա­ղական հանքերը:

 

Բնությունը մեր կենսատարածքն է, որի որակը պետք է շարունակաբար բարելավվի։ Այն պետք է առողջ միջավայր հանդիսանա ինչպես մարդկանց, այնպես էլ ներդաշնակ գոյատևող այլ արա­րած­նե­րի համար։

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Տարածքային համաչափ զարգացումը մարդու և նրա միջավայրի փոխազդեցության ոլորտում է։ Ուստի պետությունը պետք է իր վրա վերցնի զարգացումը խթանող միջավայր ձևավորելու առա­քե­լու­թյունը։

 

Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ապակենտրոնացում. ընդ­լայնել տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ վերաբաշխելով պե­տա­կան և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, եւ ՏԻՄ-երի լիազո­րու­թյուն­նե­րը դարձնելով բացառիկ և հստակ:

 

Համայնքների ֆինանսական ապակենտրոնացում. սա ենթադրում է համայնքային բյուջե­նե­րի մուտքերի կայունության և բազմազանության ապահովում, համայնքների բյուջեներին պետական ֆի­նանսական օժանդակության համակարգի կատարելագործում և արդյունավետության բարձ­րա­ցում, համայնքային բյուջեների եկամուտների ձեւավորման եւ ծախսերի կատարման առավելագույն ան­կախություն գործադիր իշխանությունից, ՏԻՄ-երի ֆինանսական կարողությունների զարգացում:

 

ՏԻՄ-երի ու նրանց միավորումների հետ խորհրդակցական մեխանիզմի ապահովում. Անհ­րա­ժեշտ է մշակել եւ ներդնել քաղաքականության մշակման եւ որոշումների կայացման գործըն­թաց­նե­րում տեղական ինքնակառավարման հետ ուղղակիորեն առնչվող հարցերով տեղական ինքնա­կա­ռա­վարման մարմինների ու նրանց միավորումների հետ խորհրդակցելու իրավունքի իրականաց­մանն ուղղված ֆորմալ մեխանիզմներ:

 

Համայնքների վարչական սահմանների փոփոխության, համապետական ծրագրերի և խո­շոր տնտեսական ծրագրերի դեպքում համայնքների լսված լինելու իրավունք. անհրաժեշտ է մշա­կել եւ ընդունել համապատասխան օրենսդրական իրավակարգավորումներ, որոնք կսահմանեն հա­մայնք­ների լսված լինելու իրականացման եղանակները, մեխանիզմները, ընթացակարգը, ինչպես նաեւ այդ կապակցությամբ համապատասխան մարմինների պարտականությունները:

Տարածքային կառավարման հայեցակարգի վերանայում. տեղական ինքնակառավարման մար­մինների և տարածքային կառավարման մարմինների` մարզպետարանների փոխ­հա­րա­բե­րու­թյուն­ները շարունակում են մնալ ոչ լիարժեք կարգավորված եւ չհստակեցված: Պետք է ար­մա­տա­պես վերանայել տարածքային կառավարման համակարգը եւ օրենսդրորեն կարգավորել տա­րած­քային կառավարման հարաբերությունները:

 

Կիրառելով միասնական համակարգչային համակարգեր՝ ընդլայնել գերատեսչությունների կող­մից քաղաքացիներին մատուցվող բոլոր ծառայությունները, որպեսզի հասանելի լինեն բոլոր հա­մայնք­ներում։ Այսպիսով՝ մենք նախատեսում ենք տարածքային կառավարման միավորների կամ տա­րա­ծաշրջանների համար կիրառել տարբերակված հարկային քաղաքականություն, գոր­ծազրկու­թյան բարձր ցուցանիշ ունեցող տարածքներում տնտեսությունը վերակողմնորոշել դեպի աշխա­տա­տար արդյունաբերություն: Միաժամանակ հիմնել պրոֆիլային կրթական հաստատություն­ներ, որոնք միտ­ված են լինելու հետզհետե առավել գիտատար դարձնելու արդյունաբերական տվյալ ճյուղեր:

 

Դիտարկել ՓՄՁ հարկերը համայնքներին աստիճանաբար թողնելու հնարա­վորու­թյու­նը՝ սկսելով առավել խոցելի համայնքներից։ Խթանել համայնք-ՓՄՁ կապերը, սոցիալական ձեռ­նար­կա­տիրությունը եւ իրականացնել քաղաքների մասնագիտացման եւ համաչափ զարգացման ծրագրեր:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Կուսակցությունն առաջնորդվելու է սահմանադրականության սկզբունքներով: Մենք գտնում ենք, որ մեր երկրում սահմանադրական կարգը լիարժեք հաստատված չէ, ներկա Սահ­մա­նադ­րու­թյու­­նը դելեգիտիմ է, եւ նախորդ հանրաքվեի արդյունքները կեղծված են: Մեր նպատակն է երկրում վերջ­նականապես հաստատել սահմանադրական կարգ եւ ընդունել նոր Սահմանադրություն, որի կլի­նի լեգիտիմ, իսկ դրա մշակման գործընթացը՝ իրապես մասնակցային:

Ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ

Քվազիժողովրդավարական համակարգից իրական ժողովրդավարական համակարգի անց­ման կարևորգույն նախապայմաներից մեկը ուղիղ ժողովրդավարության այնպիսի մեխանիզմների զար­գացումն է, ինչպիսիք են տեղական և հանրապետական հանրաքվեների իրականացման հնա­րա­վորությունների և երաշխիքների ապահովմանը ուղղված օրենսդրական բարեփոխումների իրա­կա­նացումը, ընտրովի պաշտոնյաների հետկանչի մեխանիզմների իրականացման հնա­րա­վո­րու­թյուն­ների և երաշխիքների ապահովմանը ուղղված օրենսդրական բարեփոխումների իրա­կա­նա­ցու­մը եւ ԱԺ-ին, կառավարությանը, եւ տեղական ինքնակառավարական մարմին­նե­րին անվստա­հու­թյուն հայտնելու և արձակելու ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդր­մա­նը ուղղված բա­րե­փոխումների իրականացումը:

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների ու քաղաքացու ազատությունների ապահովումն ու պաշտպանությունը պե­տության հոգածության առաջին խնդիրն է։ Հայաստանում պետք է լավագույնս պաշտպանված լի­նեն երկրի յուրաքանչյուր բնակչի բոլոր իրավունքները՝ անկախ նրա սեռից, դավանանքից, տա­րի­քից, սոցիալական վիճակից և այլ տարբերություններից։

 

Մարդու իրավունքների պաշտպանություն

 

Պետությունը մարդուն պետք է դիտարկի որպես հիմնարար արժեք: Մարդու իրավունքների պաշտ­պանությունը պետք է ներառի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով և Մար­դու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոն­վեն­ցիայով սահմանված բոլորը իրավունքներն ու հիմնարար ազատությունները, մեծացնի մարդու իրա­վունքների պաշտպանության իրացման հնարավորությունները` արհեստակցական կազ­մա­կեր­պու­թյուններ, վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ, ՄԻՊ, դատարաններ և այլն:

Արդարադատություն

 

Դատական համակարգը և յուրաքանչյուր դատավոր պետք է լինի անկախ և զերծ որևէ քա­ղա­քա­կան միջամտությունից։ Դատական համակարգի բնականոն զարգացման համար ան­կյու­նա­քա­րային են հետևյալ հարցերը.

 

ա) 1991թ.-ից 2018թ.-ի ընթացքում համակարգված ապօրինությունների մեջ դեր կատարած դա­տավորները պետք է հեռանան դատական համակարգից` անցումային արդարադատության շրջա­նակներում կիրառվելիք վեթթինգի մեխանիզմի իրականացման միջոցով,

 

բ) նոր դատավորների նշանակման հարցում պետք է ազդեցիկ դառնա մասնագիտական կա­ռույց­ների կարծիքը։ Նման կառույցներն են փաստաբանական պալատը, համալսարանները, իրա­վա­բանների մասնագիտական և իրավապաշտպան կազմակերպությունները։ Բարձրագույն դա­տա­կան ատյանի դատավորների նշանակման հարցում պետք է դիտարկել նրանց անմիջականորեն ՀՀ քա­ղաքացիների կողմից ընտրելու հնարավորությունը: Պետք է բացառվի անփորձ անձանց նշա­նա­կու­մը դատավորի պաշտոնում,

 

գ) անհրաժեշտ է ավելացնել դատավորի անկախության ինչպես սոցիալական, այնպես էլ իրա­վա­կան երաշխիքները։ Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցել բացա­ռու­թյամբ դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքերով:

Անցումային արդարադատություն

 

1991թ.-ից 2018թ.-ի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների հիմնարար խախ­­տում­նե­րը (օրինակ`կոռուպցիայի, համապետական ընտրություներ, մարտի 1-ի, պետական կարիքների հա­մար գույքի օտարման, ապրիլյան քառօրյայի զոհեր և այլն) վերացնելու, զոհերի խախտված իրա­վունք­ների վերականգնելու` ներառյալ արդարացի փոխատուցման իրավունքը, մեղավորների նկատ­մամբ արդարացի պատժի միջոցներ կիրառելու, պետական ծառայության համակարգը օրի­նա­խախտ, ոչ պրոֆեսիոնալ և ոչ բարեխիղճ պետական ծառայողներից մաքրելու, ինստիտուցիոնալ հա­մակարգային բարեփոխումներ իրականացնելու, հասարակական համերաշխություն ապահովելու և ապագայում մարդու իրավունքների հիմնարար խախտումները չկրկնելու համար նոր գումարման Ազ­գային Ժողովի ձևավորումից հետո երկրում անհրաժեշտ է իրականացնել անցումային ար­­դա­րա­դա­տություն:

 

Կոռուպցիայի դեմ պայքար

 

Կոռուպցիայից զերծ Հայաստանի ստեղծումը հանդիսանալու է պետության կարևորագույն ուղե­­նիշներից մեկը: Կոռուպցիայի դեմ պայքարը ուղղված է լինելու հասարակության մեջ կո­ռուպ­ցիայի՝ որպես անվտանգության սպառնալիքի և հասարակության անհանդուրժողականության ըն­կալ­ման արմատավորմանը, կոռուպցիայի նկատմամբ քամահրանքի ու ատելության միջավայրի ստեղծ­մանը: Պետությունը խրախուսելու է հասարակության և հանրային ծառայողների շրջանում ազ­նիվ կառավարման պահանջարկի ձևավորմանը և հակակոռուպցիոն կառուցակարգերի կյանքի կոչմանը:

 

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ենթադրում է անցում ապակենտրոնացված համա­կար­գից կենտրոնացված համակարգի` կոռուպցիայի դեմ պայքարի անկախ բազմաֆունկցիոնալ (ու­նի­վեր­սալ) մասնագիտական մարմնի ստեղծմամբ, որն իր գործունեությունը կիրականացնի հակա­կո­ռուպ­ցիոն կրթության, կոռուպցիայի կանխարգելման և պատժի անխուսափելիության (իրավապահ գոր­ծու­նեություն և նախաքննություն) հենասյուների հիման վրա:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՇԽԱՏԱՆՔ

1. Երիտասարդական քաղաքականության ոլորտում.

 

Թափանցիկ, հասկանալի, հասանելի եւ արդյունավետ երիտասարդական քաղաքականության մշակում եւ գործարկում, որը նախագծված է երիտասարդների համար, երիտասարդների կողմից եւ հաշվի առնելով երիտասարդների պատկերացումները իրենց եւ երկրի ապագայի մասին՝ հիմվելով երիտասարդահեն զարգացման եւ ուղիղ ժողովրդավարության սկզբունքների վրա:

 

Երիտասարդական քաղաքականությունը.

  • Պետք է կառուցվի լինի երիտասարդների կարիքների ուսումնասիրման, խորքային վերլուծության եւ փաստարկված հենքի վրա մշակված լուծումների վրա: Այն պետք է հոգա երիտասարադների կարիքները եւ առավելագույն պայմաններ ապահովի նրանց ներուժի կիրառման եւ ինքնաիրականացման համար:
  • Պետք է հիմնված լինի սոցիալական արդարության եւ ներառականության սկզբունքների հիման վրա: Քաղաքականությունները եւ ծրագրերը պետք է լինեն առավելագույնս ներառական եւ հասնեն առավել խոցելի սոցիալական խմբերին:
  • Պետք է իրականացնի տաղանդների կառավարման արդյունավետ ծրագրեր: Մեծ ստեղծագործական, մտավոր եւ գիտական ներուժ ունեցող երիտասադները պետք է ստանան լիարժեք պետական աջակցություն իրենց ինքնաիրականացման ապահովման համար:
  • Պետք է մոտիվացնի երիտասարդին ներգրավվելու քաղաքական և քաղաքացիական գործընթացներին, բարձրացնի տեղեկացվածության մակարդակը երկրում առկա խնդիրների ու դրանցով զբաղվող նախաձեռնությունների մասին, նպաստի իրավագիտակցության բարձրացմանը:
  • Պետք է նպաստի երիտասարդների ազգային եւ միջազգային շարժին և շարժունակությանըերիատասարդներին պետք է տրվեն շփվելու, փորձի փոխանակման եւ համագործակցության հնարավորություններ Հայաստանում եւ արտերկրում իրականացվող ծրագրերին մասնակցության, նման ծրագրերի նախաձեռնման եւ իրականացման միջոցով:
  • Երիատասարդների համար պետք է ապահովի արժանավայել վարձատրվող եւ ինքնազարգացմանն ու ինքնաիրականացմանը նպաստող աշխատանք ստանալու կամ ստեղծելու հնարավորություն: Երիտասարդների համար պետք է մշակվեն եւ գործարկվեն մասնագիտական կողմնորոշման արդունավետ համակարգեր, ինչպես նաեւ առաջին աշխատանքային փորձի հնարավորություններ ապահովող ծրագրեր:
  • Երիտասարդների համար պետք է ապահովի մասնագիտացման եւ վերամասնագիտացման ապահովման մեխանիզմներ, ի դեմս ցկյանս ուսուցման (life long learning) եւ համընդգրկում ուսուցման (life-wide learning) եւ այլ համակարգերի:
  • Պետք է ուղղված լինի Հայաստանի բոլոր համայնքների եւ երիտասարդական խմբերի համաչափ եւ ներդաշնակ զարգացմանը. պետք է վերացվեն մայրաքաղաքի եւ մարզերի, կենտրոնական բնակավայրերի եւ ծայրամասերի, քաղաքի եւ գյուղի հնարավորությունների եւ ենթակառուցվածքների միջեւ առկա ծայրահեղ տարբերությունները:
  • Պետք է լինի մասնակցային. երիտասարդները պետք է պատրաստվեն եւ հնարավորություներ ստանան մասնակցելու իրենց հետ կապված բոլոր որոշումների կայացման գործընթացներին: Հատուկ պետք է խրախուսվեն երիատասարդական տարբեր տիպի խորհուրդները, ուսանողական եւ դպրոցական ինքանակառավարման մարմինները եւ ապահովվի դրանց ապաքաղաքական, արդյունավետ եւ թափանցիկ աշխատանքը, ինչպես նաեւ խթանվեն ժամանակակից, նորարական եւ երիտասրդների առավել մոտիվացնող նոր մասնակցության հնարավորություններ եւ ձեւաչափեր:
  • Պետք է լինի թափանցիկ եւ վերահսկվող: Բոլոր պետական քաղաքականությունները եւ ծրագրերը պետք է գործեն առավելագույնս թափանցիկ եւ մասնակցային կառավարման սկզբունքների համաձայն: Պետք է մշակվեն եւ գործարկվեն միջոցների ծախսման վերահսկման եւ ծրագրերի արդյունավետության գնահատման հստակ համակարգեր:

 

2. Երիտասարդական ծրագրեր եւ այլ աշխատանք երիտասարդների հետ

 

Պետական երիտասարդական ծրագրերը եւ միջգերատեսչական համագործակցության մեխանիզմներն ու ենթակառուցվածքները պետք է ապահովեն երիտասարդների համակողմանի եւ ներդաշնակ զարգացման բազմաբնույթ ծրագրեր, որոնք կնպաստեն նրանց ներուժի իրագործմանը, բարեկեցությանը եւ երջանիկ ապագայի ապահովմանը:

 

Երիտասարդական ծրագրերն ու աշխատանքը.

  • Պետք է օգնեն երիտասարդներին ներդաշնակ կերպով զարգացնելու իրենց հոգեւոր, ինտելեկտւալ, էմոցիոնալ եւ ֆիզիկական դաշտերը եւ կառուցել աշխարհընկալման արդյունավետ մոդել, որը թույլ կտա ճշգրիտ կերպով կողմնորշվել, որոշել առաջնայնություններ, ինչպես նաեւ դնել եւ հասնել իրենց նպատակներին:
  • Պետք է նպաստեն երիտասարդների տնտեսական հզորացմանը եւ ֆինանսատնտեսական անկախությանը: Երիտասարդների համար առանձնահատուկ կարեւորության խնդիր է ճիշտ մասնագիտական կողմնորոշումը եւ տնտեսական ոլորտում ակտիվ մասնակցության հնարավորությունների դաշտի առկայությունը: Երիտասարդները այստեղ ունեն լրջագույն ներուժ, որի իրացման պարագայում ոչ միայն կապահովեն իրենց անձնական բարեկեցությունը, այլեւ՝ կնպաստեն երկրի թռիչքային զարգացմանը:
  • Պետք է Հայաստանի բոլոր մասերում ապահովվեն երիատասարդների որակյալ ժամանցի հնարավորություններ: Այստեղ պետք է եւս լրջագույն ուշադրություն դարձվի երկրի անհամաչափ զարգացմանը այս տեսանկյունից եւ հատուկ ծրագրերով ապահովվի մարզերի եւ հատկապես գյուղական շրջանների ենթկառուցվածքների եւ ծրագրերի հզորացումը:
  • Պետք է նախագծվեն եւ գործարկվեն նորարարական մեխանիզմներով եւ հաշվի առնելով աշխարհի տարբեր երկրների առաջատար փորձը: Ծրագրերը պետք է հաշվի առնեն ներկայումս Հայաստանում եւ գլոբալ մակարդակում ընթացող տրանսֆորմացիոն գործընթացներն ու դրանց միտումները եւ չհիմնվեն նախկինում իրենց անարդյունավետությունը բազմիցս ապացուցած ռեակտիվ, պրոբլեմ լուծելու վրա հիմնված մոտեցումների վրա:
  • Պետք է ամեն կերպ խթանվեն միջսերնդային համերաշխությունն ու փոխհամագործակցությունը: Նախկին իրողությունների վրա հիմնված մեծահասակների գիտելիքի եւ փորձի մոնոպոլ տիրապետման մոդելը պետք է փոխարինվի գիտելիքների եւ փորձի միջսերնդային փոխանակման պրակտիկաներով: Եվ պետք է մշակվեն եւ իրականացվեն համատեղ զարգացման օրակարգեր եւ ծրագրեր, որտեղ ներգրավված են առնվազն երեք սերունդների ներկայացուցիչներ:
  • Պետք է իրականացվեն հիմնվելով որակի հստակ չափանիշների վրա եւ ըստ այդմ պետք է մշակվեն եւ գործարկվեն երիտասարդների հետ աշխատանքի արհեստավարժ եւ որակյալ մասնագետների պատրաստման մեխանիզմներ:
  • Պետք է հիմնված լինեն ռազմավարկան պլանավորման հստակ գործընթացների վրա: Պետք է զարկ տրվի տարբեր բնույթի երիտասարդական ոլորտի ռազմավարական մշակումների հարթակների ձեւավորմանը, որոնք կմշակեն զարգացման հստակ սցենարներ, մոդելներ եւ չափորոշիչներ:
  • Պետք է հաշվի առնեն եւ առանձնահատուկ կարեւորություն տան ինֆորմացիոն հասարակարգի իրողություններին: Նախկին ինդուստրիալ համակարգի մնացուկային մոտեցումները եւ ծրագրային դրույթները պետք է ենթարկվեն ռադիկալ վերանայումների եւ թարմացումների եւ հարմարեցվեն ապագայի մարտահրավերների լուծմանը:
  • Պետք է միտված լինեն երիտասարդների հոգևոր ու մշակութային զարգազմանը, նպաստեն երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խթանմանը, ներառյալ՝ վնասակար սովորույթների մասին իրազեկումը:
  • Պետք է դիտարկեն երիատասարդական խնդիրները համայն հայության տեսանկյունից: Երիտասարդական ծրագրերում հատուկ ուշադրություն պետք է դարձվի սփյուռքահայ երիտասարդների հետ համագործակցային մեխանիզմների ձեւավորմանը, ինչպես նաեւ Սփյուռքի բոլոր սերունդների ներկայացուցիչների մասնագիտական եւ փորձագիտական ներուժի կիրառմանը Հայաստանում եւ Հայաստանից դուրս երիտասարդական ծրագրերի կազմակերպման գործընթացներում:
Բարձրանալ վերև
Հեռ.՝ +37491 373 714
Էլ. փոստ՝ [email protected].am 
  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Խորհրդարանական ընտրություններ
  • Կանոնադրություն
  • Էթիկայի կանոնագիրք
  • Կապ
  • Միանալ մեզ
  • «Համերաշխություն» հիմնադրամ
Հետևեք մեզ
ՔՈ ՍԴԿ © 2022. Բոլոր իրավունքները պաշտպանված են: